Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
«Պատերազմը ապակայունացրել է ողջ Կովկասը: Հայաստանը խաղաղություն է ուզում». նախագահ Վահագն Խաչատուրյանի հարցազրույցն իտալական հեղինակավոր «Corriere della Sera»-ին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցին ընդառաջ հարցազրույց էր տվել իտալական հեղինակավոր «Corriere della Sera» պարբերականին:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք լրագրող Մարտա Սերաֆինի հարցազրույցը նախագահ Խաչատուրյանի հետ:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի ռիսկը վտանգում է խաղաղությունը ողջ Հարավային Կովկասում»: Հռոմ է ժամանելու Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը: Օրակարգում են՝ հանդիպումներ նախագահ Մատարելլայի, Պատգամավորների պալատի և Սենատի նախագահնի հետ և նաև, ելույթ՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի + 2 Stocktaking Moment (UNFSS+2) և Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council) գագաթաժողովին, որը պարենային և առողջապահական անվտանգության շուրջ քննարկումների հարթակ է և կազմակերպված է Ամբրոզետտիի ուղեղային կենտրոնի կողմից: «Մեզ համար սա շատ կարևոր այց է, - բացատրում է Խաչատուրյանը,- հատկապես մեր հարևան Ադրբեջանի հետ տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո»:
Դուք նկատի ունեք Լաչինի միջա՞նցքը, որ միակ կապն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև: Ամիսներ շարունակ դատապարտում եք տարածաշրջանի շրջափակումը...
Այո, 2023թ. չենք կարող հանդուրժել, որ 120 հազար մարդ սովի մատնվի: Անհնար է սնունդ մատակարարել, քանի որ Ադրբեջանն արգելափակել է միջանցքը: 2020թ. պատերազմից հետո մեր հարևանը ոչ միայն վայելում է անպատժելիությունը, այլև հաստատապես կարծում է, որ ռազմական գործողությունների միջոցով հետագայում ևս կարող է հասնել իր նպատակներին:
Ի՞նչ փուլում են բանակցությունները: Եվ ո՞րն է Եվրոպական միության դերը:
Վերջին բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Սակայն հանդիպումներ են եղել նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև երկկողմ բանակցություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Սեղանին է խաղաղության համաձայնագրի նախագիծ, որի կետերից մեկը բնականաբար միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է: ՀՀ Վարչապետը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հուսով ենք, որ նույնը նրանք կանեն»:
Սակայն երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը «շատ հավանական է».
Ցավոք, դա իրականություն է: Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է պայթյունավտանգ մնալ, քանի որ մեր ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի սպառնալիքը չափազանց մեծ է: Բաքուն անտեսում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ստորագրված ՀՀ Վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Ադրբեջանի շարունակական ագրեսիան նաև նոր ձևեր է ստանձնում: Ականատես ենք լինում, թե ինչպես է ադրբեջանական կողմը սահմանամերձ հատվածներում կրակում: Եվ ցավոք, չենք տեսնում միջազգային հանրության համարժեք և կոշտ արձագանքը:
Տեսականորեն Մոսկվան պետք է ձեր դաշնակիցը լինի, բայց Ուկրաինայում պատերազմը միանշանակ շեղել է Կրեմլի ուշադրությունը և դուք մեղադրել եք նրան բավականաչափ չգործելու մեջ: Ի՞նչ փուլում են Ռուսաստանի հետ ձեր հարաբերությունները:
Շարունակում ենք շատ սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. այն մեր առաջին առևտրային գործընկերն է: Եվ մենք մաս ենք կազմում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղապահ առաքելություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Բացի այդ, Ռուսաստանում շատ հայեր են ապրում:
Պատերազմի մեկնարկից ի վեր կան սակայն նաև շատ ռուսներ, ովքեր որոշել են տեղափոխվել մեր երկիր և մտադրություն չունեն հետ վերադառնալ քանի դեռ այն չի ավարտվել: Ուստի, կապերը շարունակում են մնալ: Բայց ակնհայտ է, թե ինչպես է պատերազմը ապակայունացրել տարածաշրջանը՝ հատկապես տնտեսական առումով: Եվ եթե դա չլիներ կարող էինք այլ հարաբերություններ ունենալ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ: