28
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ. Տ Գարեգին Երկրորդը հուլիսի 28-ին կմեկնեն Ղրիմ

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ. Տ Գարեգին Երկրորդը հուլիսի 28-ին կմեկնեն Ղրիմ` մասնակցելու հին հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի հիմնադրման 650-ամյակին նվիրված արարողությանը:

Հայկական պատվիրակության կազմում են արտաքին գործերի եւ մշակույթի նախարարները, արտգործնախարարության Սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

Հայաստանի նախագահը ներկա կգտնվի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողությանը, որը կկատարվի Վեհափառ Հայրապետի ձեռամբ:

Սուրբ Խաչը միջնադարյան հայ ճարտարապետության նշանավոր կոթողներից է, եւ ղրիմահայ գաղթօջախի հոգեւոր կենտրոնը, որը դարեր շարունակ եղել է տեղի աթոռակալ եպիսկոպոսների նստավայրը:

Ղրիմ այցի ընթացքում Հայաստանի նախագահը զրույց կունենա Ուկրաինայի իր գործընկերոջ` Վիկտոր Յուշչենկոյի հետ: Երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ կստորագրվի մինչեւ 2012թ. համագործակցության վերաբերյալ պայմանագիր:

← Վերադառնալ