Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը սաուդական ArabNews-ին
Այս տարվա հոկտեմբերի 26-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցը կատարեց Սաուդյան Արաբիա՝ արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից մեկը:
Դեկտեմբերի 18-ին Հայաստան ժամանեց Սաուդյան Արաբիայում տեղակայված Մերձավոր Արևելքի առաջատար անգլալեզու օրաթերթի՝ ArabNews-ի գլխավոր խմբագիր Ֆայսալ Աբբասը:
ArabNews-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը: Տեսանյութերի հետ հրապարակվել է նաև Ֆայսալ Աբբասի՝ հարցազրույցն ընդհանրացնող հոդվածը, որում հեղինակը մասնավորապես նշում է. «Արմեն Սարգսյանը պատմության մեջ կմնա որպես Հայաստանի առաջին նախագահը, որը 1991թ. անկախացումից ի վեր այս տարվա հոկտեմբերին այցելեց Սաուդյան Արաբիա: Թեև երկու երկրները միմյանց նկատմամբ թշնամանք չեն ունեցել, սակայն նրանց միջև դիվանագիտական հարաբերություններ նույնպես չեն եղել՝ 1988-1994թթ. ղարաբաղյան հակամարտության ընթացքում և ղարաբաղյան առաջին պատերազմում Ռիադի կողմից Ադրբեջանին սատարելու պատճառով»:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի՝ Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերություններին վերաբերող հատվածը.
Ֆայսալ Աբբաս - Անկախությունից ի վեր՝ դա առաջին այցն էր, որ իրականացվել է Հայաստանի նախագահի կողմից: Կարո՞ղ եք որոշ մանրամասներ հայտնել, թե ինչպես այցը կայացավ, ինչպիսի՞ արդյունքներ կան, և ամենակարևորը՝ ե՞րբ կարող ենք ակնկալել դիվանագիտական կապերի հաստատում:
Նախագահ Սարգսյան - Մեր անկախության ավելի քան 30 տարիներին մենք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել Սաուդյան Արաբիայի հետ: Սաուդյան Արաբիան շատ կարևոր, ազդեցություն ունեցող և հեռանկարային երկիր է: Հայաստանը, լինելով փոքր երկիր, առաջինն է ընդունել քրիստոնեությունը: Նույնիսկ այս 30 տարիների ընթացքում հայերը գնացել են Սաուդյան Արաբիա, աշխատել են այնտեղ և շատ հայեր հաջողություններ են գրանցել: Կարծում եմ, որ հարաբերություններ չհաստատելու հիմնավոր պատճառներ չկան:
Երբ դարձա նախագահ, իմ առաջնային նպատակներից մեկն Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն էր: Այս ամենի վերաբերյալ շատ լավ արձագանք ունեցա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի կողմից: Մենք սկսեցինք հաղորդակցվել, նամակներ էինք միմյանց գրում՝ կրոնական, ազգային կամ պետական միջոցառումների առնչությամբ: Դրանք շատ պատկառելի և խոր իմաստ ունեին: Այդ կերպ աստիճանաբար հատուկ հարաբերություններ սկսեցին, և մենք սկսեցինք խոսել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունների մասին: Այդ հաղորդակցությունների գագաթնակետը դարձավ իմ այցելությունը մայրաքաղաք Ռիադ:
Իմ ոչ երկար, բայց բովանդակային քննարկումները թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ շատ առանձնահատուկ էին: Առաջին հերթին դրանք վերաբերում էին մեր ժողովուրդների և պետությունների միջև փոխադարձ հարգանքին, ինչպես նաև՝ մեկս մյուսի հանդեպ ունեցած հարգալից վերաբերմունքին: Հաջորդիվ մենք խոսեցինք մեր դիվանագիտական հարաբերությունների մասին: Ըստ էության, երկուսս էլ համաձայնեցինք, որ իմ այդ այցով սկիզբ դրվեց մեր դիվանագիտական հարաբերություններին: Ես Պետնախարարին և Թագաժառանգին հրավիրեցի այցելել Հայաստան: Մենք համաձայնել ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և դեսպանատներ բացելու ճանապարհին ենք և մեր դեսպաններին կուղարկենք միմյանց երկրներ:
Մեր քննարկումների հաջորդ կարևոր մասը վերաբերում էր ապագային: Շատ ուրախ էի տեսնել, որ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը մեծապես կենտրոնացած է ապագայի վրա. իր երկրի, տարածաշրջանի, Ծոցի և աշխարհի ապագայի վրա: Նա ներկայացրեց սաուդական նոր տնտեսություն զարգացնելու իր հավակնությունները՝ զբոսաշրջությունից մինչև նոր տեխնոլոգիաներ: Նա նաև մեծ կարևորություն է տալիս բարձր տեխնոլոգիաներին, որը, կարծում եմ, անհրաժեշտություն է բոլորի, հատկապես՝ Հայաստանի նման երկրի համար: Հայաստանը, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, հարուստ չէ բնական այնպիսի պաշարներով, ինչպիսիք են նավթը և գազը: Ծոցի մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիան, Էմիրությունները կամ Կատարը, մեծ գումարներ են ներդնում կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում: Եվ դա ճիշտ մոտեցում է, քանի որ դա է մարդկության ապագան՝ լինի դա արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը կամ կենսատեխնոլոգիաները:
Հանդիպել և շփվել եմ շատ մարդկանց հետ: Ինձ համար ամենակարևորն այն քննարկումներն էին, որոնք ունեցա Նորին Մեծության հետ: Նա, որպես երկրի ղեկավար, իր ժողովրդին և երկիրը տանում է ճիշտ ուղղությամբ: Նույն կերպ պետնախարարի հետ ենք քննարկումներ ունեցել: Ես ամբողջովին բավարարված եմ նրանով, ինչ տեսա: Մենք խոսեցինք ապագայի մասին, մեր երկու ժողովուրդների ապագայի, որը պետք է լինի նորովի, նոր տեխնոլոգիաների և վարքագծի առկայությամբ: Երկու կողմերը շա՛տ պետք է աշխատեն մեր ժողովուրդներին նաև կրթելու համար: Հայկական սփյուռքը շատ ավելի է ծանոթ Սաուդյան Արաբիային, քանի որ նրանցից շատերը՝ լինելով ամերիկացի, լիբանանցի, և այլն, այցելել և գործարարությամբ են զբաղվել Սաուդյան Արաբիայում: Հայաստանում՝ տեղական մակարդակով թերևս կան որոշ կարծրատիպեր, ինչը կարելի է ասել նաև Սաուդյան Արաբիայի մասին, որտեղ ևս կարող են լինել կարծիքներ Հայաստանի մասին, որոնք աղերս չունեն իրականության հետ: Դռները բացելը, ոչ միայն դիվանագիտական, այլև մշակութային և տնտեսական հարաբերություններ հաստատելը և զբոսաշրջությունը խթանելը կօգնեն միմյանց ավելի լավ ճանաչել: Մենք շատ բան ունենք ցույց տալու:
Ֆայսալ Աբբաս - Դուք խոսեցիք Սփյուռքի մասին: Ցանկանում եմ խոսել մի հարցի մասին. խոսքը լիբանանահայության մասին է: Ինչպես գիտեք, Լիբանանը շատ դժվարին ժամանակաշրջան է ապրում, հետաքրքիր է, որ պատմությունը հակառակ ուղղությամբ է շրջվել: Հայերը ժամանակին գաղթել էին Լիբանան՝ սկիզբ դնելով տեղի հայկական համայնքին, իսկ հիմա, կարծես թե թվում է, միգրացիոն հակառակ գործընթացն է տեղի ունենում դեպի Հայաստան: Մեծ թվով լիբանանցիներ ու լիբանանահայեր գալիս են այստեղ: Գուցե կա նախաձեռնություն՝ աջակցելու Լիբանանին, ինչպես նաև՝ լիբանանահայերին, ովքեր գալիս են Հայաստան:
Նախագահ Սարգսյան - Նախ, սա հնարավորություն է ինձ համար շնորհակալություն հայտնել առհասարակ արաբական աշխարհին, Մերձավոր Արևելքին, այդ թվում և՝ Ծոցի երկրներին այն բանի համար, ինչ արել եք ավելի քան 100 տարի առաջ, երբ հայերը լքում էին իրենց տները Թուրքիայում և փոխարենը նոր տուն գտան Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Ծոցի երկրներում, այդ թվում և՝ Սաուդյան Արաբիայում: Ցանկանում եմ հնարավորությունից օգտվել և շնորհակալություն հայտնել բոլոր մերձավորարևելյան երկրների, մասնավորապես, արաբական երկրների ազգերին ու ղեկավարներին, ովքեր այդքան եղբայրաբար վերաբերվեցին մեզ: Դրանք երկրներ էին, որտեղ հիմնական կամ միակ կրոնն իսլամն էր: Նրանք անտուն հայերին, ովքեր քրիստոնյաներ էին, ընդունեցին որպես իրենց եղբայրներ ու քույրեր:
Ինչ վերաբերում է ներկայում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին՝ որոշ վայրերում դրանք նույնքան ողբերգական են, որքան այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում՝ կապված ղարաբաղյան պատերազմի հետ: Օրինակ՝ Սիրիան. խոսքը միայն պատերազմի, մարդկային կորուստների, տարբեր մասերից ներխուժումների մասին չէ: Մենք՝ հայերս, կորցնում ենք մեզ համար շատ կարևոր ու հսկայական մշակութային հիմք:
Մենք պետք է անենք ինչ-որ բան, ամենակարևորը՝ աջակցենք Լիբանանում մեր համայնքին, որ մնան այնտեղ, քանի որ այնտեղ նրանց ստեղծած արժեքները շատ կարևոր են: Կարծում եմ՝ անթույլատրելի կլինի, եթե նրանք լքեն այդ ամենը: Ես բազմիցս եղել եմ Լիբանանում, դա հիանալի երկիր է: Ես այնտեղ եղել եմ 1990-ականների սկզբին, երբ այն հիշեցնում էր Նագասակին ատոմային ռումբի պայթյունից հետո...
Իսկ եթե հետ գնանք ընդամենը 5, 10 տարի առաջ, դա երկիր էր, որտեղ բոլորն ապրում էին ներդաշնակորեն: Նրանք սխալներ թույլ տվեցին ֆինանսական հարցերում, սահմանադրության կառուցվածքի և իրենց հարաբերությունները վարելու ձևի պատճառով: Ես շատ կուզեմ օգնել հայ համայնքին, որպեսզի նրանք շարունակեն մնալ այդտեղ:
Դա է իմ ուժը՝ փոքր պետություն, բայց՝ համաշխարհային ազգ: Իմ թիրախն է նաև Սահմանադրության փոփոխումը, քանի որ գործող Սահմանադրությամբ արտերկրում բնակվող հայը չի կարող դառնալ նախարար, քանի դեռ վերջին 4 տարին չի բնակվել միայն Հայաստանում և չունի միայն հայկական անձնագիր...
Մինչդեռ պետք է ամեն բան հակառակը տեղի ունենա, պետք է մարդկանց բերել, ովքեր հաջողակ են ողջ աշխարհում: Կան հարյուրներով, հազարներով փորձառու մարդիկ, ում մենք չենք օգտագործում: Պատկերացրեք՝ Ծոցի երկիր, որը որոշել է չօգտագործել իր նավթը: Մենք հենց այդպիսի երկիր ենք: Մեր նավթը մարդիկ են ողջ աշխարհում, սակայն մենք նրանց արդյունավետ չենք օգտագործում, այդ պատճառով էլ ես ցանկանում եմ փոխել Սահմանադրությունը:
Հայաստանը փոքր երկիր է: Ես ուրախ կլինեմ, որ Ծոցի երկրները ներդրումներ անեն Հայաստանում՝ այնպիսի ոլորտներում, որը շահեկան կլինի նաև նրանց համար:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, միակ պետությունն է այդ կառույցում, որ սերտ հարաբերություններ ունի նաև Եվրամիության հետ: Մենք նրանց հետ կնքել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր՝ լինելով ԵԱՏՄ անդամ: Ծոցի երկրի համար դա կարող է հետևյալ նշանակությունն ունենալ. երկիրը կարող է իր ընկերությունը գրանցել այստեղ, այստեղից իրականացնել բիզնեսը, և քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի միջև չկան հարկային ու մաքսային տարբերություններ, Հայաստանը կարող է դառնալ դարպաս...
Եթե ինձ հարցնեն, թե որտեղ պետք է ներդրում անել, ես կասեմ՝ գիտության և տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Ֆայսալ Աբբաս - Ադրբեջանի մասին մի քանի հարց ունեմ, սակայն կա մեկ այլ հարց՝ ընկալումների և իրականության մասին: Հնարավոր է դրա մասին մարդիկ այդքան էլ շատ չեն խոսում այստեղ, սակայն Մերձավոր Արևելքում կա ընկալում, որը, հնարավոր է, տարածվում է թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից, որ սա կրոնական պատերազմ է:
Նախագահ Սարգսյան - Դա երբեք կրոնական պատերազմ չի եղել: Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի շատ իսլամական երկրների հետ: Ադրբեջանական կողմը երբեմն սիրում է օգտագործել այդ խոսույթը՝ իսլամական աշխարհի աջակցությունը ստանալու ակնկալիքով: Իսկ օրինակ, Հայաստանը երբեք չի փորձել նման կերպ քրիստոնյա աշխարհից աջակցություն ստանալ, քանի որ հակամարտությունը քրիստոնեական կամ կրոնական բնույթ չի կրել:
Ֆայսալ Աբբաս - Սակայն, կարծեք Ղարաբաղը միջազգայնորեն համարվում է Ադրբեջանինը: OIC (Իսլամական համագործակցության կազմակերպություն), Ծոցի տարածաշրջանը, բոլորը շահագրգռված են խաղաղություն հաստատմամբ: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք GCC-ից (Ծոցի համագործակցության խորհուրդ) կամ OIC-ից, ինչպե՞ս կարող են նրանք աջակցել այս հակամարտության լուծմանը:
Նախագահ Սարգսյան - Մեր բոլոր բարեկամներից՝ լինի դա Ծոցում, Մերձավոր Արևելքում կամ Եվրոպայում, ակնկալում եմ նրանց աջակցությունը հակամարտությունը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու համար:
Ֆայսալ Աբբաս - Ինչպիսի՞ տրամաբանական հանգուցալուծում ենք տեսնում:
Նախագահ Սարգսյան - Ինչպես նշեցի, 26 տարի առաջ հայկական կողմը հաղթանակած էր, սակայն ինչ-որ առումով չկարողացանք հաղթողի մեր դիրքը օգտագործել վերջնական խաղաղություն հաստատելու համար: Իհարկե, պետք է հաշվի առնվեն այն մարդկանց իրավունքները, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, այդ մարդիկ այնտեղ ապրում են հազարավոր տարիներ: Պատերազմի ավարտին դեռևս շատ զգացմունքներ, վերքեր, չլուծված հարցեր կան՝ կապված սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև՝ այլ հարցերի հետ, որոնց թվում իհարկե՝ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ապագայի մասով: Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված մի կառույց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահող երկրներով: Կարծում եմ, որ պետք է կրկին վերադառնալ բանակցային սեղանին: Նոր իրականությունն այն է, որ Ռուսաստանը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանի վրա, քանի որ վերջինս բերեց հրադադար և աջակցում է թե Հայաստանին և թե Ադրբեջանին սահմանագծման, սահմանազատման և այլ խնդիրների լուծման մասով: Ռուսաստանի խաղաղապահներն այսօր Լեռնային Ղարաբաղում են: Չեմ կարող պնդել, որ այս հարցը վերջնական լուծում է ստացել: Միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի վերջնական լուծումը: Կարծում եմ, որ ցանկացած որոշում, որը կլինի վերջնական, պետք է լինի տրամաբանական: Լուծում, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Ցանկացած լուծում, որ պարտադրված է, չի կարող երկար տևել:
Ֆայսալ Աբբաս - Դուք թագաժառանգի հետ հանդիպումների ժամանակ նշել եք, որ երկու երկրները ցանկանում են նայել դեպի ապագա: Մտահոգություններ են հնչում Հայաստանի և Իրանի միջև եղած լավ հարաբերությունների վերաբերյալ: Կարծում եք՝ դա կարո՞ղ է խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի և արաբական երկրների հարաբերությունների կարգավորման և կապերի հաստատման համար:
Նախագահ Սարգսյան - Ես հասկանում եմ Սաուդյան Արաբիայի մտահոգությունները: Սակայն Հայաստանը պետք է որոշումներ կայացնի, ընտրություն անի՝ հաշվի առնելով մեր երկրի յուրահատկությունները: Ինչպես նշեցի, մենք դեպի ծով ելք չունենք, չենք կարող մեզ թույլ տալ եղած 4 հարևաններից ևս մեկի հետ հարաբերությունների բացակայություն:
Ֆայսալ Աբբաս - Հասկանում եմ, սակայն իմ հարցը ոչ այդքան երկուսի միջև ընտրություն կատարելու մասին էր, որքան այն մասին, որ այդ հարաբերությունների վերաբերյալ կան թյուրըմբռնումներ, տարակարծություններ: Այդ հարաբերություններն ամբողջությամբ ենթակառուցվածքային, էներգետիկ բնույթի՞ են, թե՞ ներառում են նաև ռազմական և անվտանգային քաղաքականություն:
Նախագահ Սարգսյան - Առաջին հերթին, դրանք չեն ներառում ռազմական և անվտանգային ոլորտները: Այն, ինչ կատարվում է Հայաստանի հարավում, իհարկե, մտահոգում է Իրանին... Մենք փոխգործակցում ենք էներգետիկ ոլորտում, չնայած ծավալները մեծ չեն: Մենք գազ ներկրում ենք Ռուսաստանից և միայն մի փոքր մասն ենք ձեռք բերում Իրանից, փոխարենը՝ նրանց վաճառում ենք էլեկտրաէներգիա: Այս ոլորտում շատ ավելի խորը հարաբերություններ ունենք ԱՄԷ-ի հետ, «Մասդար»-ը նոր արևային համակարգ է կառուցում Հայաստանում, Շարժայից դեպի Երևան չվերթներ են լինելու: Կարծում եմ՝ մեր հարաբերությունների հիմքում ընկած են պատմական, քաղաքական, մշակութային կապերը, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա:
Ֆայսալ Աբբաս - Ի՞նչ կարող եք ասել Ադրբեջանում նրանց միջամտության մասին. խոսում էին, որ նրանք լուռ աջակցել են Հայաստանին Ադրբեջանի դեմ պատերազմում, սահմանին զորավարժություններ էին իրականացվում: Դա չի՞ ենթադրում ենթակառուցվածքային և էներգետիկ հարաբերություններից անցում կատարել այլ մակարդակի:
Նախագահ Սարգսյան - Նրանք միջամտություն չեն ունեցել Հայաստանում, և դա նրանց որդեգրած քաղաքականությունն է: Եթե նրանք իրենց սահմաններում վտանգ են տեսել, ապա դա նրանց ներքին խնդիրն է: Բայց կան նաև շատ այլ հարցեր, որոնց կարող եք ուշադրություն դարձնել: Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկրորդ պատերազմում Թուրքիան ամբողջությամբ աջակցում էր Ադրբեջանին, մինչդեռ Իրանը չէր մասնակցում: Իսկ Ռուսաստանը կար և փորձում էր միջնորդ լինել և, ի վերջո, նրան հաջողվեց հակամարտող կողմերին բերել հրադադարի և այսօր էլ փորձում է լուծել հետպատերազմյան շատ խնդիրներ: Եվ կրկին, Իրանն այստեղ բացակայում է:
Ֆայսալ Աբբաս - Թուրքիայի փոխնախագահը մի քանի օր առաջ շատ հետաքրքիր բան է ասել, որ իրենք Ադրբեջանի հետ համատեղ ցանկանում են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանը ողջունում և ընդունու՞մ է դա:
Նախագահ Սարգսյան - Առաջին հերթին, հարցը, թե արդյո՞ք Հայաստանը ողջունում է արդեն իսկ բարդ է...
Ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և Սահմանադրությամբ համարվում եմ պետության գլուխը, սակայն չունեմ գործադիր լիազորություններ: Գործող կառավարությունն է հիմնական որոշումները կայացողը և կառավարությունն է, որ պետք է պատասխանի թուրքական կողմին....
Միևնույն ժամանակ, ցանկացած համաձայնագիր, որը բանակցվել կամ ձևակերպվել է, պետք անցնի որոշակի գործընթաց…
Պետք է լինի նաև հանրային քննարկում դրա վերաբերյալ, և ցանկացած համաձայնագիր, բոլոր փուլերով անցնելուց հետո, պետք է գա իմ սեղանին…
Իմ կողմից սխալ կլինի նախապես դատողություններ անել և որակումներ տալ կամ մեկնաբանել մի բան, որը դեռ չի սկսվել և չի հասել իմ սեղանին: Այն պահին, երբ այդ համաձայնագիրը լինի իմ սեղանին, իմ ձայնը կլսեք:
Իհարկե, որպես Հանրապետության նախագահ, ես կարող եմ ստորագրել այն, եթե համարեմ, որ այն ներդաշնակ է պետության և Հայաստանի ու, առհասարակ, ողջ աշխարհի հայերի ազգային շահին: Կամ ես կունենամ հնարավորություն չստորագրել այն և ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի բարձրակարգ իրավաբանները քննեն հարցը և ինձ խորհրդատվություն տան:
Ֆայսալ Աբբաս - Պակիստանը շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Ի՞նչ ազդեցություն ունի սա ձեզ վրա:
Նախագահ Սարգսյան - Շատ վատ: Պակիստանի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ: Եթե լինենք անկեղծ՝ պետք է փորձել դրանք կառուցել: Ես համաձայն չեմ այն կարծիքին, որ եթե որևէ մեկն աջակցում է իմ հակառակորդին կամ թշնամուն, ուրեմն չպետք է նրա հետ խոսել…
Այն պահից, երբ սկսենք կառուցել դիվանագիտական հարաբերություններ Պակիստանի հետ, հաստատենք կապեր, գուցե նրանց դիրքորոշումը Կովկասի նկատմամբ այլ լինի...
Ես մտածում եմ, թե ինչպես կարող ենք կառուցել մեր հարաբերությունները, քանի որ Պակիստանը երկիր է, որը չես կարող անտեսել՝ հատկապես մեր տարածաշրջանում, մասնավորապես, երբ խոսում ենք Ադրբեջանին ու Թուրքիային նրա ակնհայտ աջակցության մասին: Մենք այն դիրքերում չենք, որ պատերազմենք Պակիստանի դեմ: Պետք է փորձենք երկխոսություն սկսել ու տեսնենք, թե դա մեզ ուր կտանի: Ես չեմ տեսնում որևէ հակասություն Պակիստանի հետ երկխոսության և Հնդկաստանի հետ մեր խորը և լավ հարաբերությունների միջև: Մենք շատ լավ պատմական հարաբերություններ ունենք այդ երկրի հետ, հայերը բնակվել են Հնդկաստանում հազարավոր տարիներ: