21
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական Անվտանգության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար Երեւան ժամանած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նախագահ Սարգսյանը երախտիքի խոսք է ուղղել Ղրղզստանի կառավարությանն` Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպությունում իրենց նախագահության ընթացքում կատարած աշխատանքի համար: Նա շնորհակալություն է հայտնել նաեւ ՀԱՊԿ քարտուղարությանը եւ Միացյալ Շտաբին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային` ամենօրյա արդյունավետ գործունեության համար եւ մաղթել արգասաբեր աշխատանք: Նախագահը վստահություն է հայտնել, որ 2008 թ. օգոստոսի 21-ի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի երեւանյան նիստի արդյունքները եւ Կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությունը կնպաստեն համագործակցության արդյունավետության հետագա բարձրացմանը:

Նախագահի գնահատմամբ, ընդհանուր առմամբ նկատել է ՀԱՊԿ զարգացման դրական շարժ, բայց դրա հետ մեկտեղ, գոյություն ունի փոխազդեցության բարձրացման, ինչպես նաեւ Կազմակերպության շրջանակում ստորագրված փաստաթղթերի դրույթների իրագործման արդյունավետության բարձրացման անհրաժեշտություն: «ՀԱՊԿ-ը բազմապրոֆիլ միջազգային կազմակերպության փոխակերպման ֆոնին, հաշվի առնելով Կազմակերպության պատասխանատվության գոտում գտնվող տարածաշրջաններում ոչ պարզ իրավիճակը, ՀԱՊԿ գործունեության կարեւոր ուղղություն, մեր կարծիքով, այնուամենայնիվ պետք է շարունակի մնալ ռազմական-քաղաքական եւ ռազմական-տեխնիկական համագործակցությունը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Այնուհետեւ նա ասել է. «Կարեւոր է, որ «Ռուբեժ-2008» զորավարժությունները ուղղված են հենց մասնակից-երկրների փոխգործակցության մեխանիզմների մշակմանը պետություններից մեկի վրա հարձակման դեպքում: Անհրաժեշտ է շատ ուշադիր ուսումասիրել այդ զորավարժությունների արդյունքները եւ եզրակացություններ կատարել եւ մեր պետությունների փոխգործակցության իրավական ապահվոման առումով, եւ մասնակից-պետություններից յուրաքանչյուրի ռեալ մասնակցության առումով` մեր երկրներից ցանկացածի նկատմամբ ագրեսիայի դեպքում:

Այսօր չենք կարող չանդրադառնալ Հարավային Օսեթիային հարցին:

Հայաստանի Հանրապետությունը խորապես մտահոգված է Հարավային Օսեթիայի ճգնաժամով, որը բերել է բազմաթիվ զոհերի: Տարածաշրջանում տեղի է ունեցել հումանիտար աղետ, անհրաժեշտ է բոլոր ուժերը ներդնել դրա հետեւանքների հաղթահարման համար: Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ, Եվրամիության նախագահ Ն. Սարկոզիի համատեղ նախաձեռնությունը` վեց սկզբունքները, որոնք հիմք են ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ կոնֆլիկտի երկարատեւ կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի համար:

Հարավայի Օսեթիայի ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին, որ Հարավային Կովկասի ինքնորոշման ձգտմանն ուղղված ռազմական հակազդեցության փորձերը հղի են լուրջ ռազմական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներով:

Դրանք նաեւ ցույց տվեցին, որ նմանատիպ կոնֆլիկտները պետք է կարգավորվեն ազգերի կամքի ազատ արտահայտության հիման վրա, որոնք պայքարում են ինքնորոշման համար, այլապես մենք անխուսափելիորեն վկա կլինենք էթնիկ զտումների ու միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարման:

Մենք բազմիցս մատնացույց ենք արել տարածաշրջանի որոշ երկրների կողմից ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման վտանգը եւ կոնֆլիկտների ուժային լուծման փորձերը: Համոզված ենք, որ կոնֆլիկտների լուծման ռազմական ճանապարհը անհեռանկար է եւ Հարավային Օսեթիայի իրադարձությունները սթափիչ ազդեցությունհ կունենան նրանց վրա, ովքեր դեռեւս պատրանքներ ունեն ուժային լուծումների նկատմամբ:

Այստեղ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնել մարդասիրական միջանցքի դեր կատարել, մենք նաեւ պատրաստ ենք ինքնուրույն մարդասիրական օգնություն տրամադրել տուժածներին:

Հայաստանը լրջորեն է պատրաստվում ՀԱՊԿ-ում իր նախագահությանը, մենք ծրագրում ենք մեր գործընկերների ուշադրությունը բեւեռել փոխգործակցության ամենախնդրահարույց պահերի վրա:

Կարեւոր նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ-ի շրջանակում արտաքին քաղաքականության համակարգման մեխանիզմի իրականացմանը, այդ թվում՝ նաև միջազգային կազմակերպություններին կից, մասնավորապես ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում, մասնակից անդամ երկրների ներկայացուցչությունների միջև դիրքորոշումների օպերատիվ կարգով համաձայնեցմանը այդ կազմակերպությունների օրակարգերի եւ համապատասխան փոխադարձ աջակցություն ցույց տալու հարցերով:

Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այդ մեխանիզմի լուրջ խափանումների, մասնավորապես վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած «հակահայկական» բանաձեւի քվեարկության վրա, որը նախաձեռնել էր Ադրբեջանը, ինչպես նաև Աբխազիայի վերաբերյալ բանաձեւի վրա:

Եվս մեկ կարեւոր խնդիր է ընդունված փաստաթղթերի արդյունավետ իրականացման ապահովումը:

Կարեւոր ենք համարում պայմանավորվածությունների հետեւողական պահպանումը: Հաճախ հիմնարար փաստաթղթերի իրականացումը, որոնք ստորագրվել են ՀԱՊԿ-ի շրջանակում, անուշադրության են մատնվում: Այսպես, ըստ էության չի կատարվում ՀԱՊ անդամ պետությունների կոլեկտիվ անվտանգության համակարգի միջոցների ու ուժերի ձեւավորման եւ գործարկման կարգի մասին արձանագրությունը (Երեւան 2001թ.), որը նախատեսում է Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության միացյալ ռազմական համակարգի հակաօդային պաշտպանության ստեղծում:

Թղթի վրա է մնացել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների համար զինվորական կադրեր պատրաստելու մասին համաձայնագիրը /Մոսկվա, 2005թ./, որը նախատեսում է ՀԱՊԿ անդամ երկրների կադրերի համատեղ ուսուցում ռազմական-կրթական հաստատություններում` ըստ միասնական ուսումնական պլանների ու ծրագրերի, որոնք մշակված են ընդունող կողմի զինվորական ծառայողների համար»:

Նախագահը շեշտել է, որ Հայաստանը ՀԱՊԿ նախագահության շրջանում իր հիմնական խնդիրը համարելու է Կազմակերպության հեղինակության բարձրացումը եւ անվտանգության ռեալ երաշխիքների ստեղծումը:

Այնուհետեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի լիագումար նիստի ընթացքի մասին, ներկայացրել քննարկված հարցերը:

← Վերադառնալ