09
05, 2008

Նախագահ Սարգսյանի այցը ԼՂՀ

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 8-ին մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձի եւ Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:

Մայիսի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նույն օրը ՀՀ նախագահը մասնակցել է Ստեփանակերտի կայազորի Սպայի տանը կազմակերպված հանդիսավոր երեկոյին:

Մայիսի 9-ին Սերժ Սարգսյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Նախագահի գլխավորած պատվիրակությունն այնուհետեւ ուղեւորվել է Շուշի: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մասնակցել է եռատոնի առիթով մատուցված պատարագին, այցելել է Գանձասար:

Արցախյան ազատամարտում ունեցած վաստակի եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ ցուցաբերած մշտական հոգածության համար «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միությունը» Նախագահ Սերժ Սարգսյանին պարգեւատրել է «Մայրական պատգամ» մեդալով:

← Վերադառնալ