07
08, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը չինական «Xinhua» տեղեկատվական գործակալությանը

ՀԱՐՑ: Պարոն Նախագահ, ի՞նչ սպորտաձեւեր եք սիրում: Ի՞նչ կցանկանայիք մաղթել Չինաստանի եւ Հայաստանի օլիմպիական հավաքականններին: Ի՞նչ հույսեր եք կապում Հայաստանի օլիմպիական հավաքականի հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ: Հայաստանը սպորտային երկիր է: Նաեւ անվանի հայ մարզիկների ու հայկական սպորտի հաղթական էջերի շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկիրը հայտնի է աշխարհում: Չնայած մեր ազգաբնակչության փոքր թվաքանակին, Հայաստանը մարզական բավականին հարուստ հետագիծ է թողել համաշխարհային սպորտի, օլիմպիական շարժման կենսագրության մեջ: Հայոց միջնադարյան արքաներից մեկը` Վարազդատ թագավորը, ըստ պատմական աղբյուրների, 4-րդ դարում դարձել է ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն: Արդեն մեր օրերում շատ հայ մարզիկներ են իրենց անունն անմահացրել Օլիմպիական խաղերի հաղթողների ու ռեկորդակիրների մատյանում: Այնպես որ, հայերի մեջ օլիմպիական արյուն կա:

Սպորտ չսիրել հնարավոր չէ: Ինքս սպորտի սիրահար եմ, ղեկավարում եմ Հայաստանի շախմատի ֆեդերացիան, սպորտաձեւ, որտեղ Հայաստանի ու Չինաստանի մարզիկները մշտապես փայլուն արդյունքներ ունեն, իսկ մեր հավաքականը գործող Օլիմպիական չեմիպոնն է: Ինչպես եւ յուրաքանչյուր երկրի նախագահ, ուրախանում եմ, երբ իմ երկրի մարզիկները հաղթում են, տխրում եմ, երբ ինչ-որ բան չի հերիքում լավ արդյունքներ ցույց տալու համար: Այսօր, Հայաստանում եւս բոլորի ուշադրությունն ուղղված է դեպի Պեկին: Ընդունում եմ Օլիմպիական հայտնի կարգախոսը, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ մարզիկ Օլիմպիական մայրաքաղաք է մեկնել լավ արդյունքներ ցույց տալու եւ հնարավորության դեպքում նաեւ օլիմպիական մեդալներ նվաճելու համար: Պեկին եմ մեկնում բարձր տրամադրությամբ, լինելու եմ մեր մարզիկների կողքին եւ քաջալերելու եմ նրանց:


ՀԱՐՑ: Ի՞նչ եք կարծում, սպորտը կապ ունի քաղաքականության հետ:

ՊԱՏԱՍԽԱՆ: Սպորտը նախ բարեկամություն է, հետո նոր` մրցակցություն: Համաշխարհային պատմությունը տարբեր հաջողված էջեր ունի, երբ սպորտը նպաստում է երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների կարգավորմանը, բարեկամության հաստատմանը: Հիշենք թեկուզ, թե ինչպիսի մեծ դերակատարություն ունեցավ սեղանի թենիսի մրցաշարը Չինաստանում, այսպես կոչված «պինգ-պոնգի դիվանագիտությունը» 1970-ականների առաջին կեսին չին-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործում: Այսօր Չժուան Ցզեդունի (Zhuang Zedong) անունը հավասարապես հայտնի է ինչպես սպորտաշխարհում, այնպես էլ քաղաքական եւ դիվանագիտական շրջանակներում: Վստահ եմ, որ այսուհետ եւս սպորտը աշխարհի ժողովուրդների միջեւ բարեկամության նոր դռներ է բացելու:


ՀԱՐՑ: Յոթ տարի է անցել, երբ Դուք այցելեցիք Չինաստան որպես ՀՀ Պաշտպանության նախարար: Ի՞նչ տրամադրությամբ եք մեկնում Չինաստան այս անգամ: Ինչպե՞ս եք գնահատում Օլիմպիական խաղերի նախապատրաստման ուղղությամբ չինական կառավարության կատարած աշխատանքը:

ՊԱՏԱՍԽԱՆ: Դուք իրավացի եք, յոթ տարի է անցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած իմ վերջին այցից: Այն ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի: Իմ վերջին այցը Ձեր մեծ երկիր անմոռանալի տպավորություն է թողել ինձ վրա: Վերջին ողջ ժամանակահատվածում ուշիուշով հետեւում եմ Չինաստանի զարգացմանը, ուրախանում աշխատասեր ու խաղաղասեր չին ժողովրդի արձանագրած հաջողություններով: Այժմ, մեկնում եմ Ձեր երկիր վերջին տարիներին տեղի ունեցած բոլոր փոփոխությունները տեսնելու եւ ծանոթանալու մեծ ցանկությամբ եւ հետաքրքրությամբ: Չեմ կասկածում, որ Չինաստանը եւ չին ժողովուրդը արել են հնարավորը, որպեսզի ինչպես մարզիկները, այնպես էլ հարյուր հազարավոր երկրպագուները հիացած մնան XXIX ամառային օլիմպիական խաղերի կազմակերպչական բարձր մակարդակից: Գիտեմ, որ Չինաստանի օլիմպիական հավաքականը եւս լրջորեն է պատրաստվել այս խոշոր ստուգատեսին: Հաջողություն եւ հաղթանակներ են մաղթում մեր երկու երկրների օլիմպիականներին:


ՀԱՐՑ: Չինաստանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ բարեկամությունն ունի հարուստ պատմություն: Վերջին մի քանի տարիներին երկկողմանի հարաբերությունները զարգանում են ավելի արագ եւ դինամիկ: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարը, ի՞նչ կոնկրետ ոլորտներում է Հայաստանը տեսնում առավել սերտ համագործակցության հեռանկարներ:

ՊԱՏԱՍԽԱՆ: Չինաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ամուր իրավական հիմքեր ունի, որը ներառում է ստորագրված ավելի քան 40 միջպետական եւ միջկառավարական համաձայնագիր: Քաղաքական հարթությունում մեր հարաբերությունները բնորոշվում են որեւէ հիմնախնդրի բացակայությամբ, տարածաշրջանային եւ միջազգային հիմնական խնդիրների վերաբերյալ համընկնող կամ մոտ տեսակետների առկայությամբ: Հայաստանում մեծ ակնածանքով են հետեւում զարգացման եւ արդիականացման, ներդաշնակ սոցիալիստական հասարակության կայացման ուղղությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդների կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ աճել է մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները, ավարտին է մոտենում համատեղ ամենախոշոր ծրագրերից մեկը` «Շանսի-Նաիրիտը»` Դատոն քաղաքի մերձակայքում, տարեկան 30 000 տոննա արտադրողականությամբ քլորոպրենային կաուչուկի արտադրության գործարանի կառուցումը: Գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ հումանիտար բնագավառներում եւս առաջընթաց նկատելի է: Մշակույթի եւ սպորտի բնագավառում երկարաժամկետ փոխգործակցության ծրագրեր են նախապատրաստվում: Չնայած այս ամենին, ես մեր երկրների միջեւ փոխգործակցության մեծ պոտենցիալ եմ տեսնում եւ պետք է շարունակել աշխատանքն այս ուղղությամբ:

Հայաստանը մեծ ոգեւորությամբ ընդունեց «Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու հրավերը, որը կանցկացվի Շանհայում: Այնտեղ մենք կփորձենք ներկայացնել ինչպես մեր ձեռքբերումները, այնպես էլ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների ակտիվացման մեր ներուժը:

Մենք անկեղծորեն շահագրգռված ենք տարածաշրջանում Չինաստանի ներկայության ընդլայնման գործում, ինչն, անկասկած, դրական ներգործություն կունենա հարավկովկասյան ողջ տարածաշրջանի համար: Մենք ողջունում ենք վերջին տարիներին Չինաստանի արձանագրած հաջողությունները եւ ձեռքբերումները միջազգային ասպարեզում: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, Չինաստանն առաջատար դերակատարում ունի համաշխարհային քաղաքականության մեջ: Չինաստանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է, եւ մենք զգում ենք Չինաստանի անկողմնակալ եւ հավասարակշռված դիրքորոշումը ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային նշանակության շատ հարցերի վերաբերյալ:

← Վերադառնալ