21
12, 2021

Հուսով եմ, որ մենք կվերադառնանք բանակցություններին ու ստիպված չենք լինի վերաստեղծել կամ ստեղծել նոր ձևաչափ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Asia Times-ին

Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում էր Asia Times-ի լրագրող Քուրուշ Զիբարին, որը ծավալուն հարցազրույց է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանրապետության նախագահի բացառիկ հարցազրույցի առաջին հատվածը հրապարակվել է Asia Times-ի այսօրվա համարում:

Լրագրողն իր նախաբանում նշել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը համաշխարհային լուրերի հիմնական թեման էր: Շատ լրագրողներ, ովքեր խոսում են երկու երկրների առաջնորդների հետ, սկսում են զրույցը սուր հարցերից այն մասին, թե ինչու Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն այսքան երկար ձգվեց, և ինչ ապագա է սպասվում երկու հարևանների հարաբերություններին, որոնց հակասություններն անհաղթահարելի են թվում»:

Լրագրող Քուրուշ Զիբարին նշում է, որ Հայաստանը, լինելով աշխարհում առաջին երկիրը, որը մ.թ. 301 թվականին քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն, հնագույն քաղաքակրթության բնօրրան է և իրեն հատկապես լավ է դրսևորել ժողովրդավարական հեղինակության ամրապնդման տեսանկյունից ու շոշափելի արդյունքներ գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում:

Հարցազրույցը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Քուրուշ Զիբարի - Եթե պատմությունը ձեր կողմից է, ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը չի կարողացել ստանալ միջազգային հանրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը, որը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք, ինչպես ասվում է ՄԱԿ-ի ԱԽ 822, 853, 874 և 884 բանաձևերում:

Նախագահ Սարգսյան - Հետաքրքիր է, կարծում եմ՝ Դուք ոչ առաջինն եք, ոչ վերջինը, ով ցանկանում է միջազգային հարաբերությունները կառուցել պատմական արդարության հիման վրա: Սակայն իրական աշխարհում այդպես չի ստացվում: Ճիշտ չէ՞:

Քուրուշ Զիբարի - Իհարկե:

Նախագահ Սարգսյան - Կարծում եմ՝ պատմական արդարությունը բաղադրիչներից մեկն է, սակայն իրական աշխարհն իրական աշխարհ է: Իսկապես, եթե Դուք հնարավորություն ունենաք ճանապարհորդել Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով, դա մի հիանալի ճանապարհորդություն կլինի, քանի որ Դուք կանցնեք մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններով: Այդ տարածքը մշտապես բնակեցված է եղել էթնիկ հայերով: Եթե հետ գնաք, կգտնեք հայկական եկեղեցիներ, որոնք գալիս են 4-5-րդ դարերից, և այդպես շարունակ...

Վերջերս պետական այցով Իտալիայում էի: Որպես այցի մաս՝ այցելեցի Բոլոնիայի համալսարան և շատ հետաքրքիր շրջայց ունեցա գրադարանում, որտեղ մեզ ցույց տվեցին այնտեղ պահվող հին հայկական որոշ ձեռագրեր: Շատ հետաքրքիր նյութ կար՝ 16-րդ դարի վերջի կամ 17-րդ դարի սկզբի քարտեզ, որում պատկերված էին հայկական մշակութային ու հոգևոր կենտրոնները: Նրանք, ովքեր հիմնադրել ու պատրաստել էին այն, հաստատված էին երկու վայրում՝ Երուսաղեմում և Կոստանդնուպոլսում: Քարտեզն ընդգրկում է ներկայիս Թուրքիան, ներկայիս Հայաստանը, մասնակի ընդգրկում է որոշ հատվածներ Իրանից՝ մինչև Սպահան և այլ վայրեր: Այն ընդգրկում է նաև Լեռնային Ղարաբաղը՝ այնտեղի հարյուրավոր հայկական միջնադարյան եկեղեցիներով ու մշակութային կենտրոններով: Այսքանը՝ պատմության մասին:

Երկրորդը, կարծում եմ, դժբախտաբար, պատմությունը շատ պարզ է: Այդ տարածքում շատ են եղել նվաճումներ, կռիվներ, հարաբերություններ Պարսկական կայսրության հետ, և այնտեղ կարող եք շատ մշակույթներ տեսնել: Սակայն եթե հետ գնաք 200 տարով, կտեսնեք, որ այդ տարածքը Ռուսական կայսրությունը խլել է Պարսկական կայսրությունից: Իսկ հետո Ստալինը, ով սահմանների «մեծ վարպետ էր», իսկ իրականում՝ պետությունների միջև խնդիրներ ստեղծելու վարպետ էր, այդ թվում՝ նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Ղարաբաղն ու Նախիջևանը տվեց Ադրբեջանին, քանի որ Խորհրդային Միությունը ցանկանում էր օգնել ընդհանուր սահման ստեղծելու Ադրբեջանի և Թուրքիայի միջև, և որովհետև թուրք առաջնորդ Աթաթուրքը համարվում էր բոլշևիկյան Ռուսաստանի մեծ բարեկամը:

Սա պատմական արդարության մասին չէ, սա քաղաքական մանիպուլացիաների և հարաբերությունների ցանկության մասին է: Խորհրդային կառավարման ավելի քան 70 տարիների ընթացքում Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչները երբեք չէին կարող երջանիկ ապրել Ադրբեջանի իշխանության ներքո՝ մի քանի պատճառով: Խորհրդային կայսրության ավարտին՝ 1985 թվականին, երբ Գորբաչովը ներկայացրեց փոփոխությունները, զգացմունքային հայ ժողովուրդը մասնավորապես Լեռնային Ղարաբաղում հավատաց Գորբաչովի հայտարարածին՝ խոսքի ազատություն, «պերեստրոյկա», վերակառուցում, և սկսեց շարժում Լեռնային Ղարաբաղի անկախության համար, ինչը Խորհրդային Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում բնակվող էթնիկ հայերի դեմ ռազմական գործողությունների ու բռնության պատճառ դարձավ: Դրանք վերածվեցին լայնածավալ պատերազմի, որտեղ հայկական կողմը հաղթանակ տարավ: Հաջորդող 26 տարիների ընթացքում Ղարաբաղն ու հարակից շրջաններն Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ էին՝ մինչև 2020 թվականի պատերազմը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ միջազգային հանրությունը չարեց այս կամ այն. միջազգային հանրությունը ներգրավված էր, միջազգային հանրությունը որոշել էր, որ կազմակերպությունը, որը պատասխանատու է լինելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի համար, ԵԱՀԿ-ն է, այլ ոչ թե ՄԱԿ-ը կամ Եվրամիությունը: Եվ այդ կազմակերպությունը ստեղծեց հատուկ խումբ՝ Մինսկի խումբը, որի երեք համանախագահներն էին Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, որոնք ներկայացնում էին հետաքրքրված կողմերին՝ Միացյալ Նահանգները, որը գերտերությունն էր, Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, և Ռուսաստանը: Կողմերը բանակցում էին հնարավոր լուծման շուրջ՝ դրա բոլոր մանրամասներով:

Այսինքն, կար միջազգային կառույց, որը պատասխանատու էր, և ես հուսով եմ, որ մենք կվերադառնանք բանակցություններին ու ստիպված չենք լինի վերաստեղծել կամ ստեղծել նոր ձևաչափ կամ շրջանակ, քանի որ այն արդեն կա և ունի պատմություն:

Ցավոք, 2020 թվականի երկրորդ պատերազմը խաթարեց բանակցային գործընթացը, սակայն կարծում եմ՝ լավագույն լուծումը, որ կարող ենք այսօր ունենալ, նույն կազմակերպությանը ներգրավելն է:

Հիմա՝ ինչո՞ւ մենք հաղթեցինք առաջին պատերազմում, սակայն պարտվեցինք երկրորդում:

Խոսենք առաջին պատերազմի մասին: Ադրբեջանին այդ ժամանակ աջակցում էր Թուրքիան: Սակայն նախագահ Դեմիրելի, վարչապետ Թանսու Չիլերի և մյուսների ղեկավարած Թուրքիան այլ էր: Այլ էին նաև հայերն ու Ղարաբաղը: Ավելի պարզեցնելով՝ ասեմ, որ մենք ավելի առաջ էինք Ադրբեջանից: Առաջ էինք՝ բանակաշինության հարցում, մոտիվացիայի, պատերազմի, կարգապահության ու գիտության մեջ: Կային գեներալներ, գնդապետներ, կապիտաններ կամ զինվորներ, ովքեր ծառայում էին խորհրդային բանակում և ունեին Աֆղանստանի պատերազմի փորձը։ Փորձառու զինվորները գալիս էին կամավոր բանակ, ֆիդայիների բանակ կամ՝ կարելի է ասել, որ կամավորները ստեղծում էին բանակ: Մենք մի քիչ ավելի արագ էինք, քան Ադրբեջանը։

Ցավոք, վերջին 26 տարիների ընթացքում մենք չկարողացանք հաղթանակը վերածել կայուն խաղաղության:

Ինչու եմ ասում՝ չկարողացանք, քանի որ երբեք մի կողմ չի լինում: Կա առնվազն երկու կամ մի քանի կողմ: Սակայն, քանի որ մենք հաղթանակած էինք, կարող էինք լինել պրոակտիվ և հաղթանակն արագ փոխակերպել կայուն խաղաղության: Հավանաբար, 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին կար դա անելու հնարավորություն, և ասեմ, թե ինչու: Դա մի ժամանակ էր, երբ Ադրբեջանը փորձում էր Կասպից ծովից դեպի եվրոպական շուկա, Միջերկրական ծով, Թուրքիա Բաքու- Ջեյհան խողովակաշար կառուցել:

Նախագահ Հեյդար Ալիևը շատ պրագմատիկ մարդ էր: Ես նրա հետ այս հարցը չեմ քննարկել, թեպետ մի քանի անգամ հանդիպել եմ նրան, իսկ ավելի ուշ՝ նաև որդուն, սակայն կարծում եմ, որ նրա առաջնահերթությունների ցանկում նավթամուղը մեծ կարևորություն ուներ: Առանց նավթամուղի Ադրբեջանը չէր կարողանա հետ ստանալ Ղարաբաղը, քանի որ նավթամուղը ուժ էր, գումար էր, գումար, որն օգնեց նրան վերակառուցել սեփական բանակը, օգնեց ստեղծել հանրային կապեր, հարաբերություններ այլ երկրների, այդ թվում և՝ Եվրոպայի հետ:

Ադրբեջանի համար դա առաջնահերթություն էր: Այդ ժամանակ հայկական բանակն ամենամարտունակն էր տարածաշրջանում: Եվ դա էր այն ժամանակահատվածը, երբ մենք երևի թե պետք է մտնեինք ավելի խորը բանակցությունների մեջ և ամեն ինչ իր տեղը դնեինք: Դրանից հետո պատմությունը 180 աստիճանով սկսեց փոխվել այլ ուղղությամբ. Ադրբեջանը դառնում էր ավելի հզոր, իսկ Հայաստանը հիմնականում և աստիճանաբար կարծես հետ էր մնում զարգացումից:

Հայկական կողմը շարունակում էր վայելել հաղթանակներն ու հավատում, որ հարցը կարգավորված է, և Մինսկի խմբի համանախագահներն ունեն վերջնական լուծում: Սակայն բանակցությունները շատ հաջող չէին, կողմերը զգացմունքային էին՝ մինչ և՛ այստեղ, և՛ այնտեղ ընտրություններ էին, բանակցություններն այլ տեսք ստացան:

Քուրուշ Զիբարի - Թույլ տվեք արագ անդրադարձ կատարել Ադրբեջանի հետ Հայաստանի մարտահրավերներին, ինչից հետո անցնել մյուս հարցերին:

Նախորդ տարի դեկտեմբերին Երևանում զանգվածային ցույց տեղի ունեցավ՝ «Արժանապատվության երթ», այն բանից հետո, երբ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվեց հրադադար: Շատ հայեր, հիմնականում ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցությունից, իրենց զայրույթն էին հայտնում խաղաղության համաձայնագրի պայմանների առնչությամբ՝ պնդելով, որ կառավարությունը խելամտորեն չի գործել ու համաձայնել է հրադադարի, որը Հայաստանից խլել է տարածքներ, որոնք երկիրը վերահսկում էր ավելի քան քառորդ դար:

Համաձա՞յն եք, որ հայերի զայրույթը տեղին է: Դուք անձամբ խաղաղության համաձայնագրի կետերը բարենպաստ համարո՞ւմ եք, թե՞ կարծում եք, որ կառավարությունը կարող էր ավելի համոզիչ բանակցել:

Նախագահ Սարգսյան - Հարցն ինձ տանում է դեպի մեր Սահմանադրություն: Ես նախագահ եմ խորհրդարանական հանրապետությունում և այն կարգավիճակում չեմ, որ մեկնաբանեմ, թե ինչ եմ մտածում խորհրդարանի կամ կառավարության մասին:

Որպես նախագահ՝ ես շատ սահմանափակ գործիքակազմ ունեմ՝ սահմանված Սահմանադրությամբ: Երբ ինչ-որ բան գալիս է իմ սեղանին, ես երկու տարբերակ ունեմ՝ կամ ստորագրում եմ այն, կամ ուղարկում Սահմանադրական դատարան:

Իմ սեղանին եկող ամեն օրենք չէ, որ հակասահմանադրական է, սակայն այն կարող է լինել հակապետական, հակակրթական, հակամշակութային: Սահմանադրությունը քիչ արդյունավետ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մենք այն չենք փոխել: Եվ ես հստակ ասել եմ, որ եթե մենք գնանք սահմանադրական փոփոխությունների, դրանցից հետո ես պատրաստ եմ հրաժարական տալ:

Երկրորդը, հոգեբանորեն, շատ հայերի համար դժվար է ընկալել խորհրդարանական ժողովրդավարության կոնցեպտը: Նրանց համար դժվար է հասկանալ, թե ինչու նախագահը չի կարող հեռացնել նախարարին:

Երրորդը, մեր Սահմանադրության մեջ չկան հավասարակշռման և զսպումների մեխանիզմներ: Եթե ունես Սահմանադրություն առանց այդ մեխանիզմների, ապա կբախվես մեծ խնդիրների: Ցանկացած ժողովրդավարություն՝ լինի նախագահական կամ խորհրդարանական, պետք է ունենա հավասարակշռման և զսպման մեխանիզմներ: Նախագահը չունի բավարար իշխանություն՝ կանգնեցնելու որևէ օրենք կամ հավասարակշռելու կառավարության կամ վարչապետի իշխանությունը: Եվ դա առողջ չէ: Ես հիմա խրախուսում եմ փոխել Սահմանադրությունը: Կարևոր չէ՝ այն կդառնա նախագահակա՞ն, թե՞ կլինեն ավելի շատ զսպումներ և որոշ հավասարակշռություն, սակայն մենք կարիք ունենք փոփոխության:

Հիմա մենք ունենք հրադադարի մասին հայտարարություն և հետագա քայլեր Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների կողմից, սակայն դա պաշտոնական համաձայնագիր չէ, որն անցել է խորհրդարանով ու հասել իմ սեղանին: Իմ սեղանին ոչինչ չկար: Այո, մարդկանց մեծամասնությունը դժգոհ էր, քանի որ մեծ մասը հավատում էր, որ երկիրը հաղթում է պատերազմում, և հանկարծ մի օր պարզվեց, որ, ի հեճուկս կորսված հազարավոր կյանքների, Հայաստանը կորցրել է նաև տարածք, մշակութային ու հոգևոր ժառանգություն:

Այդ դեպքում ո՞րն է լուծումը: Լուծումը դասական է: Այս աշխարհում կարիք չկա հորինել լուծումներ: Եթե դու ժողովրդավար չես, ապա շարունակում ես առաջ գնալ, իսկ եթե ժողովրդավար ես, ապա կա միայն մեկ լուծում՝ դիմել ժողովրդին՝ հասկանալու, թե ում է նա ուզում, որ շարունակի ղեկավարել երկիրը: Սա հենց այն է, ինչ ես բացեիբաց առաջարկեցի: Ես առաջարկեցի կառավարությանը՝ հրաժարական տալ: Ես չունեմ իշխանություն նրանց ստիպելու, ուստի առաջարկեցի կառավարությանը, ոչ թե վարչապետին, հրաժարական տալ և խորհրդարանի կողմից ձևավորել պրոֆեսիոնալ կառավարություն:

Ինչո՞ւ պրոֆեսիոնալ. որովհետև նպատակն ընտրությունների գործընթացով անցնելն էր: Ավելի լավ է ունենալ ազգային համաձայնության կառավարություն, որը շատ ավելի բարդ է, կամ պրոֆեսիոնալ կառավարություն, որը քաղաքականացված չէ, և փոխել Սահմանադրությունը:

Քուրուշ Զիբարի - Անցնելով ձեր արտաքին հարաբերություններին. ես գիտեմ, որ Հայաստանն ու Թուրքիան ունեն թշնամանքի ու մարտահրավերների երկար պատմություն, կա խոր արմատացած վիշտ, որը մի ակնթարթում չի անհետանա: Սակայն, միևնույն ժամանակ, Ձեր երկիրն ու Թուրքիան այնքան մոտ էին կարգավորելու հարաբերությունները, երբ 2009 թվականին ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները՝ միջնորդավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդուհանդերձ, գործարքը մեծ քննադատության արժանացավ երկու երկրներում, և Ձեր նախորդը՝ Սերժ Սարգսյանը, այն հետ կանչեց խորհրդարանից: Դուք կանխատեսու՞մ եք որևէ տեղաշարժ Երևանի և Անկարայի միջև առկա անտագոնիստական տրամադրություններում։ Կա՞ որևէ օգուտ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և լարվածությունը թուլացնելուց։

Նախագահ Սարգսյան - Կա՞ մեկը, ով կասի, որ օգուտ չկա երկու անհատների միջև հարաբերությունները կարգավորելուց, ովքեր չեն հավանում մեկը մյուսին, կամ երկու ընտանիքների, երկու ժողովուրդների կամ երկու պետությունների միջև: Իհարկե՝ ոչ: Սակայն ցանկացած կարգավորում առնվազն երկու դերակատար է պահանջում: Նմանօրինակ կարգավորումը հատուկ բաղադրիչների կարիք ունի:

Սակայն թույլ տվեք մեկնաբանել այն, ինչ ասացիք ցյուրիխյան փաստաթղթի վերաբերյալ: Երբ այդ փաստաթուղթը ստորագրվեց, ես այդքան էլ չէի հավատում, որ այն կարող է արդյունավետ լինել: Պատճառները մի քանիսն են, սակայն ես Ձեզ ամենապարզը կներկայացնեմ: Ամենապարզ պատճառն այն էր, որ փորձ արվեց հաշտեցնելու Թուրքիային ու Հայաստանի, մինչդեռ Ղարաբաղի հարցը կարգավորված չէր: Կարո՞ղ է որևէ մեկն ինձ ապացուցել կամ բացատրել, թե ինչպես կարող է Թուրքիան կարգավորված հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի մեջ կար չավարտված պատերազմ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում էին, որ եղբայրական ժողովուրդներ են:

Ակնհայտ է, որ խաղաղության բանակցություններում միայն Հայաստանն ու Թուրքիան չէին, կար երրորդ կողմ, որը հաշվի չէր առնվել: Եվ ես երբեք չեմ հավատացել, որ Թուրքիան կարող է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ առանց Ադրբեջանի համաձայնության: Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը համաձայներ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, երբ կարգավորված չէին Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները:

Կա նաև չորրորդ դերակատարը՝ հայ ժողովուրդը: Հայկական Սփյուռքը Օսմանյան կայսրությունում 1915 թվականի տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության հետևանք է: Որևէ նախագահ չի կարող բանակցել այդ մարդկանց անունից, նրանց պապերի անունից, ովքեր սպանվեցին կամ փրկվեցին:

Թուրքիայի հետ բանակցելուց առաջ պետք է երկխոսություն լինի Հայաստան պետության ու Սփյուռքի միջև: Մենք պետք է ունենանք փոխըմբռնում և ընդհանուր քաղաքականություն այն հարցում, թե ինչ ենք անում: Դա էր պատճառը, որ երբ նախկին նախագահն այցելեց Ֆրանսիա կամ Լիբանան, իր հայրենակիցները նրան առաջին անգամ բարեկամաբար չընդունեցին:

Այս հարաբերությունները շատ ավելի բարդ են: Երբ խոսում եք Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների միասին, կարծում եմ՝ մենք այդ հարաբերությունների երկար պատմություն չունենք: Մենք հայերի երկար պատմություն ունենք Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում: Հայաստանի ու Թուրքիայի պատմությունը կարճ էր, 1920 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության ու Թուրքիայի միջև տեղի ունեցավ պատերազմ:

Իսկ հարաբերությունների երկրորդ մասը սկսվում է 1991 թվականից, երբ հռչակվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը: Այսօր հարաբերություններ չկան: Անհատները ճանապարհորդում են: Ես բազմիցս այցելել եմ Թուրքիա, հատկապես, երբ ես ազատ անձնավորություն էի, այլ ոչ պետական պաշտոնյա: Ես այցելել եմ համալսարաններ, նախագահել եմ մեծ համաժողովներ, դասախոսություններ եմ կարդացել համալսարաններում...

Ինչպե՞ս կարող ենք հիմա բարելավել հարաբերությունները: Եկեք նայենք մյուս ազգերի փորձառությանը, օրինակ, Ֆրանսիայի ու Անգլիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի: Նրանք դարերով ոչնչացնում էին մեկը մյուսին, սակայն հետո ինչ-որ բան փոխվեց, երբ մեծ աղետներից ու ողբերգություններից հետո բոլորը հասկացան, որ ատելությունից կա միայն մեկ ելք, և այդ ելքը հանդուրժողականությունն է՝ հանդուրժել այլ մարդկանց լեզուն, հավատը, մշակույթն ու կրոնը: Եթե Եվրոպայում հանդուրժողականություն չլիներ, հիմա այնտեղ խառնաշփոթ կտիրեր: Նրանք մի կողմ դրեցին այդ ամենն ու սկսեցին հանդուրժել մեկը մյուսին, ընդունել իրար, ապա սկսեցին երկխոսություն և ներգրավվեցին այն գաղափարների ու սկզբունքների շուրջ, որոնք կիսում են:

Հանդուրժողականությունը նշանակում է ընդունում, հանդուրժողականությունը ենթադրում է լինել այնքան ուժեղ, որ կարողանաս ներողություն խնդրել: Անձերի կամ ընտանեկան հարաբերություններում կամ պետությունների մակարդակով ներողություն խնդրելն ուժի նշան է: Եթե Գերմանիան հրեաներից ներողություն չխնդրեր, ինչ եք կարծում, կլինեի՞ն հարաբերություններ: Նույնը տեղի ունեցավ այլ ժողովուրդների դեպքում: Ես Երուսաղեմում էի, երբ Հոլոքոստի օրը Գերմանիայի նախագահը ելույթ ունեցավ...

2020 թվականի պատերազմի ժամանակ, ինչպես ասացի, Ադրբեջանն ավելի առաջ էր, սակայն նրանք ունեին մեկ այլ գործոն՝ Թուրքիան: Խոսքը ժամանակակից Թուրքիայի մասին է, որը գուցե մեծ հավակնություններ ունի՝ վերադարձնելու Օսմանյան կայսրության փառքը: Սակայն ոչ ոք չի ցանկանում վերլուծել, ուսումնասիրել մարդկանց հոգեբանությունը: Բայց մենք ականատես ենք լինում, որ Թուրքիան ամենուր է ակտիվ. Թուրքիան Լիբանանում է, ներկայում բավականին շատ, Թուրքիան ագրեսիվ կերպով Սիրիայում է, միջերկրածովյան շրջանում է, Կիպրոսի մոտ է, Հունաստանի մոտ է, Լիբիայում է: Թուրքիան Եվրոպային պատանդ է պահում՝ Եվրամիության հետ սահմանին մի քանի միլիոն փախստական պահելով: Իսկ ԵՄ-ն մի քանի միլիարդ եվրո է վճարում այդ փախստականների համար: Թուրքիան Լիբիայում է, որն այլ հյուսիսաֆրիկյան երկրներից փախստականների համար դարպաս է դեպի Եվրոպա: Թուրքիան հիմա ուժեղ ներկայություն ունի Ադրբեջանում: Եվրոպան հիմա նավթ ու գազ է ստանում Կասպից ծովից, և Թուրքիան նաև այդտեղ է:

Քուրուշ Զիբարի - Ե՞վ...

Նախագահ Սարգսյան - Եվ ի՞նչ կասեք Ձեր պատմական արդարության մասին:

Քուրուշ Զիբարի - Հավակնոտ է՝ մշտապես կարողանալ պատմական արդարությունից կառչել:

Նախագահ Սարգսյան - Իրականում ամեն ինչ պարզ է՝ նավթ, գազ, լոգիստիկա, բեռնափոխադրումներ, փող և իշխանություն...

Քուրուշ Զիբարի - Վերադառնանք Հայաստան-Ադրբեջան լարվածությանը. համաձա՞յն եք այն մեկնաբանության հետ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող հակամարտությունը կրոնական տարր ունի: Ինչպես Հայաստանն է դատապարտում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությունում եկեղեցիների պղծումը, նույն կերպ էլ Ադրբեջանի նախագահն էր դժգոհում, որ Հայաստանը ոչնչացրել է առնվազն «70 մզկիթ» վիճելի տարածքներում։ Նկարագրելով, թե ինչ է կատարվում Սիրիայում և Աֆղանստանում, կամ արտահայտելով այն միտքը, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ներգրավվել՝ Ադրբեջանի համար կռվելու նպատակով, դուք մի քանի անգամ օգտագործել եք «իսլամական ահաբեկչություն» եզրույթը։ Ձեզ չի՞ մտահոգում այն, որ այդ կերպ ու նման հռետորաբանությամբ կմեծանա ճեղքվածքը Հայաստանի ու մահմեդական աշխարհի միջև և կօտարացնի Հայաստանի փոքրաթիվ մահմեդական համայնքին:

Նախագահ Սարգսյան - Կարծում եմ՝ առաջին հերթին, հայ պաշտոնյաների կողմից «իսլամիստ ահաբեկիչ» եզրույթի օգտագործումը շատ դեպքերում պարզապես արտացոլում է իրականությունը։ Ահաբեկիչը մնում է ահաբեկիչ, կապ չունի, թե որ հավատքն է դավանում: Սակայն այս երևույթը գալիս է սիրիական պատերազմից, իսկ Թուրքիան նրանց բերել է Սիրիայից։ Դա ավելի շատ նրանց դրդապատճառին է վերաբերում, քան Հայաստանի մոտեցմանը: Նրանք անձինք են, որոնք կրոնական դրդապատճառներ ունեն կամ կրոնական պատերազմի մեջ են, քանի որ գումար են ստանում, որովհետև վարձկաններ են։

Ամենևին համաձայն չեմ, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմը կամ հակամարտությունը երբևէ կրոնական տարրեր է ունեցել։ Նախ, այնտեղ միայն մի քանի մզկիթ կա, իսկ հայկական եկեղեցիները բազմաթիվ են։ Ես անձամբ ողջունել եմ Շուշիում գտնվող մզկիթի ամբողջական վերանորոգումը, որը վերջնականապես ավարտվեց հայ և մահմեդական անձանց աջակցությամբ: Այն ամբողջությամբ վերանորոգված է։ Ես եղել եմ այնտեղ. ներգրավված էին մասնագետներ, ճարտարապետներ, որոնք խորհուրդ էին տալիս՝ ինչպես ճիշտ վերականգնել այն:

Գեղեցիկ մզկիթ է։ Եվ եթե ադրբեջանցիները վերականգնեն գեթ մեկ եկեղեցի, խնդրում եմ՝ լուսանկարն ինձ ուղարկեք։ Սա կրոնական պատերազմ չէ: 70 մզկի՞թ է ավերվել։ Չգիտեմ, ես Ձեզնից եմ լսում այդ մասին: Դուք պետք է շատ կոնկրետ լինեք։ Հայկական եկեղեցիների դեպքում ամեն ինչ շատ կոնկրետ է: Այդ եկեղեցիներն այնտեղ են, որտեղ եղել են հարյուրավոր և հազարավոր տարիներ: Եվ մենք հստակ գիտենք, թե որն է ոչնչացվել։ Ցավոք, մենք մասնագիտացել ենք հայկական եկեղեցիների, ժառանգության ու մշակույթի ավերումը գրանցելու մեջ, առաջին հերթին Օսմանյան կայսրությունում, Թուրքիայում։ Հարյուրավոր հին եկեղեցիներ վերածվել են մզկիթների, կան բազմաթիվ պատմական ապացույցներ: Իսկ եթե ցանկանում եք համեմատել վերաբերմունքը, կարող եք հարց հնչեցնել, թե հանդիպե՞լ եք հայերի, որոնք դժգոհում են, որ Իրանի տարածքում հայկական եկեղեցիներ են քանդվել։ Դուք լսե՞լ եք նման բան: Ո՛չ, ես նույնպես նման բան չեմ լսել: Եվ փաստ է, որ պատմության ընթացքում Իրանում ռեժիմներ, կառավարություններ են փոխվել, բայց Իրանում հայկական համայնքները հիմնականում ծաղկում էին, և Իրանի Իսլամական Հանրապետությունը գումարներ է ծախսել հայկական եկեղեցիների վերանորոգման վրա։ Ես կարող եմ օրինակներ բերել։ Մինչ նախագահ դառնալս մի քանի անգամ եղել եմ Թեհրանում։ Թեհրանի կենտրոնում կա մի հսկայական տարածք, որը կոչվում է «Արարատ» ակումբ։ Երբ գնում ես այնտեղ, կարծես Հայաստանում լինես։ Ամեն ինչ կա՝ բասկետբոլի, ֆուտբոլի խաղադաշտեր, հայ աղջիկներն ու տղաները միասին մարզվում են։ Իսլամական հանրապետության ղեկավարության կողմից մեծ հանդուրժողականություն կա հայկական մշակույթի նկատմամբ։ Իրանում ամենուր շատ հայկական եկեղեցիներ կան։ Խոսքս միայն Սպահանի ու Ռաշտի մասին չէ։

Ինչո՞ւ չենք բողոքում, որ Իրանը ոչնչացնում է հայկական մշակույթը։ Որովհետև դա չի անում: Իրականում նա աջակցում է՝ լինելով իսլամական հանրապետություն, մինչդեռ Թուրքիան իսլամական հանրապետություն չէ, նույնիսկ Ադրբեջանը չի հայտարարել, որ իրենք իսլամական հանրապետություն են։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը հանդուրժող է մեր մշակույթի, մեր կրոնի, մեր համոզմունքների հանդեպ։ Եթե որևէ մեկը խոսում է ավերածությունների մասին, թող Իրանի օրինակով այն դիտարկի: Այս պատերազմը կրոնական չէր և չէր կարող լինել։ Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների հետ, որոնք իսլամական պետություններ են կամ որտեղ բնակչության մեծ մասը մահմեդականներ են։

Քուրուշ Զիբարի - Ես պարզապես կուզեի մի փոքր շեղվել ու ճշտել հետևյալը. Դուք ասացիք, որ Սիրիայում ճգնաժամը և ահաբեկչությունը, որը եկավ այնտեղից, պայմանավորված էին կրոնով: Նույն կերպ հնարավո՞ր է ասել, որ, օրինակ, մենք ունենք հրեական ահաբեկչություն, որն արտացոլում է այն, ինչ Իսրայելն իրականացրեց պաղեստինցիների հանդեպ: Կարո՞ղ ենք օգտագործել քրիստոնեական ահաբեկչություն տերմինը՝ «Կու Կլյուքս Կլանին» մատնանշելու համար: Մենք երբեք չենք օգտագործել նման ձևակերպումներ։

Նախագահ Սարգսյան - Կարծում եմ, Դուք իրոք շեղվեցիք: Ես տերմին ունեմ՝ քվանտային, ասելով, որ այս աշխարհը դարձել է քվանտային և կարող ես մի տեղից մյուսը շեղվել՝ կորցնելով տրամաբանական հետքը։ Բայց Դուք ամբողջությամբ քվանտային հարց բարձրաձայնեցիք, հարց, որին պատասխանելու համար հավանաբար մի քանի ժամ կպահանջվի: Թույլ տվեք չպատասխանել այդ հարցին:
Այն, ինչ ասացի Սիրիայի դեպքում, նույնիսկ Իրանն է ընդունել, որ Սիրիայում կան բազմաթիվ խմբավորումներ, որոնց ոչ միայն ես, այլև ուրիշներն են անվանում իսլամական ահաբեկիչներ: Թուրքիան վարձկաններ էր բերել, մարդիկ, ովքեր սպանում են հանուն փողի, նրանք կարող են լինել քրիստոնյաներ, մահմեդականներ կամ բուդդիստներ կամ որևէ այլ կրոն դավանողներ: Դա նշանակություն չունի, քանի որ այն, ինչ նրանք են անում, սխալ է։ Սպանել մարդկանց, քանի որ նրանք տարբերվում են, սպանել մարդկանց հանուն փողի ընդունելի չէ ո՛չ քրիստոնեության, ո՛չ էլ իսլամի համար։ Ես մի քանի անգամ Ղուրան եմ կարդացել և ոչինչ չեմ գտել, որ ասի, թե՝ փողի համար պետք է սպանել նրանց, ովքեր տարբերվում են։ Ես նման բան չեմ տեսել։ Գուցե, Դուք տեսել եք և կարող եք ինձ ցույց տալ, եթե գիտեք:

Քուրուշ Զիբարի - Դուք ճիշտ եք:

Նախագահ Սարգսյան - Այլոց կրոնն ու մշակույթը հարգելն ինձ համար շատ կարևոր է։

Քուրուշ Զիբարի - Անդրադառնանք արտաքին քաղաքականությանը: Գիտեմ, որ բավական երկար ժամանակ ճանաչում եք Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, և որ ԱՄՆ նախագահն այս տարվա ապրիլին ճանաչեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ ի տարբերություն ԱՄՆ բազմաթիվ նախկին նախագահների, ովքեր շրջանցեցին ճանաչման մասին իրենց դիրքորոշումը: Դուք ակնկալու՞մ եք Վաշինգտոնի հետ երկկողմ հարաբերությունների անցում նոր մակարդակի։ Կա՞ն արդյոք նոր զարգացումներ Երևան-Վաշինգտոն հարաբերություններում, որոնք արժանի են ուշադրության:

Նախագահ Սարգսյան - Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր է իմ ազգի և միջազգային հանրության համար։ Անհրաժեշտություն չկա բացատրելու՝ ինչու: Նրանց համար կարևոր է գիտակցել, որ սխալ բան է տեղի ունեցել: Սխալ բան է պատահել այն մարդկանց պապերի ու տատիկների հետ, ովքեր այժմ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ, Արգենտինայի, Լիբանանի և այլ երկրների քաղաքացիներ են։ Եթե չես ճանաչում ցեղասպանությունները, դրանք շարունակվում են։ Ինչպես կարող է մեկն ասել, որ Ռուանդայում ցեղասպանություն չի եղել։ Պետք է ընդունել, որ ցեղասպանություն է եղել, հետո մտածել՝ ինչպես կարող ես պարզապես ապրել դրա հետ և փոխել դրա հետևանքները։

Շատ ուրախ եմ լսել, որ Ռուանդան այժմ շատ ակտիվ և հաջողակ պետություն է։ Նրանք ժամանակակից են, ներդրումներ են կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և դա հրաշալի է, քանի որ նրանք նույնպես անցել են դժոխքի միջով: Նույնը կատարվել է հայերի հետ: Մեծ թվով երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Միացյալ Նահանգները և Միացյալ Նահանգների նախագահը, ճանաչելով ցեղասպանությունը, կարևոր քայլ են անում: Սակայն արդյո՞ք դա պատմական արդարությու՞նն է: Դա կարևոր է Ամերիկայում ապրող հայերի, ամբողջ աշխարհի հայերի համար, բայց կարծում եմ, որ դա կարևոր է նաև ամերիկացիների համար: Նրանք ճանաչում են ինչ-որ բան, որը սխալ էր: Ճանաչելով սխալը՝ առնվազն փորձում ես կանխել հաջորդը:

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին՝ դիվանագիտական, քաղաքական և այլ ոլորտներում, ապա դրանք պետք է դիտարկել ոչ միայն պատմական, այլև իրական քաղաքականության ժամանակակից, պրագմատիկ տեսանկյունից: Իսկ իրական քաղաքականության մեջ նկատվում է Կովկասի վերաձևափոխման գործընթաց, և գուցե լինի Կենտրոնական Ասիայի վերաձևման գործընթաց ևս:

Այսօրվա կասպյան տարածաշրջանը նույնը չէ, ինչ 30 կամ 25 տարի առաջ էր։ Հայաստանի համար այն ժամանակ հնարավորություն կար Կովկասն այլ ճանապարհով վերաձևավորելու գործընթացին մաս կազմել:

Արդյո՞ք Ադրբեջանում այնքան խելացի կլինեն, որ իրենց հաղթանակը վերածեն կայուն խաղաղության: Երբ դու հաղթող կողմ ես՝ ունես առավելություն, կարող ես նաև փոխզիջումների գնալ, քանի որ հաղթանակը քոնն է։ Պետք է բավականաչափ իմաստուն լինել՝ հասկանալու համար, որ փոխզիջումների գնալով, կարող ես հարաբերություններ ստեղծել, որոնք շատ ավելի երկար կտևեն։ Մենք ապրում ենք, ինչպես ասացի, քվանտային աշխարհում, և ամեն ինչ շատ արագ ու անսպասելի է փոխվում: Մենք ունենք Թուրքիայի նման հարևան, և դժվար է կանխատեսել, թե որն է լինելու նրա հաջորդ քայլը։

Քուրուշ Զիբարի - Անդրադառնանք նաև Իրան-Հայաստան հարաբերություններին։ Դուք, անշուշտ, լսել եք Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածության մասին։ Բաքվի կառավարությունը Գորիս-Կապան ճանապարհով Հայաստան մտնող իրանական բեռնատարներից զգալի վճարներ է գանձում, ինչը փաստացի կտրում է Իրանին Հայաստանից: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանի այս ծրագիրը բացասական ազդեցություն կունենա՞ Իրանի հետ ձեր առևտրային հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս եք գնահատում Իրան-Հայաստան հարաբերությունները քաղաքական, տնտեսական, ֆինանսական, գիտական և մշակութային ոլորտներում։

Նախագահ Սարգսյան - Ապացուցելու կարիք չկա, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կենսական և շահեկան են Հայաստանի համար։ Իրանը երկար տարիներ եղել է մեր վստահելի հարևանը։ Նույնիսկ արևմտյան մեր բարեկամներից շատերն ընդունում են, որ կարող են տարաձայնություններ ու լարվածություն ունենալ Իրանի հետ, բայց Իրան-Հայաստան հարաբերությունները զարգանում են այլ հարթության վրա: Շատ կարևոր է, որ մեր հարաբերությունները առևտրատնտեսական, քաղաքական կամ մշակութային ոլորտներում լինեն խորն ու արդյունավետ։ Պատմությունը ցույց է տալիս, որ մենք կարող ենք վստահել Իրանին և երկարատև հարաբերություններ ունենալ և՛ որպես պետություն, և՛ որպես ազգ։

Ես արդեն անդրադարձել եմ Թեհրան կատարած իմ այցին։ Երիտասարդ ու կենսունակ մարդկանցով և ուսանողներով երկիր է, որը շատ հետաքրքրված է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով: Սպահանում այցելեցի հայկական եկեղեցի, տեսա գրադարանը, տեղեկացա, որ Իրանի կառավարությունը մեծապես աջակցել է այդ ժառանգության պահպանմանը: Այս ամենը, բնականաբար, Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները դրական հունով զարգացնելու հիմք է: Մենք բոլորս ունենք տարբերություններ: Ձեր հարաբերություններն այլ երկրների հետ նույնքան բարդ են, որքան մեր հարաբերություններն այլ երկրների հետ։ Սակայն երկկողմ մակարդակով Իրանին անհրաժեշտ է ուժեղ, կայուն Հայաստան, իսկ Հայաստանին պետք են Իրանի հետ լավ հարաբերություններ։

Քուրուշ Զիբարի - Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածությունը և Իրան-Հայաստան առևտրատնտեսական կապերի վրա դրա հետևանքների հավանականությունը:

Նախագահ Սարգսյան - Իրականությունն այն է, որ ադրբեջանական կողմը դեռևս սահմանազատման գործընթացից առաջ փորձում է օգտագործել իր ռազմական ուժը կամ հաղթողի դիրքը՝ այդ խաղը պարտադրելու և խաղալու համար:

Ինչպես գիտեք, մեր զինվորները դեռևս պատանդ են պահվում Ադրբեջանում և չեն վերադարձվել։ Մինչդեռ, բոլոր մարդասիրական արժեքների համաձայն, պատերազմներից հետո տեղի է ունենում բոլոր ռազմագերիների փոխանակման գործընթաց, ինչը փաստացի տեղի ունեցավ այս և 1994 թվականի պատերազմների ժամանակ, երբ Հայաստանը վերադարձրեց բոլոր ադրբեջանցի գերիներին։ Դեռևս կան բազմաթիվ անուններ, որոնց ճակատագրերն անհայտ են, շատ ընտանիքներ չգիտեն՝ իրենց երեխաները, որդիները ո՞ղջ են, թե՞ ոչ: Սահմանների հետ կապված խնդիրներ կան, Իրանի հետ առևտրի մասով՝ ևս:

Քուրուշ Զիբարի - Կցանկանայի՝ անդրադառնաք COVID-19 համավարակին և Հայաստանի համար դրա հետևանքներին։ 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն նվազել է 7,6%-ով, մինչդեռ մեկ տարի առաջ այն աճել էր մինչև 7,6%՝ 2018թ. 5,2%-ից հետո: Ի՞նչ եք կարծում՝ փետրվարին կառավարության կողմից հաստատված տնտեսական արձագանքման ծրագիրն արտաքին աջակցության հետ միասին, ներառյալ՝ Եվրամիության 92 միլիոն եվրոն, կարո՞ղ է նպաստել արագ վերականգնմանը: Մասնավորապես, ո՞րն է Ձեր տեսլականը զբոսաշրջության ոլորտի համար, որն ամենաշատ տուժած ոլորտներից էր:

Նախագահ Սարգսյան - Հակիճ պատասխանելով նշեմ, որ մենք դեռևս չենք հաղթահարել պատերազմի և Covid-19-ի հետևանքները: Մենք մեծապես գնահատում ենք մեր բոլոր բարեկամների աջակցությունը: Եվրամիությունը հայտարարել է նաև առաջիկա տարիներին Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի աջակցության մասին։

Քուրուշ Զիբարի - Սա նո՞ր զարգացում է։

Նախագահ Սարգսյան - Ոչ։ Այստեղ էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Դա մեծ աջակցություն է։ Հարցն այն է, թե որքանով կարող ենք այդ գումարները մեր եվրոպացի գործընկերների հետ միասին օգտագործել երկրի զարգացման համար։ Շատ երկրներում ունենք լավ բարեկամներ: Պետական այցով եղել եմ Իտալիայում, և Իտալիայի կառավարությունը խոստացել է աջակցել Հայաստանին՝ մեծ քանակությամբ պատվաստանյութ տրամադրելով։ Սա նաև պատվաստումների և COVID-19-ի վերաբերյալ Ձեր նախորդ հարցի պատասխանն է։ Ռուսաստանը, որպես առանձնահատուկ գործընկեր և բարեկամ, մեծապես աջակցում է Հայաստանին։

Մենք փոքր ենք, բայց ունենք մեր առավելությունները: Փոքր երկիր ենք, բայց՝ համաշխարհային ազգ։ Ռուսաստանում, հավանաբար, նույնքան հայ է ապրում, որքան Հայաստանում կամ Ամերիկայում։

Երբ ունես փոքր պետություն, պետք է արդյունավետ աշխատես և կկարողանաս հաջողակ լինել: Շատ առումներով փոքրը կարող է արդյունավետ և գեղեցիկ լինել: Դա հսկայական կայսրություն չէ, որը դժվար լինի ղեկավարել: Ամեն ինչ կապված է նրա հետ, թե որքան խելացի ենք մենք և որքանով ենք պատրաստ կարգապահ լինել:

Հարցն այն է, թե որքան արդյունավետ ենք օգտագործում մեր ուժը։ Ադրբեջանը վերջին 26 տարվա ընթացքում բավականին արդյունավետ օգտագործեց իր ուժը՝ նավթը։ Մեր ուժը մեր Սփյուռքն է։ Բայց որքանո՞վ ենք մենք արդյունավետ օգտագործում այն: Անկեղծ ասած, մենք դեռևս այդպես չենք անում։ Մենք դեռ պետք է սովորենք, թե ինչպես այդ տաղանդավոր մարդկանց, նրանց փորձառությունը, գիտելիքները ու հայկական փողերը դրսից բերենք Հայաստան։ Այն պահին, երբ դա սովորենք՝ իսկապես հաջողակ կլինենք։

Քուրուշ Զիբարի - Իմ վերջին հարցը վերաբերում է նույն թեմային, ինչի մասին նշեցիք: Ուզում եմ խոսենք Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների մասին, Սփյուռք, որը կազմված է 7-10 միլիոն մարդուց՝ սփռված աշխարհի շուրջ 100 երկրներում: Ինչպե՞ս է Հայաստանը օգտագործում հայկական սփյուռքի ներուժը և ներդրումները: Նրանք օգնու՞մ են զարկ տալ երկրի տնտեսության զարգացմանը։

Նախագահ Սարգսյան - Նրանք օգնում են Հայաստանին, սակայն այդ օգնությունն ավելի շատ հուզական է: Նրանց ունեցած փորձը շատ բարձրակարգ է: Նրանք ամենուր են, և Սփյուռքը շատ ավելի լավ կարող է օգնել Հայաստանին, բայց դրա համար մենք պետք է որոշ փոփոխություններ կատարենք՝ կրկին Սահմանադրությունը փոխելով։ Գիտե՞ք, որ ըստ մեր Սահմանադրության, սփյուռքահայը Հայաստանում չի կարող նախարար լինել։ Կարծում եմ՝ դա մեծ, շատ մեծ սխալ է: Օրինակ՝ հայ մեծ գիտնականը կամ ՏՏ մասնագետը, որը միլիարդավոր դոլարներ է վաստակել, չի կարող Հայաստանում գիտության նախարար դառնալ։ Նա պետք է վերադարձնի իր ամերիկյան անձնագիրը, ունենա միայն հայկական անձնագիր և չորս տարի ապրի միայն Հայաստանում, որպեսզի կարողանա մտածել նախարար դառնալու հնարավորության մասին։

21-րդ դարում մարդիկ չորս տարում կայսրություններ են կառուցում։ Եթե չորս տարի Սիլիկոնյան հովտում չեք, ապա հեռացել եք և այլևս արժեք չեք ներկայացնում: Մեզ օրենք է պետք, որը թույլ կտա այսօր ընտրել մեկին ու վաղը նախարար դարձնել։ Դուք տեսնում եք, որ նրանք գիտեն՝ ինչպես առաջ շարժվել: Ամերիկայում կա երկու պատվաստանյութ՝ Pfizer-ը և Moderna-ն: Գիտե՞ք, թե ով է ստեղծել դրանցից մեկը՝ Նուբար Աֆեյանը, որը հիմնել է Flagship Pioneering վենչուրային ֆոնդը, որը ստեղծել է Moderna-ն: Սակայն նա՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը, չի կարող մեր երկրի կրթության և գիտության նախարար լինել։ Դա անելու համար նա պետք է վերջին չորս տարիներին ապրեր Հայաստանում։ Այդ դեպքում ո՞վ պետք է ստեղծեր Moderna-ն։

Իրականում, 10 միլիոնից ավելի հայ է ապրում արտասահմանում: Ձեր նշած թվում ներառվում են այն հայերը, որոնք ներգրավված են հայկական համայնքներում։ Սակայն շատ հայեր կան, որոնք այդ ցանկում չկան։ Ես ունեմ նման մարդկանց մեծ ցուցակ, և մենք չենք օգտագործում այդ տաղանդներին: Այս շենքում (նախագահական նստավայրում) մենք գիտաժողով անցկացրեցինք՝ նվիրված մի մարդու ծննդյան 100-ամյակին, որի ազգանունը Քեմուրջյան է։ Գիտե՞ք՝ ով է նա։

Քուրուշ Զիբարի - Ոչ:

Նախագահ Սարգսյան - Անշուշտ, չգիտեք: Շատ հայեր կան, որոնց մասին մեր հայրենակիցների 90 տոկոսը չգիտեն։ Հիշու՞մ եք լուսնագնացը: Լուսնագնաց, որը Լուսին է հասցվել նախ Խորհրդային Միության, այնուհետև՝ ԱՄՆ-ի կողմից:

Քուրուշ Զիբարի - Այո, իհարկե:

Նախագահ Սարգսյան - Իրականում Դուք հիշում եք ամերիկացի տիեզերագնացներին, լուսնագնացներին: Հետո Խորհրդային Միությունը ուղարկեց իր մարսագնացը, այնուհետև դա արեցին ամերիկացիները: Պարոն Քեմուրջյանն էր, որը ստեղծեց այն: Խորհրդային Միության առաջին լուսնագնացը ստեղծվել է Քեմուրջյանի կողմից: ՆԱՍԱ-ն նրան խնդրեց օգնել իրենց, քանի որ նրանք չէին կարող դա անել: Նա պատմության մեջ ռոբոտաշինության ամենամեծ ինժեներներից մեկն է եղել: Եվ նա հայ էր։ Սանկտ Պետերբուրգում այժմ նրա անունը կրող հսկա ինստիտուտ կա։

Նման մարդիկ ամենուր են, բայց մենք դա չենք օգտագործում: Մենք նման ենք Պարսից ծոցի որևէ երկրի, որը որոշել է չօգտագործել իր նավթը: Ի՞նչ է ստացվում արդյունքում՝ անապատ: Հայերս դեռ պետք է սովորենք, թե ինչպես օգտագործել մեր Սփյուռքի ուժը: Եվ ես մեծ ջանքեր եմ ներդնում դրա համար, քանի որ դա ուղիներից մեկն է: Մարդիկ իսկապես չեն հասկանում, թե որքան մեծ է Սփյուռքի հզորությունը, քանի որ այն երբեք չի օգտագործվել։ Մենք պետք է շատ գործ անենք, և դրանցից մեկը Սահմանադրությունը փոխելն է։


 

 

 

← Վերադառնալ