09
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի քաղաքապետարան

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի քաղաքապետարան եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել քաղաքի համար կարեւորագույն մի քանի խնդիրների վերաբերյալ, որոնք, ըստ Նախագահի, «պետք է լուծվեն համատեղ աշխատանքի ընթացքում եւ միասնական ջանքերով»:

Երկրի ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Երեւանում առկա հիմնախնդիրները բոլորիս աչքի առաջ են, բոլորս տեսնում ենք եւ պարտավոր ենք շատ արագ լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք մեծ ներդրումներ չեն պահանջում, ապա` սկսել մտածել նրանց մասին, որոնց համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ:

Պարզ է, որ մեկ օրվա, մեկ խորհրդակցության ընթացքում հնարավոր չէ խոսել բոլոր խնդիրների մասին եւ, մանավանդ, հնարավոր չէ շատ կարճ ժամանակում լուծել Երեւանի բոլոր խնդիրները: Բայց որ այդ խնդիրների մասին մենք պարտավոր ենք բարձրաձայն խոսել, հաշվետու լինել դրանց լուծման ընթացքի մասին, այստեղ որեւէ կասկած չկա, եւ նաեւ կասկած չկա, որ մենք պետք է հետեւողական լինենք ոչ միայն այս խնդիրները բարձրաձայնելու, այլեւ` դրանք լուծելու հարցում:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել երեւանցիների հետ` խորհրդարանական ընտրությունների, կառավարության ղեկավար աշխատելու, եւ, բնականաբար, նախագահական ընտրությունների ժամանակ: Ես լսել եմ բազմաթիվ խնդիրների մասին, բազմաթիվ հարցեր են բարձրացվել, խոստացել եմ դրանց ընթացք տալ: Այնպես որ, կարծում եմ, որեւէ մեկը չպետք է կասկածի, որ մենք պետք է տրամադրվենք լուրջ, ծանր, բայց, միեւնույն ժամանակ, շատ կարեւոր եւ պատվաբեր աշխատանքի:

Վստահ եմ, որ եթե մեր ջանքերը համադրենք, ապա կարճ ժամանակում կարող ենք հասնել տեսանելի փոփոխությունների: Եթե որեւէ մեկը սրան կասկածում է, չի ցանկանում մինչեւ վերջ ծառայել Երեւանին, ապա ավելի լավ կլինի` մտածի այլ աշխատանքով զբաղվելու մասին, որովհետեւ քաղաքապետարանը մի այնպիսի կառույց է, որտեղ պետք է աշխատեն մարդիկ, ովքեր շատ հստակ գիտակցում են, որ իրենք ծառայում են Երեւանին, երեւանցիներին: Նոր բան ասած չեմ լինի, եթե մեկ անգամ եւս կրկնեմ, որ երեւանցիների սպասելիքները չափազանց մեծ են քաղաքային իշխանություններից:

Այս դահլիճում նստած մարդկանցից շատ շատերն այսօր կարող են թվարկել մի քանի անունները, ովքեր հարգված ու սիրված են երեւանցիների կողմից` նախկին քաղաքապետներ, քաղաքապետարանի աշխատակիցներ: Բայց, ցավոք սրտի, այդ մարդիկ հիմնականում աշխատել են Խորհրդային Հայաստանի տարիներին: Դուք այսօր շատ մեծ հնարավորություն ունեք` թողնելու բարի, լավ անուն: Այդ հնարավորություններն ամեն օր կրկնապատկվում են, կրկնապատկվում են նաեւ այն պատճառով, որ ե'ւ քաղաքապետարանը, ե'ւ, ընդհանարապես, մեր պետությունն ամեն օր հավելյալ միջոցներ են գտնում, որպեսզի կարողանան Երեւանին տալ ավելի լավ տեսք, դարձնել ավելի հարմարավետ:

Եվ, ընդհանարպես, ես առաջարկում եմ, որ մենք մեր աշխատանքներում ղեկավարվենք երկու կարգախոսով`

առաջինը` ես մի քանի անգամ նշել եմ` Երեւանը պետք է հարմար լինի ապրելու համար:

եւ երկրորդը` Երեւանի խնդիրները պետք է լուծվեն ոչ թե երեւանցիների հաշվին, այլ` երեւանցիների համար:

Այս վերջինը ես հատկապես կարեւորում եմ: Ուզում եմ մի օրինակ բերել եւ ասել, որ վերջին տարիների կառուցապատումը, չնայած իր հսկայական ազդեցությանն ու դրական արդյունքին, առաջացրեց սոցիալական լարվածություն, որից մենք պարտավոր էինք ու կարող էինք խուսափել: Ասածս ամենեւին չի նշանակում, թե ես թերագնահատում եմ այդ աշխատանքն, ընդհակառակը` չափազանց կարեւորում եմ: Համարում եմ, որ կառուցապատման աշխատանքները նոր տեսք տվեցին Երեւանին, հասցրեցին զարգացման նոր փուլի: Բայց մենք ցանկացած դրական աշխատանքի մեջ պետք է տեսնենք, թե որոնք էին թերացումները, որպեսզի հետագա աշխատանքներում դրանք վերացնենք: Այս առումով ուզում եմ բերել Կոնդ թաղամասի օրինակը, եւ ասել, փառք Աստծո, այսօր արդեն այդ աշխատանքները հավելյալ լարվածության չեն բերում: Կոնդում արդեն հարյուրից ավելի իրացումներ են կատարվել եւ որեւէ արձագանք չկա, եթե արձագանք չկա, ուրեմն` չկան նաեւ դժգոհություններ: Այսպիսի դեպքերում մենք մշտապես պետք է ղեկավարվենք այն սկզբունքով, որ բնակչին բնակարան պետք է առաջարկվի հենց այդ տարածքում: Սա բխում է նաեւ իրացնողի շահերից: Այլ խնդիր է, եթե բնակիչն ինքը չի ցանականում: Այս պարագայում պետք է առաջարկվի շուկայական գներով գործարք: Իհարկե, նաեւ բնակիչները պետք է հասկանան, որ իրավունք չունեն աստղաբաշխական թվեր ասել, իրավունք չունեն խոչընդոտել քաղաքի զարգացմանը:

Մեր մայրաքաղաքը դինամիկ աճող քաղաքային օրգանիզմ է, եւ, բնականաբար, երկրի զարգացման ընդհանուր ֆոնին Երեւանի զարգացումներն ավելի արագացված են: Մենք պարտավոր ենք տեսնել այն խնդիրները, որոնք կարող են ծագել ապագայում, պարտավոր ենք տեսնել, թե ինչպիսի համալիր լուծումներով կարող ենք դիմակայել այդ մարտահրավերներին: Սա շատ կարեւոր է: Կարեւոր է նաեւ, որպեսզի քաղաքապետարանը չխրվի ամենօրյա ընթացիկ գործերի մեջ: Ընթացիկ գործերն, անշուշտ, պարտադիր են, բայց քաղաքապետարանում պետք է լինեն մարդիկ, մարդկանց մի խումբ, ովքեր նայում են ապագային, տեսնում են ապագայի խնդիրները, եւ կարող են լուծումներ առաջարկել:

Այս առումով ես ուզում եմ մեկ օրինակ բերել եւ հիշեցնել, որ սրանից տասը- տասերկու տարի առաջ հազիվ թե Երեւանում գտնվեին մարդիկ, ովքեր կմտածեին, որ տեսանելի ապագայում Երեւանի ամենամեծ խնդիրներից մեկը լինելու է տրասպորտային խնդիրը: Այն, որ Երեւանի քաղաքապետարանը մի քանի տարի առաջ սկսեց փնտրել տրանսպորտային հանգուցալուծումներ, իհարկե, գովեստի արժանի քայլ է: Բայց, մյուս կողմից, միայն տրանսպորտային հանգուցալուծումները բավարար չեն խնդրի լուծման համար: Մենք պարտավոր էինք կառուցապատման, հողերի իրացման շրջանում նախատեսել վայրեր, տարածքներ, որտեղ պետք է կառուցվեին ավտոկայանատեղեր: Բայց սա է իրավիճակը, եւ այսօր մենք պետք է փնտրենք այլ լուծումներ:

Մասնագետների կարծիքով, խցանումները, երթեւեկության անհարմարությունը ստեղծվում է ոչ թե այն պատճառով, որ Երեւանի կենտրոնի փողոցները նախատեսված չեն այսքան ավտոմեքենաների համար կամ նեղ են, այլ առաջին, ամենահիմնական խոչընդոտը չթույլատրված կամ չարտոնված տեղերում բազմաթիվ ավտոմեքենաների կայանումն է: Մենք պետք է ելք գտնենք, թե ուր տեղափոխենք այդ ավտոմեքենաները:

Երբ խոսում ենք Երեւանի հարմարավետության մասին, անշուշտ, մենք նկատի ունենք նաեւ քաղաքի ճարտարապետական տեսքը, արտաքին տեսքը եւ այս առումով անելիքները չափազանց շատ են: Պետք է շատ խիստ պայքար տանենք քաղաքի ճարտարապետական տեսքի աղճատումների դեմ: Առաջին հերթին պետք է սկսենք նրանից, որ եթե հնարավոր է, վերացնենք անցյալում թույլ տրված սխալները: Այսօր մենք պետք է իսպառ դադարեցնենք կանաչ տարածքներում, մայթերում սնկի պես աճող, այսպես կոչված, «օբյեկտների» կառուցումը: Ինձ համար անընդունելի է, երբ իմ հարցադրմանը, թե ինչու է այստեղ այս բանը կառուցվում, պատասխանում են, որ այդ թույլատվությունը տրվել է երկու, երեք կամ հինգ տարի առաջ: Կատեգորիկ արգելում եմ այսպիսի մոտեցումը:

Երկրորդ խնդիրը` կապված արտաքին տեսքի հետ այն ինքնագործունեությունն է, որ սկիզբ է առել դեռեւս իննսունական թվականների սկզբներից. յուրաքանչյուրը, ով սեփական տարածք ունի շենքերի առաջին հարկում կամ վարձակալությամբ է վերցրել, սկսում է իր ճաշակով, հայեցողությամբ մաքրել, ձեւափոխել, որից հետո այդ շենքը նմանվում է կարկատած շորի: Այդ լաթակարկատ վերափոխումներով քաղաքի տեսքը չի լավանում: Չեմ կարծում, որ խիստ ցուցումների դեպքում տվյալ սեփականատերը կարող է այդպես վարվել:

Մենք խիստ ուշադրություն պետք է դարձնենք մեկ հանգամանքի եւս. երբ ասում ենք Երեւան, շատ շատերս պատկերացնում ենք վարդագույն քաղաք: Ընդհանրապես, շատ է խոսում Երեւանի` վարդագույն քաղաք լինելու մասին: Բայց այսօր վիճակը մի քիչ այլ է: Այլ է, որովհետեւ մաքրման աշխատաքների մասին մենք ընդհանարպես մոռացել ենք»:

Այնուհետեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ներկայացրել է քաղաքապետարանի 2008թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական գործունեության վերաբերյալ զեկույցը: Խոսելով քաղաքի զարգացման մասին` նա առանձնացրել է մայրաքաղաքի կենտրոնի եւ բակային համայնքների բեռնաթափման, ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման խնդիրները:

Հանդիպմանը հրավիրված «Ռենկո» կորպորացիայի եւ Armenia PPP ընկերությունների գլխավոր տնօրեն Ջիովաննի Ռուբինը եւ Հայնախագիծ ԲԲԸ ընկերության ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Ռուբեն Հասրաթյանը ներկայացրել են Երեւանում հինգ ստորգետնյա ավտոկանգառների կառուցման ծրագիրը:

Ստորգետնյա կայանատեղերի կառուցման առաջարկը Նախագահը համարել է կարեւոր եւ ուշագրավ` նշելով. «Եթե գնալու ենք այս կառուցապատմանը, ապա այն պետք է լինի օրինակելի: Արդյունքում մենք պետք է ունենանք նորմալ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ստորգետնյա կառույցներ, կայանատեղեր, պետք է ունենանք ավելացված կանաչ տարածքներ, պետք է ցույց տանք, թե ինչպիսի շինարարություն պետք է անել: Պետք է դնել հստակ չափանիշներ եւ առաջնորդվել դրանցով»:

Նախագահը նաեւ նշել է, որ Երեւանում տեղի ունեցող ցանկացած գործընթաց միանգամից հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Հետեւաբար, անհրաժեշտ է լուրջ, հետեւողական, բացատրական աշխատանք, որպեսզի հասարակությունը ճիշտ կողմնորոշվի:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ շինարարական մշակույթին եւ շինարարության հետ կապված խնդիրներին եւ նշել, որ հսկայածավալ շինարարական աշխատանքները վնաս են հասցնում կանաչ տարածքներին, աղճատում են Երեւանի տեսքը, քանի որ շինարարները զլանում են կամ ափսոսում են հավելյալ միջոցներ ծախսել, ցանկապատել իրենց շինարարական տարածքները, զլանում են շինարարական աղբը տանել քաղաքից դուրս: «Մենք պետք է զերծ մնանք կանաչ տարածքները փչացնելուց, ծառ կտրելուց: Ընդհակառակը, կառուցապատումից հետո պարտավոր ենք կանաչ տարածքներն ավելացնել»,- ընդգծել է Հանրապետության ղեկավարը:

Խոսելով շինարարական աղբի, շինարարության հասցրած վնասների մասին` Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձել է Երեւանի աղբահանման խնդիրներին եւ նշել, որ այն սոսկ սանմաքրման աշխատանք չէ: Խնդիրը պետք է դիտարկել շատ ավելի լայն. Երեւանի աղբահանման խնդիր ու աղբի վերամշակման հիմնահարցեր: Այս խնդիրներին պետք է արագորեն լուծում տալ` քաղաքապետարանի եւ թաղապետարանների միասնական ջանքերով:

Ամփոփելով խորհրդակցությունը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ իր կողմից նախանշված խնդիրների լուծմամբ է նաեւ պայմանավորված վստահությունը քաղաքային իշխանությունների նկատմամբ: «Եթե չեղավ վստահության մթնոլորտ, բոլոր նախաձեռնությունները, բոլոր բարի գործերը դժվար են ընթանալու եւ ընդհանրապես պետք է այնպես անենք, որ մարդիկ հասկանան` քաղաքապետարանն այս ամենն անում է Երեւանի եւ երեւանցիների համար ավելի հարմար, ավելի լավ ապրելու համար, եւ որեւէ մեկը նպատակ չունի փորձարկումներ անել կամ դիտավորյալ անհարմարություններ առաջացնել»:

Ըստ Սերժ Սարգսյանի, այսպիսի մթնոլորտ կարող է ստեղծվել, եթե կա վստահություն: Իսկ վստահություն ձեռքբերելու համար երկրի ղեկավարը նշել է առնվազն երեք անհրաժեշտ պայման. «Առաջին` խոստացածդ պետք է կատարես, երկրորդ` քո գործերը չպետք է տարբերվեն քո խոսքերից եւ երրորդ` ընդունված որոշումները պետք է կատարվեն եւ նույն հարցի շուրջ օրը, շաբաթը, ամիսը մեկ նոր որոշումներ չպետք է կայացվեն: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե այս որոշումը կա, ուրեմն այն կայացված է հանգամանորեն ուսումնասիրվելուց հետո եւ երկարաժամկետ լուծումների համար»:

← Վերադառնալ