17
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին:

Նախագահը չափազանց կարեւորել է մեր երկրում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը, որոնք նպատակաուղղված են պետականության ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը: Գոհունակություն հայտնելով սերտ եւ կառուցողական գործակցության առթիվ, Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է այն խորացնել եւ ավելի արդյունավետ օգտագործել ընձեռված հնարավորությունները:

Տիկին Կոնսուելո Վիդալի խոսքով, Հայաստանը ՄԱԿ-ի ակտիվ անդամ է եւ իր դրական ներդրումն է բերում կազմակերպության աշխատանքներին: Նա Հանրապետության նախագահին ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի 12 մասնագիտացված գործակալությունների գործունեությունն ու ծրագրերը` նշելով, որ իրենց ցանկությունն է, որպեսզի դրանք լավագույնս եւ առավել արդյունավետությամբ ծառայեն Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաեւ ասել է, որ ներկայումս մշակվում է Հայաստանի հետ համագործակցության նոր` քառամյա ծրագիր եւ իրենք կառավարությանն առաջարկում են մատնանշել այն առաջնահերթ ուղղություններն ու ոլորտները, որտեղ ակնկալում են ՄԱԿ-ի օժանդակությունը:

Սերժ Սարգսյանն առաջնային է համարել հումանիտար ծրագրերից անցումը զարգացման ծրագրերին` միաժամանակ ցանկություն հայտնելով, որ համատեղ նախագծերը լինեն շատ ավելի շոշափելի ու նպատակային: Նա հատկապես կարեւորել է ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների փորձագիտական օժանդակությունը` նշելով, որ պետության հնարավորությունները տարեցտարի ավելանում են, եւ ներկայումս հիմնական խնդիրը դրանք առավել արդյունավետ ու նպատակային օգտագործելն է:

Հանդիպմանը խոսվել է նաեւ համաշխարհային շուկայում վառելիքի եւ սննդամթերքի գների փոփոխությամբ պայմանավորված պարենային անվտանգության խնդիրների եւ այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունների մասին:

Կողմերն անդրադարձել են նաեւ փախստականների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին` դրանց լուծման ճանապարհին կարեւոր քայլ համարելով բնակարանային սերտիֆիկատների համակարգի կիրառումը:

Հանդիպման ավարտին տիկին Կոնսուելո Վիդալը Հանրապետության նախագահին հրավիրել է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ` տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքներին ու ծրագրերին:

← Վերադառնալ