19
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Այբ» ակումբի ու կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Այբ» ակումբի ու կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

«Այբ»-ի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին ծանոթացրել են ակումբի գործունեությանը, որը հիմնականում ուղղված է կրթական ոլորտի բարեփոխումներին, օրինակելի կրթական միջավայրի ձեւավորմանն ու շնորհաշատ երեխաների աջակցմանը: Խոսելով ապագա ծրագրերի մասին, նրանք ներկայացրել են «Այբ կրթական հանգույցը», որի իրագործման դեպքում կստեղծվի առաջին դպրոցական ավանն իր բոլոր բաղադրիչներով` դպրոց, եկեղեցի, սպորտային համալիր, արվեստանոց, արհեստանոց, հանրակացարան եւ այլն:

Նշելով, որ կառավարությունը վաղուց հողահատկացում է կատարել ծրագրի իրականացման համար, հեղինակները բացի պետության, ցանկալի են համարել նաեւ մասնավոր հատվածի աջակցությունը այս գաղափարի իրագործմանը:

Նախագահը, երաշխավորելով պետության մասնակցությունն ու օժանդակությունը, ասել է, որ չնայած այս պահին գաղափարը փոքր քիչ ուտոպիստական է թվում, այնուամենայնիվ, համոզված է, որ եթե նշաձողը բարձր է դրված, արդյունքներն էլ մեծ կլինեն: Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են հասարակության կրթական մակարդակի բարձրացմանը, հասարակության համախմբմանը:

Հանդիպման մասնակիցները, համաձայնվելով, որ Հայաստանը սահմանափակ բնական ռեսուրսներ ունի, ասել են, որ մեր երկրի հիմնական ռեսուրսը ինտելեկտն է, որը պետք է մաքսիմալ զարգացնել: Արդյունքում` ֆիզիկական արժեքների փոխարեն Հայաստանն աշխարհին կտա գաղափարներ:

← Վերադառնալ