21
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարկային եւ մաքսային համակարգի ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր նորաստեղծ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հարկային եւ մաքսային համակարգի ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր նորաստեղծ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Անդրադառնալով Վահրամ Բարսեղյանին` հարկային պետական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին երեկ ստորագրած հրամանագրին, Նախագահը հիշեցրել է, որ դեռեւս օգոստոսի 1-ին հարկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպմանը զգուշացրել էր, որ եթե այս ամսվա ընթացքում ծառայության աշխատանքում չլինեն էական տեղաշարժեր, ապա երկուստեք հետեւություններ պետք է արվեն: Ըստ Սերժ Սարգսյանի, անցած քսան օրերի ընթացքում ոչ միայն էական փոփոխություններ չգրանցվեցին, այլեւ` չերեւաց, որ հարկային ծառայության ղեկավարությունն ունի փոփոխություններ կատարելու ցանկություն եւ գիտակցում է դրանց կարեւորությունը: «Չտեսա, որ հարկային ծառայության ղեկավար կազմը գիտակցում է, թե որ համակարգում է աշխատում, եւ ինչի համար: Չտեսա, որ նրանք աշխատանքի են ներկայանում պետությանն ու բիզնեսին ծառայություն մատուցելու համար, չտեսա աշխատելու ցանկություն, ջանք, եռանդ: Ավելին, աշխատանքը շարունակվում է նույն տեմպով, մի բան էլ` ավելի վատ»,- ասել է երկրի ղեկավարը եւ հավելել. «սա այն դեպքն է, երբ վիրահատական միջամտությունը դառնում է անխուսափելի»:

Դիմելով ներկաներին, Նախագահն ընդգծել է. «Չէի ցանկանա, որ ձեզանից ոմանք այն կարծիքը տարածեն հասարակության մեջ, թե օգոստոսի 20-ի հրամանագրերը բխում էին հարկային եւ մաքսային մարմինները միավորելու ցանկությունից: Ամենեւին` ոչ: Հարկային ծառայությունն աշխատում է չափազանց վատ: Վատ` մասնագիտորեն, վատ` մարդկային եւ բարոյական նորմերի տեսանկյունից, եւ այսպիսի վիճակն այլեւս անհանդուրժելի է, ով էլ լինի»:

Անդրադառնալով նորաստեղծ պետական եկամուտների կոմիտեին, Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հարկային եւ մաքսային համակարգերը կարող են արդյունավետ աշխատել միասնական ղեկավարության ներքո, բայց` որոշակի փոփոխություններով: «Վստահ եմ, որ այս կառույցի աշխատանքը կարողանալու ենք համապատասխանեցնել այսօրվա մեր տնտեսության, եւ ընդհանրապես, ժամանակակից պահանջներին»,- ընդգծել է նա:

Մեկ անգամ եւս շեշտելով անհապաղ գործի անցնելու եւ ոլորտում ստեղծված իրավիճակն էապես շտկելու անհրաժեշտությունը, Նախագահ Սարգսյանն ասել է. «ով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, բավարարել ներկայացվող պահանջներին, պետք է տեղը զիջի»:

Երկրի ղեկավարն առաջարկել է համախմբվել կառույցի նոր ղեկավարի շուրջը եւ ձեռնամուխ լինել համակարգի առջեւ դրված խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ