15
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին:

Հանրապետության նախագահն ասել է, որ իշխանություններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերը եւ վճռական են դրանց իրականացման գործում: Նա ողջունել է Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից գործադրվող ջանքերը:

Թոմաս Համմարբերգը երկու բանաձեւերն էլ կարեւոր սկզբնակետ համարելով, անդրադարձել է սեպտեմբերի 11-ին մոնիտորին�ի հանձնաժողովում իր կողմից ներկայացնելիք զեկույցին` շեշտադրում կատարելով երեք հիմնական հարցերի վրա:

Առաջին խնդիրը, որի մասին նա խոսել է, վերաբերել է հանրահավաքների, երթերի եւ ցույցերի անցկացմանը: Մարդու իրավունքների հանձնակատարը դրական է գնահատել այդ ուղղությամբ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը, կատարված օրենսդրական փոփոխությունները եւ կարեւորել է օրենքի պատշաճ կիրարկումը:

Երկրորդ խնդիրը վերաբերել է մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետաքննությանը, որը ըստ մարդու իրավունքների պաշտպանի, կարեւոր է, որ լինի անկախ, թափանցիկ եւ վստահելի: Նա առաջարկել է հստակ տարանջատում կատարել փաստահավաք առաքելության եւ փաստերի գնահատման միջեւ:

Շեշտելով մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ, լիարժեք եւ անկողմնակալ հետաքննության գործում Հայաստանի իշխանությունների հաստատակամությունը, Նախագահ Սարգսյանը եւս մեծ նշանակություն է տվել փաստերի ամբողջական հավաքագրմանն ու պատկերի վերականգնմանն` այդ աշխատանքի լիարժեք իրականացման համար ընդգծելով միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը:

Մարդու իրավունքների հանձնակատարի արծարծած հաջորդ խնդիրը վերաբերել է անազատության մեջ գտնվող անձանց: Այս առնչությամբ Նախագահը եւս մեկ անգամ նշել է, որ իր համոզմամբ, իրավապահների կողմից մեղադրանք պետք է առաջադրվի միայն այն անձանց, ովքեր մասնակցություն են ունեցել բռնարարքներին:

← Վերադառնալ