16
06, 2008

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ԵԽԽՎ 1609 բանաձեւի դրույթների իրականացումը բխում է իր նախընտրական ծրագրից եւ համահունչ է քաղաքական կոալիցիայի հռչակած առաջնահերթություններին: Նախագահը նշել է, որ ժողովրդավարական բարեփոխումները չեն սահմանափակվում ԵԽԽՎ բանաձեւի դրույթների ուղղությամբ իրականացվող քայլերով եւ ունենալու են շարունակություն: Կողմերն անդրադարձել են Նախագահ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշակված միջոցառումների իրականացման ընթացքին, մտքեր փոխանակել բանաձեւի տարբեր դրույթների իրականացման մասին:

Ջոն Պրեսկոտը բարձր է գնահատել Նախագահի կողմից հատուկ աշխատանքային խմբի ստեղծումը եւ ԵԽԽՎ 1609 բանաձեւի դրույթների իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Պարոն Պրեսկոտն ընդգծել է, որ, չնայած ԵԽ խորհրդարանական վեհաժողովը շատ լավ հասկանում է, որ բանաձեւի դրույթների իրականացման համար նախանշված ժամանակահատվածը բավարար չէ բոլոր ուղղություններով ամբողջական առաջընթաց ունենալու համար, սակայն ուրախ է արձանագրելու բարեփոխումների իրականացման ուղղությամբ առկա քաղաքական կամքը: Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է ժողովրդավարական բարեփոխումների հետագա խորացման ճանապարհով գնալու Հայաստանյան իշխանությունների հստակ մտադրությունը:

← Վերադառնալ