03
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարներին:

Հանրապետության նախագահը գոհունակություն է արտահայտնել ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցության մակարդակի առթիվ: Ըստ Սերժ Սարգսյանի, ազգային անվտագության այնպիսի առանցքային խնդիրների շուրջ համագործակցության կարեւորությունն, ինչպիսիք են արտաքին ագրեսիայի վտանգը, թմրաբիզնեսի, անօրինական միգրացիայի, ահաբեկչության դեմ պայքարը, եւ այլ մարտահրավերները, կասկած չեն հարուցում եւ ձեւական մոտեցման իրավունք չեն տալիս:

Նախագահ Սարգսյանի խոսքով, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում իր նախագահության շրջանում հիմնական շեշտը դնելու է Կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման վրա, եւ այդ ուղղությամբ գործադրելու է բոլոր ջանքերը:

Անդրադառնալով Հարավային Օսեթիայի վերջին իրադարձություններին, երկրի ղեկավարը նշել է, որ դրանք ցույց տվեցին Հարավային Կովկասում ազգամիջյան կոնֆլիկտների ուժային ճնշման փորձերի վտանգավորությունը: Նախագահի համոզմամբ, խնդիրների լուծման ռազմական ճանապարհն անհեռանկար է, եւ Հարավայի Օսեթիայի իրադարձությունները սթափեցնող ազդեցություն կունենան նրանց վրա, ովքեր դեռ նման պատրանքներ ունեն` իրենց ռազմական պոտենցիալը հզորացնելով եւ ռազմատենչ հայտարարություններով հանդես գալով: «Ազգի կամքին հակառակ ուժային լուծումներ պարտադրելու փորձերը Հարավային Կովկասում հղի են ռազմական եւ աշխարհաքաղաքական լուրջ հետեւանքներով»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպման մասնակիցները ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի երեւանյան նիստի աշխատանքները գնահատել են հետաքրքիր եւ արդյունավետ` նշելով, որ քննարկվել են ՀԱՊԿ-ի գոտում եւ հարակից շրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման միտումները, հավաքական անվտանգությանը սպառնացող վտանգներն ու մարտահրավերները, կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը:

← Վերադառնալ