08
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսին:

Հանրապետության նախագահը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՍԾՏՀ-ում Հայաստանի առաջիկա նախագահության եւ այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումների հետ կապված հարցեր:

Ըստ երկրի ղեկավարի, Հայաստանը լրջորեն է պատրաստվել այդ առաքելությանը եւ կանի իրենից կախված հնարավորն` այն պատվով կատարելու: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մշակել է գործողությունների հստակ ծրագիր եւ մտադիր է այն հետեւողականորեն իրականացնել:

Լեոնիդաս Քրիզանտոպուլոսն իր գոհունակությունն արտահայտելով կատարված նախապատրաստական քայլերի առնչությամբ, նշել է, որ Հայաստանը Կազմակերպության նախագահությունը ստանձնում է շատ վճռորոշ ժամանակահատվածում` կապված Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միտումների հետ: Նրա համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, երկու պետությունների երկխոսությունն իրենց անմիջական նպաստը կբերեն նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ներսում արդյունավետ գործակցությանը:

← Վերադառնալ