28
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը եւԱմենայն Հայոց կաթողիկոսն այցելել են Յալթայի Սբ Հռեփսիմե եկեղեցի

Նախագահ Սերժ Սարգսյանն Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ուղեկցությամբ հուլիսի 28-ի ուշ երեկոյան այցելել է Յալթայի Սբ Հռեփսիմե եկեղեցի, որտեղ նրանք հանդիպել են Ղրիմի տարբեր ծայրերից ժամանած հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ուրախությունն է հայտնել Սբ Հռեփսիմե այցելելու եւ հանդիպման համար: «Եկել ենք միասին կիսելու մեր ուրախությունը, եկել ենք ասելու, որ դուք հայրենիք ունեք, եկել ենք ասելու, որ յուրաքանչյուր հարցում ձեզ օգնելու եւ սատարելու ենք»,-դիմելով ներկաներին` ասել է ՀՀ նախագահը եւ շարունակել. «Հայաստանի Հանրապետությունը որոշակի պատասխանատվություն է կրում հայ համայնքի առջեւ: Հայաստանն իր հերթին ձեր կարիքն ունի, ցանկանում ենք, որ ձեր հայացքն ուղղված լինի դեպի Հայաստան, վստահեցնում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը Հայաստանում տեղ եւ անելիք ունի: Հայաստանում դուք տուն ունեք»:

ՀՀ նախագահը եւ Վեհափառ Հայրապետը ծանոթացել են եկեղեցուն եւ տարվող աշխատանքներին, այցելել հանրահայտ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի շիրմին:

← Վերադառնալ