24
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պուիչին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Լուիս Մարի դե Պուիչին:

Զրուցակիցները քննարկել են ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքը:

Նշելով, որ իշխանություններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են երկու բանաձեւերն էլ, Նախագահ Սարգսյանն վերահաստատել է դրանցից բխող դրույթների իրականացման գործում Հայաստանի վճռականությունը: Նա միաժամանակ ասել է, որ այդ դրույթներն արտացոլված են նաեւ Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրում եւ քաղաքական կոալիցիայի հուշագրում: «Այնպես որ, այդ քայլերը մենք կատարում ենք ոչ թե պարտադրանքով, այլ` ներքին համոզմունքով»,-ընդգծել է երկրի ղեկավարը` հավելելով. «Խորապես համոզված է, որ այլ ճանապարհ, քան երկրի ժողովրդավարացումն է Հայաստանը չունի, եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այդ ուղիով»:

Դրական գնահատելով հայաստանյան այցից իր տպավորությունները, ԵԽԽՎ նախագահն ասել է, որ նպատակ ուներ քաջալերել, օգնել, որպեսզի Եվրախորհրդի բանաձեւերի առաջարկությունները հնարավորինս արագ կյանքի կոչվեն: Նա նշել է, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա, ինչը ողջունելի է:

Լուիս Մարի դե Պուիչը Հանրապետության նախագահի հետ խոսել է մարտի 1-2-ի դեպքերի անաչառ հետաքննության մասին: Նա իր համաձայնությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի` փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկությանը:

ԵԽԽՎ նախագահի արծարծած հաջորդ խնդիրը վերաբերել է անազատության մեջ գտնվող անձանց: Այս առնչությամբ նա միաժամանակ նշել է, որ խոսքը չի վերաբերվում բռնարարքներ կամ հանցանք կատարած մարդկանց: Նախագահ Սարգսյանը բացառել է, որ որեւէ մեկը կարող է դատապարտվել առանց հիմնավոր ապացույցների եւ մեղադրանքի:

ԵԽԽՎ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանը կկարողանա արագորեն հաղթահարել դժվարությունները եւ լիարժեք ժողովրդավարություն կառուցել: Նրա խոսքով, պարտավորություններ ունեն եւ երկրի ապագայի համար պատասխանատվություն են կրում ինչպես իշխանություններն, այնպես էլ` ընդդիմությունը: Լուիս Մարի դե Պուիչն ասել է, որ Եվրախորհուրդը հարգանքով է վերաբերում Հայաստանի ժողովրդի ընտրությանը` նույնն առաջարկելով ընդդիմությանը` ճանաչել ընտրությունների արդյունքներն, ինչը ամրագրված է 1609 բանաձեւում:

← Վերադառնալ