05
11, 2008

Նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն եւ եվրոպական կառույցներ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Հայաստանի նախագահը նոյեմբերի 5-ի առավոտյան հանդիպել է Բելգիայի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահներ Արմանե դե Դեկերի եւ Հերման վան Ռոմպոյի հետ:

Կողմերը բարձր են գնահատել հայ-բելգիական երկկողմ հարաբերությունները` կարեւորելով հայ համայնքի դերը այդ կապերի ամրապնդման գործում:

ՀՀ նախագահը գոհունակություն է հայտնել Բելգիայի հետ ինչպես երկկողմ քաղաքական ու տնտեսական, այնպես էլ բազմակողմ եւ միջազգային կազմակերպությունների շրջանակում արդյունավետ գործակցության առթիվ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի կառավարությանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում մշտապես ցուցաբերած հավասարակշիռ մոտեցման համար:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հայ-բելգիական տնտեսական փոխգործակցությանը` նշելով, որ ԵՄ երկրների շարքում Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով Բելգիան զբաղեցնում է առաջատար դիրք:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարեւոր բաղկացուցիչ: Կողմերը նշել են, որ հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ հակամարտությունների լուծման ռազմական ճանապարհն անհեռանկարային է, եւ առկա խնդիրները պետք է կարգավորվեն բացարձակապես քաղաքական երկխոսության ճանապարհով:

Նոյեմբերի 5-ին ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ:

Քննարկվել են Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին, Նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Գործողությունների ծրագրի եւ Հայաստանում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումների իրականցման ընթացքին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ միջազգային նշանակության տարբեր խնդիրների, քննարկվել են համագործակցության հեռանկարներին վերաբերող այլ հարցեր:

Կողմերը դրական են գնահատել Գործողությունների ծրագրի իրականցման ընթացքը: Նախագահ Սերժ Սարգսյանն այն համարել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հիմնական հենքը` ներկայացնելով 2009-2010 թթ. փոխգործակցության Հայաստանի տեսլականը:
Կայունոթյունն ու խաղաղությունը տարածաշրջանում համարելով զարգացման ու բարգավաճման կարեւոր նախապայման, Խավիեր Սոլանան իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին ու հայ-թուրքական ընթացիկ երկխոսությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 5-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Յաապ դե Հոոպ Սխեֆերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ խաղաղապահ առաքելության իրականացման բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության ներկա մակարդակը եւ գոհունակություն հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականցման ընթացքից: Դրական է գնահատվել նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին զորավարժությունները: Նախագահ Սարգսյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, որպես Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մաս:

Կողմերը կարեւորել են տարածաշրջանում երաշխավորված խաղաղության ու կայունութան հաստատումը` առկա խնդիրների քաղաքական բանակցային ճանապարհով լուծումը համարելով միակ ընդունելի ճանապարհը:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել հայ-թուրքական երկխոսության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում արձանագրված տեղաշարժերը եւ աջակցություն է հայտնել այդ գործընթացներին:


Նոյեմբերի 5-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արդարադատության հարցերով հանձնակատար Ժակ Բարոյի հետ:

Սերժ Սարգսյանը եւ Ժակ Բարոն քննարկել են դատաիրավական բարեփոխումների եւ կոռոպցիայի դեմ պայքարի հարցում համագործակցության հեռանկարներին, քաղաքացիների ռեադմիսիայի միջազգային իրավական կարգավորմանը, վիզային ռեժիմի դյուրացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հանձնակատարի խնդրանքով Հայաստանի Նախագահը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` նշելով, որ բարեփոխումների արդյունավետ զուգակցումը հասարակական գիտակցության մեջ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հետ միայն կարող է երաշխիք լինել ցանկալի ադյունքների հասնելու համար:

Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության հարցերով հանձնակատարը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ փորձագիտական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերել այս բնագավառում Հայաստանյան իշխանությունների ձեռնարկած ջանքերին ու նախաձեռնություններին:

Սերժ Սարգսյանի եւ Ժակ Բարոյի հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ իրավապայմանագրային բնագավառին վերաբերող տարբեր հարցերի:


Եվրահանձնաժողովում ՀՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ տրանսպորտի եւ առեւտրի հարցերի հանձնակատարների հետ:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, տրանսպորտի հարցերով հանձնակատար Անտոնիո Տայանի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի նախաձեռնությունները տարածաշրջանային հաղորդակցության այլընտրանքային ուղիների զարգացման ուղղությամբ:

Հանձնակատարը ողջունել է ինչպես Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, այնպես էլ Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունը` երկու երկրները միացնող այլընտրանքային նոր ճանապարհի կառուցման նախաձեռնությունները:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ աշխատանքը` տարածաշրջանային հաղորդակցության ցանցի զարգացման գործում:


Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի հարցերով հանձնակատար տիկին Կատերին Աշտոնի հետ քննարկման հիմնական թեման եղել է Ազատ առեւտրի համաձայնագրին մեր երկրի միանալու գործընթացը:

Նախագահը շեշտել է Հայաստանի ցանկությունն` օր առաջ կնքելու այդպիսի համաձայնագիր Եվրամիության հետ: Կատերինը Աշտոնն առաջարկել է շարունակել քննարկումներն այդ ուղղությամբ եւ նոր ձեւաչափով փորձագիտական աջակցություն ցուցաբերել այդ հարցում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնակատարի` Հայաստան կատարելիք այցի ժամանակ, գործընթացի հստակ ժամանակացույց հաստատել:


Նոյեմբերի 5-ի երեկոյան Բրյուսելի ՙԼա Պլազա՚ հյուրանոցի սրահում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչերի հետ:

Հայկական համայնքի ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի Հանրապետության կառավարության կազմում սփյուռքի խնդիրներով զբաղվող առանձին նախարարության ստեղծումը:

Նույն օրը Նախագահ Սարգսյանն այցելել է նաեւ Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատուն, հանդիպում ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ:

← Վերադառնալ