07
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չեխիայի հետ ինչպես երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ` գործակցությանը եվրոպական կառույցների շրջանակում:

Նշելով, որ Չեխիան 2009-ի հունվարից ստանձնելու է Եվրամիության նախագահությունը եւ ցանկություն ունի առավել ընդլայնել համագործակցությունը նոր հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների հետ, Կարել Շվարցենբերգն ասել է, որ կարեւոր է համարել նախապես այցելել տարածաշրջան եւ քննարկումներ ունենալ փոխգործակցության ուղղությունների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը բարձրաստիճան հյուրի խնդրանքով հանգամանորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը, պարզաբանումներ տվել մի շարք խնդիրների վերաբերյալ:

Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի համադրելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, գտնել մի այնպիսի լուծում, որը դրական արդյունքներ կբերի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար` նշելով, որ այս խնդրում, ի վերջո, գլխավորը ժողովուրդն է:

← Վերադառնալ