17
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է գերմանական "Քրոնիմետ" ընկերության նախագահ Գյունթեր Պիլարսկուն

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական "ՙՔրոնիմետ" ընկերության նախագահ, Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում Հայաստանի պատվո հյուպատոս Գյունթեր Պիլարսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանրապետության նախագահն ուրախալի է համարել փաստը, որ գործարարի յուրաքանչյուր այցը Հայաստան զուգորդվում է նոր ծրագրերով: ՙՄենք ողջունում ենք ցանկացած նոր ձեռնարկ, մշտապես օժանդակում, խրախուսում ենք ներդրումները, եւ մեր նպատակն օրենսդրական ու գործարար այնպիսի միջավայրի ստեղծումն է, որը հավասարապես բարենպաստ լինի բոլոր ներդրողների համար՚,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Գ. Պիլարսկին հանգամանորեն ներկայացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընթացիկ գործունեությունը, զարգացմանն ուղղված առաջիկա ներդրումային ծրագրերը, մասնավորապես, Քաջարանում պղնձի վերամշակման գործարանի կառուցումն, այլ ենթաձեռնարկությունների արդիականացումը: Նախագահ Սարգսյանը ողջունել է այս ձեռնարկները եւ նշել, որ ցանկացած արդիականացում շատ ավելի արդյունավետ է դարձնում ձեռնարկության աշխատանքը թե' աշխատանքային կոլեկտիվի, թե' սեփականատիրոջ, եւ թե' պետության համար:
Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով մարզերի սոցիալ-տնտեսական զարգացումը, կյանքի աշխուժացումը, Սերժ Սարգսյանն ասել է, որ նման ծրագրերը հնարավորություն են տալիս ստեղծել նոր աշխատատեղեր եւ լուծել որոշակի սոցիալական խնդիներ:

Նշելով, որ Հայաստանը ներդրումների համար լավ դաշտ է, Գյունթեր Պիլարսկին ասել է, որ իր հետ Հայաստան են ժամանել մի խումբ գերմանացի գործարարներ, ովքեր ներկայումս հայ գործընկերների հետ քննարկում են տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումներ կատարելու հնարավորությանը:

← Վերադառնալ