ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
Ռիտա Սարգսյանը ներկա է գտնվել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի բացմանը
ՀՀ առաջին տիկին, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի նախագահ Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքում ներկա է գտնվել աուտիզմով երեխաների համար կառուցված «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի բացմանը:
Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Օրվա առաքելությունն է՝ շեշտադրել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք:
Այս տարի ապրիլի 2-ին է նվիրված «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքի բացումը։ «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնը կիրառում է աուտիզմով երեխաների համար առաջատար երկրների կողմից ընդունված թերապիա: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար, իրագործել աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան:
Միջոցառման ընթացքում Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը պարգևատրվել է Միության ոսկե մեդալով՝ արվեստի և առողջապահական ոլորտում ծավալած բեղուն գործունեության, ինչպես նաև հատուկ ուշադրության կարիք ունեցող մանուկների հանդեպ ցուցաբերած հոգածության և նրանց կյանքի պայմանների բարելավման ուղղությամբ հովանավորության համար: