06
11, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բրյուսել

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Հանս-Գերթ Պոթթերինգի հետ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններում առկա միտումներին:

Կողմերը շեշտել են, որ տարածաշրջանային վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ հաստատել են, որ առկա հիմնախնդիրների լուծման միակ ճանապարհը բացառապես խաղաղ բանակցային տարբերակով առաջնորդվելն է եւ ընդգծել են ռազմական գործողությունների անթույլատրելիությունը:

Հանդիպման ժամանակ կարեւորվել են Հայաստանի ձեռքբերումները եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում: Սերժ Սարգսյանը եւ Հանս-Գերթ Պոթթերինգն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

ՀՀ նախագահը հիշատակել է դեռեւս 1988թ. Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որով այս կառույցն իր աջակացությունն էր հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Կողմերն արձանագրել են հարցի` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:


Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային ճաշ է ունեցել նաեւ Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ:
Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային, Հայաստանի տնտեսական եւ քաղաքական զարգացումներին, Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին ուղղված հարցերի լայն շրջանակ: Բենիտա Ֆեռերո-Վալդները հանգամանորեն կանգ է առել Եվրամիության նոր` արեւելյան հարեւանության նախաձեռնության վրա եւ ներկայացրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու Եվրամիության հետագա ծրագրերը:

Կողմերը հույս են հայտնել, որ Եվրամիության խորհրդատուների խմբի աշխատանքը Հայաստանում նոր լիցք կհաղորդի Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին: /Նոյեմբերի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդներն ստորագրել են համաձայնագիր` Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար բարձր մակարդակի խորհրդատուների խումբ ուղարկելու մասին/:


Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Բելգիայի վարչապետ Իվ Լետերմի հետ:

ՀՀ նախագահը նշել է, որ Բելգիան Եվրամիության շրջանակում Հայաստանի ամենակարեւոր առեւտրային գործընկերներից մեկն է: Հայաստանի նման փոքր երկրի համար 250 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող առեւտրաշրջանային ծավալը էական է, եւ այստեղ զգալի բաժին է ընկնում ադամանդագործությանը: ՀՀ նախագահը եւ Բելգիայի վարչապետը պայմանավորվել են, պահպանելով այդ ուղղությունը, երկկողմ գործակցությանն ընդլայնել նաեւ այլ ոլորտներում:

Ըստ ՀՀ նախագահի, Հայաստանը ցանկություն ունի մերձենալու Եվրամիությանը, եւ այս առումով չափազանց կարեւոր են նաեւ երկկողմ հարաբերությունները եվրոպական երկրների հետ:

Բելգիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել` աջակցելու հայաստանյան բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին: Ս. Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ:

ՀՀ նախագահը Բելգիայի վարչապետին հրավիրել է այցելել Հայաստան, ինչը շնորհակալությամբ ընդունվել է:

Իվ Լետերմին հայ-բելգիական հարաբերությունների խորացման գործում կարեւորել է բելգիահայ համայնիքի դերը:

Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը եղել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ:

Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։

Հանդիպմանը հաջորդած բրիֆինգում Եվրահանձնաժողովի նախագահն ասել է. «Շատ հետաքրքիր հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ես շնորհավորեցի նախագահ Սարգսյանին՝ տնտեսական ոլորտում բարեփոխումների իրականացման գործում նրա հանձնարարությունների համար։ Մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ աջակցելու Հայաստանին թե՛ քաղաքականապես, թե՛ ֆինանսապես՝ գործողությունների համատեղ ծրագրի իրականացման համար»։ Նա նաեւ գոհունակությամբ նշել է, որ Եվրամիությունն առաջիկայում խորհրդատավական խումբ կուղարկի Հայաստան՝ բարեփոխումներին աջակցելու նպատակով, եւ, հույս է հայտնել, որ այն իրական եւ դրական ազդեցություն կունենա բարեփոխումների գործընթացի վրա։

Ժոզե Մանուել Բառոզուի խոսքով, Եվրամիությունը ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ամրապնդել խաղաղությունն ու բարգավաճումը։ «Սա կարեւոր տարածաշրջան է Եվարամիության համար, եւ մենք ջանք չենք խնայելու համատեղելու մեր խոսքն ու գործը»,-ընդգծել է նա՝ ավելացնելով, որ գոհ է Կովկասում խաղաղության հաստատմանը միտված Թուրքիայի նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի դրական արձագանքից։ Ըստ նրա, Երեւանի եւ Անկարայի միջեւ ընթացող երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում անվտանգության առումով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը ցանկանում է մերձենալ Եվրոպային, եւ այս ճանապարհին ակնկալում է գործընկերների եւ, անշուշտ, նաեւ Եվրահանձնաժողովի աջակցությունը։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր եվրոպական գործընկերները մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեն առեւտրի համար, ցանկանում ենք, որպեսզի մեր գործընկերները տեսնեն մեր տնտեսական զարգացումը, մեզ շնորհեն շուկայական տնտեսություն ունեցող պետության կարգավիճակ, ցանկանում ենք, որ Հայաստանի եւ Եվրամիության երկրների քաղաքացիները կարողանան ավելի հեշտությամբ շփվել, ցանկանում ենք Հանձնաժողովի հետ ունենալ ենթահանձնաժողով, ինչը հնարավորություն կտա առկա խնդիրները լուծել»,-շեշտել է Ս. Սարգսյանը։

Հանդիպմանը խոսվել է նաեւ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային ուղիների զարգացման մասին:

← Վերադառնալ