23
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "ՀայՌուսգազար" ՓԲԸ

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ: Ընկերության ղեկավարության հետ անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում "ՀայՌուսգազարդ"-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը ներկայացրել է ընկերության գործունեության ներկա վիճակն ու հետագա անելիքները:

Նրա խոսքով, 2002 թ-ից մինչ այսօր Հանրապետությունում գազիֆիկացման ծավալը կտրուկ աճել է` 21 տոկոսից հասնելով 91-ի: Հայաստան ներմուծվող եւ իրացվող բնական գազի ծավալներն աճել են ավելի քան 2,4, բնակչության կողմից սպառումը` 6,4, արդյունաբերության կողմից սպառումը` 2,3 անգամ:

Կ. Կարապետյանը Հանրապետության նախագահին մանրամասն ներկայացրել է նաեւ ռուսական ՙԳազպրոմ՚ ընկերության եւ "ՙՀայՌուսգազար"-ի միջեւ կնքված պայմանագիրը` համաձայն որի, մինչեւ 2015 թ-ը Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի կտրուկ աճ տեղի չի ունենա: Ըստ պայամանգրի, 2009 թ-ի ապրիլի 1-ից 1000 խմ գազի դիմաց Ռուսաստանը հայկական կողմից կգանձի 154 ԱՄՆ դոլար, իսկ 2010 թ-ից` 200 դոլար:

Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել, որ պայմանագրի դրույթներն ամբողջովին տեղավորվում են բանակցությունների տրամաբանության մեջ: "Իհարկե, այն սակագները, որ գործելու են 2009 թ-ի ապրիլի 1-ից, մեզ ստիպում են չնչին չափով ավելացնել սոցիալական ծանրաբեռնվածությունը, սակայն փոփոխությունն աննշան կլինի: Բիզնեսի համար սա փայլուն հնարավորություն է` դառնալ շատ ավելի մրցունակ տարածաշրջանում, քան այսօր կանք: Սա մեզ հնարավորություն է տալիս ապագայում ապահովելու նաեւ ՀՆԱ-ի աճի բարձր ցուցանիշ",- ասել է Սերժ Սրագսյանը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել նաեւ ընկերության վերջին տարիներին իրականացրած աշխատանքները: Նա դրական է համարել գազիֆիկացման ցուցանիշի աճը, սակայն նկատել է, որ դեռեւս կան չգազիֆիկացված համայնքներ. "Մենք ունենք բազմաթիվ բնակավայրեր, որտեղ մարդիկ չեն կարողանում օգտվել բնական գազից, այսինքն չեն կարողանում բարելավել իրենց կյանքի որակը, քանի որ ընկերությանը տնտեսապես շահավետ չէ այդ բնակավայրերը գազիֆիկացնելը: Այստեղ տեսնում ենք պետական աջակցության հնարավորություններ, եւ մեր նպատակն է լինելու, որպեսզի մոտակա 2-3 տարիներին ամբողջ Հանրապետությունը գազիֆիկացվի":

Ըստ երկրի ղեկավարի, չափազանց կարեւոր է Իրան-Հայաստան գազամուղի բարձր մակարդակով շահագործումը, եւ "ՙՀրազդա" ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտը, ինչը հնարավորություն կտա արդյունավետ կերպով վարել երկրի տնտեսությունը: Ս. Սարգսյանը մեծ նշանակություն է տվել նաեւ գազապահեստարանի հնարավորությունների մեծացմանը:

← Վերադառնալ