21
09, 2008

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

album picture
Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առթիվ:

Այսօր մեր գլխավոր պետական տոնն է: 17 տարի առաջ մեր հավաքական կամքի արտահայտության շնորհիվ հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների երազանքը դարձավ անշրջելի իրողություն:

Հայոց անկախ պետության վերաստեղծումը պատմության հրամայականն էր: Մեր ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախության կորստի հետ: Եվ չէր կարող հաշտվել այն ազգը, ում պատմիչներն ու գրողները անազատությունն ու օտարի իշխանությունը դեռ դարեր առաջ անվանել են անօրեն:
Տասնյոթ տարի առաջ, մեր անկախության համար իրենց քվեն տված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կերտում են այսօրվա ու վաղվա Հայաստանի պատմությունը: Պատահական չէ, որ մեզնից յուրաքանչյուրն այս տոնական օրը մտովի պատասխանում է հարցերի.
ինչ է իր համար անկախությունը,
ինչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանն այս ճանապարհին,
ինչպիսին պետք է լինի մեր երկրի զարգացման ընթացքը,
պետականության ինչ ավանդույթներ ենք թողնելու ազատության մեջ ծնված մեր զավակներին:
Այդ հարցերը ես տալիս եմ նաեւ ինձ: Անկախությունը մեր երազանքի իրականացումն է, մեր կենսագրությունը. վայրիվերումներով, մաքառումով ու պայքարով լեցուն շրջանը, մեր ազգային արժանապատվությունը պաշտպանելու հնարավորությունն ու կարողությունը, զոհողությունների գնալու, այդ զոհողությունների գնով համազգային ձեռքբերումներ ունենալու, դրանցով միասնաբար հպարտանալու իրավունքը:

Մեր պատմությունը մեր կամքով կերտելու իրավունքն է անկախությունը. այլեւս անփոխարինելի ու անսակարկելի:
Մեզ հաջողվել է տասնյոթ տարվա ընթացքում պաշտպանել մեր երկիրը, կայացնել պետական համակարգը, դնել զարգացող տնտեսության հիմքերը, նոր շունչ հաղորդել մեր մշակույթին, կրթությանը, առողջապահությանը:
Այսօր մեր երկիրը առաջ է ընթանում, իսկ եթե կա զարգացում, ապա կա ուժ, որ կանգնած է այդ զարգացման թիկունքում: Այդ ուժը մեր հայրենակիցներն են, նրանց աշխատանքը, նվիրումն ու զոհողությունները: Այդ ուժը մեզնից յուրաքանչյուրն է: Սրանով է, որ մեզ համար սեպտեմբերի 21-ը ազգային հպարտության տոն է: Այս հպարտությունն ինքնահավանություն չէ բնավ: Մեր հպարտությունը չի սնվում միայն մեր փառավոր պատմությունից, մեր նախնիների նվաճումներից ու հաղթանակներից, այլ հիմնվելու է պետականության այն ավանդույթների վրա, որոնց հիմքը դրվում է այսօր:

Անկախության հռչակումից ցայսօր մենք ձեւավորում ենք հայոց պետության նոր ավանդույթներ: Հրաշալի ավանդույթների կողքին, ցավոք, առկա են այնպիսիք, որոնք անընդունելի են: Մենք այլեւս հասուն պետություն ենք եւ պետք է կարողանանք արմատախիլ անել մեր առաջընթացն արգելակող երեւույթներն ու խթանել լավը. այն արժեքները, ինչի համար պայքարել են սերունդներ, այն արժեքները, որ մենք դավանում ենք.

ազատություն, ժողովրդավա¬րություն, հավասարություն օրենքի առաջ:

Մենք տեր ենք կանգնելու այս արժեքներին:

Սիրելի հայրենակիցներ,

Տարեցտարի "ՙազատությու՚ եւ ՙանկախություն՚ եզրերը մեզ համար լցվում են նոր բովանդակությամբ ու խորհուրդով: Մենք կարողացանք հաղթահարել դժվարությունները, մենք չընկրկեցինք: Մեզ համար հստակ դարձավ, որ միայն անկախությունն է հնարավոր դարձնում լիարժեքորեն պաշտպանել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը:
Դրանք մենք շարունակելու ենք պաշտպանել բոլոր միջոցներով:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առթիվ ու մաղթում ամենայն բարիք ու հաջողություններ:
Կեցցե° ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությունը:

← Վերադառնալ