16
04, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանին

album picture

Նշելով, որ ապրիլի 14-ի իր երկու հրամանագրերով նշանակվեցին պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, Սերժ Սարգսյանն ասել է, որ դա, իհարկե, զուգադիպություն էր, սակայն այդ զուգադիպությունը նաեւ խորհուրդ ունի: «Ես համարում եմ, որ յուրաքանչյուր երկրի դիվանագետ, իսկ Հայաստանի պարագայում նամանավանդ, իր երկրի առաջամարտիկն է, իր երկրի զինվորը, սպան, գեներալը եւ ոչ պակաս պատասխանատվություն է կրում Հայաստանի սահմանների անառիկության, անվտանգության համար: Ես հորդորում եմ մեր դիվանագետներին` մշտապես հիշել եւ ղեկավարվել այս սկզբունքով»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Նախագահի խոսքով, արտաքին քաղաքականությունը եւ պաշտպանությունը մշտապես եղել եւ մնալու են գերակայություն:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ոչ միայն մեր դիվանագետներն, այլեւ` հասարակության մի զգալի հատվածը ճանաչում են նորանշանակ նախարար Նալբանդյանին, գնահատում են նրա գործունեությունը, մասնագիտական ունակությունները եւ ամենակարեւորն` աշխատանքի արդյունքը: Նա համոզմունք է հայտնել, որ նոր պաշտոնում Էդվարդ Նալբանդյանը կկարողանա առավելագույնս բացահայտել իր կարողությունները եւ օգտակար լինել մեր երկրին:

Նախագահը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել Վարդան Օսկանյանին: Մարդու, ով տասը տարի ղեկավարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, եւ այդ տարիների ընթացքում արժանապատվորեն եւ արժանավայել ներկայացրել է մեր երկիրն աշխարհին. ՄԱԿ-ի ամբիոնից, միջազգային կառույցներում, երկկողմ հարաբերություն-ներում: Նա վստահություն է հայտնել, որ պարոն Օսկանյանի փորձն ու կարողությունները հետագայում եւս օգտակար կլինեն մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

Օգտվելով առիթից, Հանրապետության ղեկավարը խոսել է նաեւ արտաքին քաղաքականության որոշ հարցերի վերաբերյալ:

Նա ասել է, որ առաջիկա տարիներին ՀՀ արտաքին քաղաքկանությունը, պահպանելով իր փոխլրացման բովանդակությունը, պետք է դառնա ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող, եւ մենք պետք է կարողանանք ավելի շատ ներգրավվել միջազգային կյանքում, շարունակել խորացնել մեր հարաբերություններն ինչպես բարեկամ երկրների, այնպես էլ` միջազգային կազմակերպությունների հետ: Այս առումով նա չափազանց կարեւորել է բարենպաստ պայմանների ստեղծումը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ արդարացի լուծման համար:

Նշելով, որ Բաքվում որոշակի թյուրիմացություն կա կապված Ադրբեջանի նավթադոլարների, հումքային ռեսուրսների հետ, Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք պետք է ինքներս մեզ հաշվետու լինենք, նաեւ ուրիշներին բացատրենք, որ փողի ուժով չէ, որ կարելի է պետություն կառուցել, փող ուժով չէ, որ կարելի է զինված ուժեր ստեղծել: Հայտնի է բոլորիդ, որ տնտեսական ազատությունների վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցնում է 28-րդ, իսկ Ադրբեջանը` 107-րդ տեղը: Սա արդեն իսկ ինչ-որ բանի մասին խոսում է: Մասնագետների գնահատականով, Ադրբեջանում կան զինված ստորաբաժանումներ, իսկ Հայաստանում` զինված ուժեր: Եվ եթե ադրբեջանցիներին թվում է, թե զուտ դոլարով կարելի է կարճ ժամանակում բանակը դարձնել մարտունակ եւ այդ բանակի օգնությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրն, ապա նրանք չարաչար սխալվում են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստն այլեւս անդառնալի է, անշրջելի»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը մշտապես աջակցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը, Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է այդ քաղաքականությունը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի ղարաբաղյան խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով: Մենք պատերազմից չենք վախենում, բայց նաեւ չենք ուզում, որ պատերազմ լինի»,-շեշտել է նա:

Երկրի ղեկավարն արտաքին քաղաքականության լրջագույն խնդիրներից է համարել բարեկամ երկրների հետ տնտեսական կապերի խորացումը` նշելով, որ շատ երկրների հետ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, սակայն տնտեսական կապերը թույլ են: «Այստեղ կա մեծ ներուժ եւ այն պետք է օգտագործել առավելագույնս»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանը հատուկ կարեւորել է Սփյուռքի հետ աշխատանքը, հայապահպանության խնդիրները, Սփյուռքի ներուժի ավելի լիարժեք օգտագործումը:

Նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում շարունակելու է մնալ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման խնդիրը:

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնելով վստահության համար, ասել է, որ պաշտոնը ստանձնում է պատասխանատվության մեծ գիտակցությամբ եւ պատրաստ է բազմապատկել իր եւ գործընկերների ջանքերն ու հնարավորությունները` լուծելու արտաքին քաղաքական գերատեսչության առջեւ դրված խնդիրները: Նա կարեւորել է գործունեության կազմակերպումը ժամանակի պահանջներին համահունչ, հանրային աջակցությունը եւ միասնական թիմով ամենօրյա տքնաջան աշխատանքը:

Վարդան Օսկանյանը շնորհակալություն է հայտնել արտաքին գործերի նախարարության աշխատակազմին եւ նշել, որ առանց նրանց նվիրական աշխատանքի հաջողության հասնելն անհնարին կլիներ: Նա պատրաստակամություն է հայտել իր կուտակած փորձն ու գիտելիքները հետայսու եւս ծառայեցնել Հայաստանի հզորացմանը:



← Վերադառնալ