24
06, 2008

Հայաստանի Հանրապետության եվ Ռուսաստանի Դաշնության նախագահների համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Նախագահը եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահը, համակողմանիորեն ուսումնասիրելով ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները,

հենվելով Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ամուր պատմական կապերի եւ երկու երկրների ժողովուրդների միջեւ եղբայրության եւ փոխգործակցության բազմադարյա կապերի վրա, հիմնվելով 1997թ. օգոստոսի 29-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» Պայմանագրի անվերապահ կատարման եւ 2000թ. սեպտեմբերի 26-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ XXI դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» Հռչակագրի վրա, համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դաշնակցային հարաբերությունների ու փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը բխում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերից,

ընդգծելով միջազգային ասպարեզում գործունեության հետագա համակարգման եւ միջպետական հարաբերությունների բոլոր բնագավառներում սերտ համագործակցության կարեւորությունն ու նպատակահարմարությունը,

ձգտելով հասնել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու կատարելագործմանը, Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձացմանն ու առավել սերտ համագործակցությանն այն բոլոր միջազգային կազմակերպություններում, որոնց անդամակցում են Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը,


հայտարարում են ներքոհիշյալի մասին.

1. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը լի են վճռականությամբ, ապա�այում եւս, խորացնել եւ ամրապնդել բարեկամությունը երկու երկրների ժողովուրդների միջեւ: Նրանք իրենց հարաբերությանները կկառուցեն լայնածավալ ռազմավարական համագործակցության հենքի վրա` փոխվստահության ոգով, ղեկավարվելով ինքնիշխանության հարգման, վեճերի խաղաղ կարգավորման եւ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության եւ փոխշահավետության սկզբունքներով:

2. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը, արդի միջազգային խնդիրների նկատմամբ ունենալով համընկնող կամ մոտ դիրքորոշումներ, կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունն արտաքին քաղաքականության բնագավառում` երկկողմ հարաբերությունների ձեւաչափով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների եւ համաժողովների շրջանակներում` ի շահ խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդման` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային չափաձեւով:

3. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում են ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին հարազատ մնալու իրենց պատրաստակամությունը: Կողմերն ընդունում են Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնական դերը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում, միաժամանակ ընդգծելով տարածաշրջանային կառույցների աճող նշանակությունը` կոնֆլիկտների կանխարգելման եւ դրանց խաղաղ կարգավորման հարցում:

Կողմերը հավանություն են տալիս ՄԱԿ-ում անհրաժեշտ եւ իրատեսական բարեփոխումների իրականացմանը, որը նպատակ ունի բարձրացնել կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը, նրա` նոր մարտահրավերներին եւ վտանգներին հակազդելու ներուժը:

4. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուտափույթ լուծման օգտին, բացառապես խաղաղ միջոցներով, արդարացի, բոլոր կողմերի համար ընդունելի հիմքով, եւ ողջունում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կառուցողական ջանքերը` ուղղված խնդրի քաղաքական-դիվանագիտական լուծմանը:

5. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը կհամակարգեն իրենց արտաքին քաղաքական գործունեությունը համատեղ համաձայնեցված գործողությունների իրականացման նպատակով` ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդմանը եւ համագործակցության զարգացմանը:

6. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը ջանքեր կգործադրեն Անկախ Պետությունների Համագործակցության կատարելագործման համար` նպատակ ունենալով հասնել Համագործակցության առավելագույն արդյունավետության` միաժամանակ բոլոր մասնակից պետությունների շահերը հարգելու պայմանով:

7. Կողմերն ընդգծում են Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի Կազմակերպության նշանակությունը` որպես անդամ պետությունների անվտանգության ապահովման կարեւոր երաշխիք եւ ակտիվորեն կփոխգործակցեն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հարցում:

8. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը կզարգացնեն երկկողմ ռազմաքաղաքական համագործակցություն, որն ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ:

9. Կողմերը մտադիր են ապագայում եւս ակտիվորեն նպաստել սպառազինության նկատմամբ միջազգային վերահսկողության գործընթացին` առանց վնասելու որեւէ պետության անվտանգությանը, ջանքեր գործադրել սպառազինության նկատմամբ վերահսկողության ոլորտի, ներառյալ վստահության ամրապնդման միջոցառումների եւ չտարածման ոլորտի բազմակողմ պայմանագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

10. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունն իրենց գոհունակությունն են հայտնում ահաբեկչության, թմրամիջոցների անօրինական շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, այլ նոր մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում աճող երկկողմ փոխգործակցության կապակցությամբ:

11. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը առաջնահերթ նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը:


Կողմերը առավելագույնս կնպաստեն դեռեւս չօգտագործված տնտեսական ներուժի օգտագործմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, վառելիքաէներգետիկ հատվածում, տրանսպորտի եւ հաղորդակցման միջոցների բնագավառում, լեռնամետալուրգիական եւ վերամշակման բնագավառներում, ինչպես նաեւ մի շարք այլ, այդ թվում ինովացիոն ոլորտներում կոոպերացիայի զարգացմանը:

Կողմերը կաջակցեն արտաքին տնտեսական կապերի կարգավորման եւ խթանման մեխանիզմի կատարելագործմանը, այդ թվում նաեւ` Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ, ինչպես նաեւ իրենց տնտեսավարող սուբյեկտների միջեւ:

Կողմերն ընդգծում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացման անհրաժեշտությունը:

Կողմերը կաջակցեն ֆինանսական եւ բանկային կառույցների փոխգործակցության հետագա զարգացմանը, համատեղ ներդրումային ծրագրերի իրագործմանը:

12. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը հանդես են գալիս Կովկասում երկաթուղային եւ այլ տրանսպորտաjին ուղիների շուտափույթ վերաշահագործման օգտին եւ պատրաստ են այդ ուղղությամբ ջանքեր գործադրել:

13. Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը համակողմանիորեն կնպաստեն երկու երկրների ժողովուրդների միջեւ առկա հոգեւոր — մշակութային կապերի պահպանմանը, կխորացնեն մշակույթի, գիտության, կրթության, տեղեկատվության, առողջապահության ոլորտներում փոխադարձ կապերը, կաջակցեն կազմակերպությունների եւ մշակույթի ու արվեստի գործիչների, հետազոտական կենտրոնների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվական միջոցների միջեւ անմիջական կապերի հաստատմանը:

14. Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահները համոզված են, որ երկու երկրների միջեւ առկա փոխհարաբերությունների զարգացման ներկայիս փուլը բացում է դաշնակցային փոխգործակցության` բոլոր բնագավառներում կապերի առավել խորացման լայն հեռանկար` ելնելով ազգային տնտեսության եւ մշակույթի բազմակողմանի զարգացման, կովկասյան տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում տեւական խաղաղության, կայունության եւ երաշխավորված անվտանգության ապահովման շահերից:


Կատարված է Մոսկվա քաղաքում, 2008 թվականի հունիսի 24-ին:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Ա. Սարգսյան

Ռուսաստանի Դաշնության Նախագահ
Դ. Ա. Մեդվեդեւ

← Վերադառնալ