23
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հանս-Յուրգեն Պապիերին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հանս-Յուրգեն Պապիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է հայ-գերմանական քաղաքական ակտիվ շփումները եւ դրանց շարունակական բնույթը:

Կարեւորելով Գերմանիայի Սահմանադրական դատարանի նման հեղինակավոր հաստատության հետ համագործակցությունը, երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության կատարելագործմանը:

ՙՄեր նպատակն է, որպեսզի Հայաստանում երաշխավորված լինի սահմանադրական արդարադատությունը, հարգվեն ու ամբողջությամբ իրականացվեն մարդու հիմնարար իրավունքները՚,- ասել է նախագահ Սարգսյանը եւ հավելել. ՙՄենք ձեր փորձի կարիքն ունենք եւ ցանկանում ենք այն օգտագործել` ամրապնդելու մեր պետական իշխանությունը՚:
Գերմանիայի սահմանադրական դատարանի նախագահը համառոտակի ներկայացրել է դատարանի գործունեությունը եւ նրա 60-ամյա պատմությունը: Նշելով, որ իրենք տպավորված են Հայաստանի ձգտմամբ` նայել արտաքին աշխարհին, յուրացնել նորը, Հանս-Յուրգեն Պապիերն ասել է, որ պատրաստ են հայ գործընկերների հետ կիսել իրենց փորձը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ հայ-գերմանական հարաբերություններին` շեշտելով, որ բոլոր ոլորտներում դրանք հաջողությամբ զարգանում են: Գերմանիան Հայաստանի համար երկրորդ դոնոր երկիրն է, ինչպես նաեւ երկրորդ առեւտրային գործընկերը` Եվրամիության շրջանակում: Հայաստանում զգալի են գերմանական ներդրումները:

← Վերադառնալ