29
09, 2008

Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Մյուռոնօրհնության արարողությանը մասնակցած հոգեւորականներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ. Տ Գարեգին Երկրորդին, հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդներին, Մյուռոնօրհնության տոնակատարությունների մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդողիմեոս Ա-ին, հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիների ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին, Հանրապետության նախագահն ասել է. “Մյուռոնը մեզ համար յուրահատուկ խորհրդանիշ ունի` այն մեր ազգային միասնության եւ հոգեւոր հավաքականության մեջ է: Յուրաքանչյուր հայ համոզված է, որ մյուռոնը Սուրբ Էջմիածնից տարածվելով աշխարհով մեկ, նորից ետ է վերադառնում Էջմիածին` դեպի մեր հոգեւոր կենտրոն եւ դա մեր ժողովրդի հոգեւոր ձգողականությունն է”:

Երկրի ղեկավարն արդի աշխարհում չափազանց կարեւորել է հոգեւորի դերը խաղաղության, բարոյական արժեքների պահպանման գործում, հուսախաբության, բարոյալքության, գայթակղությունների դեմ պայքարում, քանի որ ժամանակակից աշխարհում գայթակղությունները շատ են: Ըստ Նախագահի, “մի կողմից ծայրահեղ մոլեռանդությունը, մյուս կողմից աստվածամերժությունն այսօր աշխարհի համար շատ վտանգավոր են, եւ այդ վտանգներն առաջին հերթին կործանարար են լինում փոքր ժողովուրդների համար”: Նշելով, որ հայ եկեղեցին գործող ամենահին կառույցն է, 4-րդ դարից սկսած այն անընդհատ գործել է, Սերժ Սարգսյանն ասել է. “Մենք սա ասում ենք ոչ միայն հպարտանալու համար, այլեւ` ընդգծելու մեր եկեղեցու դերը:

Հարյուրամյակներ շարունակ չունենալով պետականություն, եկեղեցին առաջնորդել է մեր ժողովրդին մինչեւ 21-րդ դար: Հայոց պետականության յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իր պարտքը վերադարձնի եկեղեցուն, որպեսզի մեր եկեղեցին ավելի հզորանա եւ մեր հավատը մեզ առաջնորդի դեպի ավելի լավ ապագա”:

Վեհափառ հայրապետը շնորհակալություն է հայտնել քույր եկեղեցիների ներկայացուցիչներին` Մյուռոնօրհնության տոնակատարությունների մասնակցելու համար:

Արևելյան Եկեղեցիների հարցերով Վատիկանի Խորհրդի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին Հռոմի պապ Բենեդիկտ 16-րդի անունից հայ ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարգավաճում եւ նշել. “այն խանդավառությունը, որով մարդիկ մասնակցում էին մյուռոնօրհնությանը, ցույց է տալիս հայ ժողովրդի բացառիկ նվիրվածությունը եկեղեցուն”:

← Վերադառնալ