01
10, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի Վրաստան պաշտոնական այցի երկրորդ օրը

album picture
album picture
album picture
album picture
album picture
Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել հանուն Վրաստանի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետեւ Հայաստանի Նախագահը հանդիպում ունեցավ Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ: Գիտաուսումնական լայն լսարանի առջեւ ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններին, տարածաշրջանային մի շարք խնդիրների, երկու երկրների միջեւ գիտակրթական բնագավառում համագործակցության հեռանկարներին: Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Խոբուան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհեց Թբիլիսիի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության Նախագահը Թբիլիսիի "ՙՄարիոթ Կորթյար" հյուրանոցի սրահում հանդիպում ունեցավ վիրահայ համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչների հետ: Վիրահայերի հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում ՀՀ Նախագահը կարեւորեց համայնքի դերը հայ-վրացական բարեկամության զարգացման գործում, պատրաստակամություն հայտնելով Վրաստանի իշխանությունների հետ համատեղ օգնելու Վրաստանի հայ համայնքին` ունենալու ապագայի կայուն հեռանկար: "Վրաստանում` Թիֆլիսում են եղել հայ մշակույթի ու ինքնության ծաղկուն կենտրոնները եւ իմ ցանկությունն է, որ մենք կարողանանք պահպանել ու զարգացնել հայ մշակույթի ավանդույթները, որ այստեղ կրկին լինեն նորօրյա վերնատները ու մշակութային օջախները, որ կարողանանք պահել ազգային ինքնությունն ու ինքնագիտակցությունը: Այդ ամենին հնարավոր է հասնել մեր միասնականության շնորհիվ` աշխատանքի ու ուժերի մեկտեղման ճանապարհով",- իր ելույթում ասել է Նախագահ Սարգսյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օրվա երկրորդ կեսին վերադարձել է Երեւան:

← Վերադառնալ