ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ Նախագահի նստավայրում հյուրընկալել են բազմաթիվ երեխաների
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք հասարակական կազմակերպությունների անդամների ընտանիքների երեխաների և թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց: