03
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին եւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին եւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին: Մեծանուն մեր հայրենակիցն այս անգամ Հայաստան է ժամանել ընտանիքի հետ:

«Ամեն անգամ Հայաստան գալով մեծ ուրախություն եմ զգում»,- ասել է Շառլ Ազնավուրը եւ գոհունակությամբ նշել, որ ընտանիքում այլեւս հայաստանցի ունեն, թոռան կինը ծնունդով այստեղից է:

Ողջունելով Շառլ Ազնավուրի հերթական այցը, Նախագահը վստահություն է հայտնել, որ այն հաճելի պահեր կպարգեւի մեր մեծ հայրենակցին:

Սերժ Սարգսյանն անգնահատելի է համարել Շառլ Ազնավուրի ծառայություններն իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու ուղղությամբ: «Յուրաքանչյուր հայ հպարտ է նման հայրենակից ունենալով եւ նաեւ Ձեր միջոցով է Հայաստանի նկատմամբ վերաբերմունք ձեւավորվում»,- ընդգծել է երկրի ղեկավարը:

Մեծանուն երգիչն իր տպավորություններն է հայտնել մայրաքաղաքից, ասելով, թե հաճելիորեն զարմացած է կատարված փոփոխություններից:

Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը եւ Շառլ Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին: Շառլ Ազնավուրը հատկապես հրատապ խնդիր է համարել գյուղական բնակավայրերի զարգացումը: Նշելով, որ տարածքային համաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է, Սերժ Սարգսյանն ասել է, որ այսօր խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են լուրջ քայլեր, այդ թվում` փորձ է արվում Երեւանում կենտրոնացած հիմնական ռեսուրսների որոշ մասը տեղաբաշխել նաեւ մարզերում:

← Վերադառնալ