22
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Չեյք Սիդի Դիարային

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Չեյք Սիդի Դիարային: Նա Երևան է ժամանել` մասնակցելու Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովին:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը:

Նշելով, որ Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր ակտիվորեն մասնակցում է Կազմակերպության աշխատանքներին, Սերժ Սարգսյանն ասել է, որ առանց ՄԱԿ-ի համապատասխան կառույցների ուղղակի օժանդակության շատ դժվար կլիներ մի շարք ոլորտներում մշակել եւ իրականացնել արդյունավետ ծրագրեր:

“Մեր նպատակն է ստեղծել կայուն զարգացող հասարակություն”,- հայտարարել է երկրի ղեկավարը եւ նշել, որ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հռչակել է գերակա ուղղություն: Տեղեկատվական հասարակության ստեղծման ճանապարհին պետությունը հատկապես խրախուսում է այս ոլորտում երիտասարդության ակտիվությունն ու ներգրավվածությունը:

Ողջունելով տեղեկատավական տեխնոլոգիաները եւ հեռահաղորդակցությունը զարգացնելու Հայաստանի վճռականությունը, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ այն թույլ կտա գիտելիքը ներդնել երկրի զարգացման ներուժի մեջ, ինչը հատկապես կարեւոր է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, որպիսին Հայաստանն է:

Կողմերը համակարծիք են եղել, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը երկրին հնարավորություն է տալիս շատ ավելի մրցունակ լինել:
Զրուցակիցները խոսել են նաեւ հաղորդակցության այլընտրանքային ուղիների մասին եւ ընդգծել դրանց անհրաժեշտությունը:

Նախագահ Սարգսյանի խոսքով, հաղորդակցության հնարավորությունների մեծացմանը զգալիորեն կարող է օժանդակել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության աստիճանը:

← Վերադառնալ