26
05, 2008

Շնորհվել են 2007թ. ՀՀ նախագահի մրցանակները

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մրցանակներ է հանձնել 2007թ. «Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ»-ի 13 անվանակարգերի 26 հաղթողներին:

Իր ողջույնի խոսքում երկրի ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Իննսուն տարի առաջ այս օրերին Ղարաքիլիսայում, Սարդարապատում, Բաշ-Ապարանում տարած պատմական հաղթանակների շնորհիվ հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը:

Անկախ պետականության վերականգնումը ենթադրում է նաեւ ժողովրդի արժեքային համակարգի, լայն առումով` մշակույթի զարգացում: Համակարգ, որ դարեր շարունակ եղել է մեր ինքնության առանցքը»:

Նախագահը համոզմունք հայտնել, որ հայկական պետությունն ունի հայ մշակույթը պահպանելու եւ զարգացնելու հատուկ առաքելություն: «Այդ առաքելությունն արդյունավետ իրականցնելու ճանապարհին մենք ձեզ հետ միասին լուրջ անելիքներ ունենք. Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ միջազգային հեղինակության բարձրացմանը զուգընթաց մեզ անհրաժեշտ է գիտական եւ հոգեւոր-մշակութային զարթոնք:

Մշակութային կյանքում անհրաժեշտ են խորքային եւ որակական փոփոխություններ: Մեր երկրում բարոյական մթնոլորի եւ հասարակական իդեալների ձեւավորման մեջ դուք մեծ դեր ունեք: Մտավորականի դերի եւ կերպարի արժեւորումը, վստահ եմ, հրատապ է մեզանում: Եթե մի երկրում դպրոցականները երազում են ոչ միայն իրավաբան ու բիզնեսմեն դառնալու մասին, այլեւ` գիտնական ու երաժիշտ, համոզված եմ, որ նման երկրի գործերը բնականոն ընթացք կունենան: Դրա համար նոր սերնդին պետք են օրինակելի գործեր եւ մարդիկ: Այսօր այդ օրինակը դուք եք:

Մրցանակով մենք արժեւորում ենք ձեր աշխատանքը եւ հասարակության ուշադրությունն ենք հրավիրում ձեր օրինակին»,-ասել է Ս.Սարգսյանը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Պողոսյանների ընտանիքին` Նախագահի մրցանակի գաղափարը հղանալու եւ դրա շարունակականությունն ապահովելու համար:

← Վերադառնալ