11
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեին:

Հանրապետության նախագահը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը եւ միջազգային ատյաններում բավականին արդյունավետ համագործակցությունը:

Զրուցակիցներն անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերին, փաստել են, որ Հայաստանում արդեն կան հնդկական գործարար շրջանակի ներդրումների հաջող օրինակներ: Նրանք, միեւնույն ժամանակ, կարեւորել են տնտեսական ներուժի ու հնարավորությունների ավելի լիարժեք օգտագործումը:

Խոսվել է նաեւ գիտության եւ կրթության բնագավառում փոխգործակցության մասին: Նշվել է, որ Երեւանում այսօր ուսանում են բազմաթիվ հնդիկ երիտասարդներ:

Հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում մեծ նշանակություն տալով հնդկահայ համայնքին, երկրի ղեկավարն ասել է, որ այն ունի հարուստ պատմություն եւ հայկական կրթամշակութային բազմաթիվ կոթողներ ստեղծվել են Հնդկաստանում:

Դեսպան Պանդեն նշել է, որ հանրային կյանքի բարելավմանն ուղղված նախագահ Սարգսյանի տարբեր նախաձեռնությունների արդյունքներն արդեն իսկ տեսանելի են եւ հաջողություն է մաղթել նրան:

← Վերադառնալ