15
05, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսին

album picture
Հանրապետության նախագահը կարեւորել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ամրապնդումը` դրանք դիտարկելով տնտեսական հաջողությունների, ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային կայունության համատեքստում:

Կողմերը խոսել են Հայաստանում հետընտրական շրջանում առաջացած իրավիճակի եւ դրանից բխող խնդիրների վերաբերյալ: Նրանք անդրադարձել են «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետագա գործունեությանը: Թոմ Ադամսն ասել է, որ իրենք որոշակի մտահոգություններ ունեն` կապված ծրագրի հիմքում ընկած չափորոշիչների պահպանման հետ:

Նշելով, որ հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը կազմվել են կառավարության կողմից եւ դրանք հիմնականում ուղղված են աղքատության կրճատմանը, քաղաքի եւ գյուղական բնակավայրերի զարգացման անհամաչափության հաղթահարմանը, նախագահ Սարգսյանն ասել է` մեր ցանկությունն է շարունակել գործակցությունը «Հազարամյակի Մարտահրավերներ» հիմնադրամի հետ: Անդրադառնալով Հիմնադրամի հիմքում ընկած տնտեսական եւ քաղաքական չափորոշիչներին, Նախագահն ընդգծել է, որ տնտեսական առումով որեւէ հետընթաց չկա, ինչի հետ Թոմ Ադամսը լիովին համաձայն է եղել` նշելով, որ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներն, իսկապես, լավն են եւ շարունակում են մնալ այդպիսին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ քաղաքական չափորոշիչների եւ գործընթացների վերաբերյալ: Նախա�ահը շեշտել է իրավիճակի ճիշտ գնահատման անհրաժեշտությունը: Թոմ Ադամսը կարեւորել է ընտրական գործընթացում տեղ գտած խախտումների, հետընտրական զարգացումների ուղղությամբ խորը հետաքննությունը:

Դիմելով Նախագահին, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ասել է. «Միացյալ Նահանգների վարչակազմը ցանկանում է, որ Դուք հաջողության հասնեք, Վաշինգտոնում մեծ հույսեր են կապում Ձեր գործունեության հետ եւ համոզված են, որ Դուք կարող եք լինել ուժեղ առաջնորդ եւ կարեւոր քայլեր ձեռնարկել երկիրն առաջ տանելու ուղղությամբ»:

← Վերադառնալ