10
04, 2008

Կառավարության նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ վարչապետին

album picture
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին ներկայացրել է նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ավելի քան մեկ տարվա համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնել կառավարությանը: ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել է.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարության կազմում համատեղ աշխատանքի համար: Մոտավորապես այսպիսի կազմով մենք աշխատում ենք մեկ տարուց մի քիչ ավելի եւ, կարծում եմ, մեր տնտեսության համար 2007 թվականը հաջողված տարիներից մեկն էր: Մենք ձեզ հետ միասին կարողացանք ավելացնել նաեւ պետական բյուջեի մուտքերը, ինչը հնարավորություն տվեց լուծելու որոշակի սոցիալական խնդիրներ: Բայց, կարծում եմ, որ ե՛ւ 2007-ը, ե՛ւ դրան նախորդող տարիները որոշակիորեն նախապատրաստող ժամանակաշրջան էին, եւ մենք հիմա պետք է ավելի հավակնոտ ծրագրեր ունենանք, պիտի համարենք, որ մեր բարեփոխումների առաջին փուլը ավարտել ենք եւ անցնում ենք երկրորդ փուլին: Այս առումով, ուզում եմ արդեն պաշտոնապես ձեզ ներկայացնել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նոր վարչապետին, եւ հույս հայտնել, որ նրա ղեկավարությամբ կառավարությունը մոտակա տարիներին, իրոք, կիրագործի հավակնոտ ծրագրեր: Ես դրանում ուղղակի համոզված եմ: Անհրաժեշտ է, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրն իր հնարավորություններն առավել չափով ներդնի ընդհանուր գործին, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը կարողանա դառնալ թիմի կարեւորագույն անդամներից մեկը: Ես սրանում վստահ եմ»:

← Վերադառնալ