09
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ Կուո Վուին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ Կուո Վուին:

Նշելով, որ Հայաստանում սիրում են բռնցքամարտը եւ այս սպորտաձեւը մեր երկրում լավ ավանդույթներ ունի, նախագահ Սարգսյանն ասել է, որ Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելու են հայաստանցի չորս բռնցքամարտիկներ եւ հույս է հայտնել, որ նրանք հաջող հանդես կգան` վերականգնելով հայկական բռնցքամարտի բարի համբավը:

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահը նշել է, որ երկօրյա այցի ընթացքում հնարավորություն է ունեցել ծանոթանալ Հայաստանում բռնցքամարտի զարգացման պայմաններին: Ընդգծելով հայկական բռնցքամարտի լավ պատմությունը, Չինգ Կուո Վուն ասել է, որ միջազգային ասոցիացիան ցանկություն ունի հաջորդ տարի Հայաստանում անցկացնել սիրողական բռնցքամարտի երիտասարդական միջազգային առաջնությունը: Սերժ Սարգսյանը ողջունել է նման մտադրությունը:

Ըստ երկրի ղեկավարի, ցանկացած սպորտաձի զարգացման ամենամեծ խթանը հաղթանակներ են, որոնք ոգեւորիչ օրինակ են դառնում շատերի համար եւ մեծացնում ձգտումը դեպի տվյալ սպորտաձեւը:

Չինգ Կուո Վուն ասել է, որ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան մշտապես պատրաստ է ըստ ամենայնի աջակցել Հայաստանում սպորտաձեւի զարգացմանը:

← Վերադառնալ