22
10, 2012

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը մասնակցել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի բարեգործական ցուցահանդես-վաճառքին

ՀՀ առաջին տիկին, «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանը հոկտեմբերի 22-ին մասնակցել է Հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքին, որտեղ ներկայացվել են մի շարք հայտնի հայ նկարիչների թվով 50 կտավներ (Ռոբերտ Էլիբեկյան, Սարո Կալենց, Էմիլ Գազազ, Սիփան Շիրազ և ուրիշներ): Միջոցառումն անցկացվել է մայրաքաղաքի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Բարեգործական ցուցահանդես-վաճառքից գոյացած գումարը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամն օգտագործելու է քաղցկեղով հիվանդ երեխաների ապաքինմանն աջակցելու նպատակով:

Ցուցահանդես-վաճառքի ժամանակ ներկայացվել է «12 հեքիաթ» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմել է ապաքինված երեխաների մեկ հեքիաթային օրվա մասին: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են նաև այդ երեխաների և նկարիչ Տիգրան Մատուլյանի համատեղ ստեղծած 12 կտավները:

Բարեգործական ցուցահանդես-վաճառքին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահի հետ միասին ներկա են եղել խորհրդի անդամները, Հայաստանի մշակույթի մի շարք ականավոր գործիչներ:

Միջոցառմանը ելույթ է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2012» երգի միջազգային մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող “Compass band” խումբը:

 

← Վերադառնալ