ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ Նախագահի նստավայրում հյուրընկալել են բազմաթիվ երեխաների
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են սահմանամերձ մի շարք համայնքների բազմաթիվ երեխաների, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիր երեխաների, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) և Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաների:
Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, բարեմաղթանքներ հղել նրանց:
Սահմանամերձ համայնքներից երեխաները մայրաքաղաք են ժամանել մեկ օր առաջ, և Նախագահի նստավայրում տոնական միջոցառմանը մասնակցելուց բացի, նրանց համար կազմակերպվել է մշակութային լրացուցիչ ծրագիր՝ այցելություն Հայաստանի պատմության թանգարան և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Երեխաների համար նաև շրջայց է կազմակերպվել գիշերային տոնական Երևանով: