21
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի հետ

album picture
Նախագահ Սարգսյանն ասել է, որ նման հանդիպումները լավ ձեւաչափ են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգում առկա խնդիրները քննարկելու համար:

Երկրի ղեկավարի համոզմամբ, Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը, միանշանակորեն, կարագացնի Հայաստանի թե ժողովրդավարական, եւ թե տնտեսական զարգացումը:

Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում գործողությունների ծրագրի իրականացումը դիտելով Հայաստանի համար առաջնահերթություն, Նախագահը շեշտել է, որ այն լիովին համահունչ է կառավարության ծրագրին եւ նախատեսվող լայնածավալ բարեփոխումների տրամաբանությանը: Սերժ Սարգսյանը Հայաստանի համար շատ կարեւոր է համարել Եվրահանձնաժողովի մասնագիտական փորձը: Նախագահն ասել է, որ գոհ է Գործողությունների ծրագրի առաջին տարվա կատարողականից եւ արդյունքների վերաբերյալ Եվրահանձնաժողովի Առաջընթացի զեկույցում տրված գնահատականներից` դրանք, ընդհանուր առմամբ, համարելով հավասարակշռված եւ արդարացի: Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը ձգտում է միանալ ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգի»(GSP+) առեւտրային ռեժիմին, Եվրամիությունից ստանալ շուկայական տնտեսության կարգավիճակ, ինչպես նաեւ ԵՄ հետ ստորագրել ազատ առեւտրի համաձայնագիր եւ այս առումով առաջիկա տարիների համար գերխնդիր է լինելու երկրում ներդրումային մթնոլորտի, գործարար միջավայրի բարելավումը, մաքսային ոլորտում արմատական բարեփոխումների իրականացումը:

Անդրադառնալով քաղաքական գործընթացներին, Սերժ Սարգսյանն ասել է, որ անկախ հետընտրական զարգացումներից, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը մեզ համար անհրաժեշտություն է, եւ մենք շարունակելու ենք այդ գործընթացը: Նշելով, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո ինքը համագործակցության առաջարկությամբ դիմել է քաղաքական ուժերին, եւ ստացել գերակշիռ մեծամասնության դրական արձագանքը, որի արդյունքում ձեւավորվել է քաղաքական կոալիցիա, Նախագահն, այնուամենայնիվ, ցավով նշել է, որ հնարավոր չեղավ կանխել այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին: Անկախ այն բանից, որ թեկածուներից մեկը դեռեւս ամիսներ առաջ էր խոսում այդ մասին, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ իշխանությունները պատասխանատու են երկրում տեղի ունեցող գործընթացների համար եւ հետեւանքների վերացումը տեսնում են Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի բանաձեւում ամփոփված դրույթների իրագործման մեջ: Հատկապես որ, դրանք ամբողջովին համապատասխանում են ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրին եւ քաղաքական կոալիցիայի համագործակցության սկզբունքներին: «Աշխատանքային խմբի առաջարկությունները հավանության են արժանացել քաղաքական կոալիցիայի կողմից, եւ մենք տրամադրված ենք դրանք լիովին իրականացնել»,-շեշտել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման եւ Երեւանում տարածաշրջանային ԵՄ մշակութային կենտրոնի հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Նախագահն իր մոտեցումներն է արտահայտել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ` նշելով, որ պաշտոնական Երեւանը կողմնակից է խնդրի խաղաղ լուծմանը` փոխզիջումների հիման վրա, մինչդեռ հակառակ կողմը հաճախ է հանդես գալիս ռազմատենչ հայտարարություններով: Այս ամենով հանդերձ, Սերժ Սարգսյանը կարծում է, որ խնդրի կարգավորման հնարավորությունները սպառված չեն, եթե հիմնարար սկզբունքների հիման վրա շարունակվեն բանակցությունները:

Հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Նախագահն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ վիճելի բոլոր խնդիրները քննարկել միջպետական հարաբերությունների ու բանակցությունների միջոցով:

Ֆրանսիայի դեսպան Սմեսովը դիվանագետների անունից գոհունակություն է հայտնել հանդիպումների ավանդույթը շարունակելու համար եւ նշել, որ նման քննարկումները իրենց համար շատ օգտակար են:

Դեսպանները ողջունել են ԵԽԽՎ բանաձեւում ամփոփված առաջարկությունների շրջանակում գործելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը:

Զրույցի ընթաքցքում Հանրապետության նախագահը պարզաբանումներ է տվել նաեւ դիվանագետներին մտահոգող խնդիրների վերաբերյալ:

← Վերադառնալ