17
04, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարության հետ

album picture
Հանդիպմանը մասնակցել են նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն, այլ պաշտոնյաներ:

Հանրապետության ղեկավարի խոսքով, ակնհայտ է, որ մաքսային մարմինների այսօրվա աշխատանքը եւ մասնագիտական պատրաստվածությամբ, եւ տեխնիկական հագեցվածությամբ, եւ, առաջին հերթին, պետության նկատմամբ պարտավորությունների կատարմամբ, էապես տարբերվում է նախորդ տարիներից, ինչն, անշուշտ, ձեռքբերում է: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, ըստ Նախագահի, համակարգում ծաղկում են նաեւ հոռի երեւույթները, կաշառակերությունը, հովանավորչությունն, ամբարտավան վերաբերմունքն, ինչն, անշուշտ, խոչընդոտում է տնտեսության զարգացմանը եւ հարուցում է համակարգի հետ շփվողների արդարացի զայրույթը:

Սերժ Սարգսյանի խոսքով, բոլոր նրանք, ովքեր պատրաստ չեն իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարել, պետք է հեռանան համակարգից, իսկ նրանք, ովքեր պատրաստ են ազնվորեն աշխատել, ծառայություններ մատուցել հանրությանն ու պետությանն, ամեն կերպ օժանդակություն կստանան իրենց աշխատանքում:

«Մեր երկրում չեն կարող լինել անհատներ, կառույցներ, որոնք հնարավորություն կունենան ճնշում գործադրել մաքսային մարմինների վրա կամ, որոնք կարող են մաքսանենգությամբ զբաղվել»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի գնահատմամբ, մաքսանենգությամբ զբաղվելն ուղիղ հավասար է անաշխատ եկամուտ ստանալուն, ինչն ուղղակիորեն ջարդոււմ է տնտեսությունը, ստեղծում անհավասար պայմաններ եւ բարեխիղճ գործարարի համար գործարարությամբ զբաղվելը տանջանք է դառնում:

Սերժ Սարգսյանն առաջնային է համարել խիստ պայքարն, այսպես կոչված, ձախ թղթապանակների դեմ, երբ մարզերից որեւէ մեկում բնակվող իննսունհինգ տարեկան մարդու անունով թղթապանակ են բացում, իբր նա միլիարդավոր դրամների շրջանառությամբ ձեռնարկություն ունի, մի քանի շաբաթ կամ ամիս հետո այդ ձեռնարկությունը, բնականաբար, փակվում է, իսկ հետքերը կորչում են: «Ձեզանից շատերն այս խնդրի մասին գիտեն, նույնիսկ վստահ եմ, որ ոմանք գիտեն, թե կոնկրետ ովքեր են դրանով զբաղվում, բայց միջոցներ չեն ձեռնարկում»,- ընդգծել է նա:

Նախագահի մատնանշած հաջորդ խնդիրը վերաբերել է մաքսատուրքով եւ ավելացրած արժեքով զրոյական հարկման ապրանքների անվան տակ Հանրապետություն ներկրվող այլ ապրանքների դեմ պայքարին: Նրա խոսքով, վերջին մի քանի օրերի ստուգումների արդյունքում մեծ քանակությամբ այդպիսի ապրանք է հայտնաբերվել, երբ ապրանքագրում գրված է մի բան, իրականում բոլորովին այլ է: «Վստահ եմ, որ առանց մաքսավորի մասնակցության նման բաներ անհնար են»,- շեշտել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանը մաքսային մարմինների ղեկավարներից պահանջել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել ժամանակավոր ներմուծման խնդրին, երբ ձեւակերպվում է ժամանակավոր ներմուծում, Հանրապետություն են ներկրվում ապրանքներ, որոնք իբրեւ թե վերամշակվում են, հետո դուրս հանվում:

Ըստ Նախագահի, իր թվարկած բոլոր այս ձեւերն ուղղակիորեն մաքսանենգությունն օրինականացնում են, իսկ դրանց տակ տասնյակ միլիարդավոր դրամներ են, որի կարիքը մեր երկիրը շատ ունի: Այս առումով երկրի ղեկավարը չափազանց կարեւորել է հարկային եւ մաքսային մարմինների համագործակցված աշխատանքը:
Հաջորդ խնդիրը, որի վրա Սերժ Սարգսյանը հրավիրել է ներկաների ուշադրությունը, վերաբերել է ապրարանքների գների չափին, այսպես կոչված, հսկիչ գներին: Նախագահի համոզմամբ, մաքսային մարմիններն իրավունք չունեն կամայական կերպով շաբաթը մեկ գներ փոխել: Թեեւ օրենքը նրանց այդպիսի հնարավորություն ընձեռում է, բայց այդ աշխատանքը պետք է լինի չափազանց թափանցիկ եւ հանրության համար հասանելի: Բոլոր հսկիչ գները պետք է լինեն մաքսային կառույցի կայքում եւ բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր մարդ ցանկացած պահի պետք է իրավունք ունենա տեղեկանալ այդ գներին:
Ըստ Սերժ Սարգսյանի, մաքսայինը ի վերջո պետք է գնա այն ճանապարհով, որ հայտարարագրվեն ներկրողի կողմից ներկայացվող գները: Նախագահի կարծիքով, հարկային մարմինների հետ նորմալ համագործակցված աշխատելու դեպքում պետությունն այստեղ որեւէ լումայի կորուստ չի ունենա:

Երկրի ղեկավարն առաջնային է համարել ավարտին հասցնել տեխնիկական վերազինման ծրագիրն, ինչը ենթադրում է նաեւ աշխատանքի կուլտուրայի բարելավվում, մարդկանց հետ շփվելու քաղաքակիրթ կանոններ:
Ավարտելով խոսքը Նախագահն ասել է. «Մեր երկրում հարկային եւ մաքսային մուտքերից բացի սոցիալական խնդիրներ լուծելու այլ աղբյուրներ չկան: Հետեւաբար, մենք պետք է գնանք ինքնամաքրման ճանապարհով, պետք է բարձրացնենք մատուցվող ծառայության որակը, մաքսային համակարգն իր աշխատանքով պարտավոր է նպաստել բիզնեսի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը:

Մենք բոլորս պետք է ապրենք նորմալ երկրում, որտեղ կարելի է առանց բարդությունների գործարարությամբ զբաղվել: Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դժվարությունների առաջին հերթին հանդիպում է փոքր եւ միջին բիզնեսը, որեւէ խոշոր գործարար Հայաստանում խնդիրներ չունի, հատկապես մաքսային համակարգի հետ: Սա ինչ-որ բան պետք է հուշի:
Կրկնում եմ, արտոնյալներ չպետք է լինեն, բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, սա է ձեր առաջնահերթ խնդիրը»:

← Վերադառնալ