10
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի եւ ԵվրԱզԷՍ-ի խորհրդի նիստերին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստերին:

ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը բացվել է պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Նիստում քննարկվել եւ ընդունվել է մինչեւ 2020 թվականն ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման ռազմավարությունը, որում ամփոփված են սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները ԱՊՀ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների խորացման պայմաններում:

Ռազմավարությունը կյանքի կոչելը թույլ կտա ապահովել տնտեսական ոլորտում ինտեգրացիոն գործընթացի զարգացումը, առավել լիարժեք օգտագործել ԱՊՀ յուրաքանչյուր երկրի տնտեսական հնարավորությունները, ընդլայնել նրանց փոխշահավետ եւ բազմակողմանի համագործակցությունը, բարձրացնել յուրաքանչյուր երկրի տնտեսության մրցունակությունը, պայմաններ ստեղծել համաշխարհային տնտեսություն մուտք գործելու համար, բարձրացնել ԱՊՀ անդամ երկրիների քաղաքացիների կենսամակարդակը:

Նիստում քննակվել է մինչեւ 2020 թվականն ԱՊՀ անդամ երկրների համագործակցության ուղղությունները տրանսպորտի ոլորտում:

2008 թվականի փետրվարին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացում որոշվել էր հաջորդ տարվա համար ԱՊՀ պետությունների համագործակցության գլխավոր ոլորտ համարել էներգետիկան, ուստի պետությունների ղեկավարներն ընդունել են 2009 թվականին էներգետիկայի ոլորտն ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ոլորտ համարելու մասին փաստաթուղթը: Ընդունվել է նաեւ ԱՊՀ երկրների միջսահմանային համագործակցության մասին կոնվենցիան, որը միջսահմանային համագործակցության օրենսդրական դաշտն ապահովելու համար անհրաժեշտ նորմատիվ ակտերից մեկն է:

Նիստում ընդունվել է նաեւ 2009 թվականը երիտասարդների, 2010 թվականը` գիտության եւ ինովացիայի տարի հռչակելու մասին փաստաթուղթը, 1941-45 թվականների Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակը նշելու հիմնական միջոցառումների պլանը, որոշում է կայացվել համատեղ հոբելյանական շքանշան ստեղծելու մասին:

Ընդունվել է նաեւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի համագործակցության 2009-2011 թվականների ծրագիրը, որի նպատակը ԱՊՀ անդամ երկրների համագործակցության հետագա կատարելագործումն է անօրինական միգրացիայի դեմ պայքարում: Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք այլ փաստաթղթեր:

Ղրղզստանի մայրաքաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նեղ կազմով նիստին: Քննարկումները հետագայում շարունակվելու են ընդլայնված կազմով: Այս կազմակերպությունում Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի:



← Վերադառնալ