ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը հյուրընկալել են մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ երեխաների
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում դեկտեմբերի 23-ին հյուրընկալել են սահմանամերձ բազմաթիվ գյուղերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վահան, Վայոց Ձորի մարզի Խնձորուտ, Բարձրունի, Խաչիկ, Սերս, Արարատի մարզի՝ Երասխ, Տավուշի մարզի Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Բաղանիս գյուղերի՝ թվով 200 երեխաների: Փոքրիկ հյուրերի ներկայությամբ հանդիսավորությամբ վառվել են նստավայրի տոնածառի լույսերը, և մեկնարկել է տոնական միջոցառումը: Տոնական միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում շարունակվել են նաև հետագա երկու օրերին՝ դեկտեմբերի 24-25-ին: Նախագահի նստավայրում հյուրընկալվել են սիրիահայ երեխաները, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաներն ու թոռնիկները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, իսկ դեկտեմբերի 25-ին՝ հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած երեխաները՝ ընդհանուր առմամբ շուրջ 1000 երեխա: