21
04, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր այցելել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը

album picture
Նշելով, որ հանգամանքների բերումով չի կարողացել մասնակցել նորընտիր Նախագահի երդմնակալության արարողությանն, Արամ Առաջին կաթողիկոսն ասել է, որ Հայաստան է ժամանել Նախագահ Սարգսյանին անձնապես շնորհավորելու եւ իր զորակցություն հայտնելու նպատակով: «Եկեղեցին ու հայրենիքը, հավատ ու հայությունը մեզ համար մեկ ամբողջություն են, որի շրջանակում մենք պետք է գործակցենք»,-ընդգծել է նա:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը վստահություն է հայտնել, որ այսօր որդեգրած ընթացքն որոշ ժամանակ անց, անկասկած, տալու է իր արդյունքը եւ մարդիկ տեսնելու են, որ հստակ քայլեր են ձեռնարկվում` կառուցելու բոլորիս ցանկությունների ու սպասումների հայրենիքը:

Հանրապետության նախագահի խոսքով, թիկունքում ունենալով զույգ կաթողիկոսների զորակցությունը, կարելի է շատ բան անել եւ շատ մեծ արդյունքների հասնել: Նա բարձր է գնահատել եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում եւ նշել, որ 1000-ամյա պետականության բացակայության պայմաններում եկեղեցին իր վրա է վերցրել պետականության, հայապահպանության որոշ գործառույթներ եւ այն պատվով տարել:

Ընդգծելով, որ պետությունը հետայսու եւս զորակցելու է Հայ առաքելական եկեղեցու ամրապնդմանը, երկրի ղեկավարն ասել է, որ ազգային եկեղեցին պետք է շարունակի մնալ հայոց ոգու եւ ազգային ինքնության հիմնասյուներից մեկը:

Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները վստահություն են հայտնել, որ Սերժ Սարգսյանը մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կշարունակի ծառայել հայրենիքի ու մեր ժողովրդի ընդհանրական ու գերագույն շահերին: Նրանք իրենց աթոռներով պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի օժանդակել եւ զորավիգ լինել բոլոր այն բարի մտածումների իրականացմանը, որ ունի Նախագահը մեր երկիրն առաջ տանելու գործում:

← Վերադառնալ