05
11, 2021

Ցանկանում եմ, որ կառուցենք երկիր, որը, փոքր լինելով հանդերձ, կլինի խելացի և ուժեղ. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Россия 24» հեռուստաընկերությանը

«Россия 24» հեռուստաընկերության «1/6» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր Հայաստանին, որի շրջանակում ներկայացվել է նաև հաղորդման հեղինակ և վարող Կիրիլ Վիշինսկու հարցազրույցը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հարցազրույցը, որը տեղի է ունեցել Դիլիջանում, թարգմանաբար, որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Россия 24» - Թույլ տվեք սկսել քաղաքականությունից. այս ամռանը Հայաստանում երկարատև քաղաքական ճգնաժամից հետո տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դուք, ելույթ ունենալով նոր Ազգային ժողովում, դիմեցիք պատգամավորներին առաջարկով կամ խնդրանքով՝ անցնել բազմաշերտ ճգնաժամի լուծմանն ու փորձել հաղթահարել պառակտումը: Ի՞նչ եք կարծում, դա նրանց հաջողվո՞ւմ է:

- Ե՛ս չպետք է մեկնաբանեմ՝ նրանց հաջողվու՞մ է, թե՞ ոչ: Կմեկնաբանի Հայաստանի ժողովուրդը, նրանք, ովքեր ընտրել են այս խորհրդարանը: Ես կարող եմ ասել, որ մեզ մոտ իսկապես կար ճգնաժամային ժամանակահատված: Իհարկե, Ռուսաստանի շնորհիվ հաստատված հրադադարից, պատերազմը կանգնեցնելուց անմիջապես հետո Հայաստանում սկսվեցին ներքին գործընթացներ, որոնք երկրում անկայունության աղբյուր դարձան:

Ամենակարևորը, որ արդեն գարնանը ես խոսեցի տարբեր քաղաքական ուժերի, նաև վարչապետի հետ: Առաջարկս շատ պարզ էր՝ այս իրադրությունից ելքը նորմալ պետությունում, ինչպիսին ձգտում ենք լինել, ընտրություններն են: Իմ առաջարկն ավելի համակարգային էր, քանի որ կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է փոխել նաև Սահմանադրությունը: Իմ կարծիքով՝ նման Սահմանադրությունը հավասարակշռված չէ, չկան զսպման մեխանիզմներ:

Ես համալիր առաջարկ էի արել, որը մասամբ կատարվեց. անցկացվեցին ընտրություններ: Ես ուրախ եմ դրա համար: Ընտրությունները տեղի ունեցան: Հստակ կարող եմ ասել, որ փողոցային լարվածությունը կտրուկ նվազեց: Ավելի ճիշտ, այդ լարվածությունը տեղափոխվեց խորհրդարան:

«Россия 24» - Պարոն նախագահ, Դուք ասում էիք, որ բազմաշերտ ճգնաժամի կարգավորման համար Հայաստանին հարկավոր է կառավարման նոր, որակյալ համակարգ: Ի՞նչ է դա նշանակում:

- Ցանկացած երկրում մշտապես կարելի է բարելավել կառավարման համակարգը: Մենք ապրում ենք 21-րդ դարում: 21-րդ դարը թելադրում է նոր հասկացություններ, նոր տեխնոլոգիաներ: Մենք նաև երկիր ենք, որն անցել է այս պատերազմի միջով, փորձում է լինել ժողովրդավարական: Փոխվում է տարածաշրջանային քաղաքականությունը: Այսինքն, ամեն ինչ շատ արագ է փոխվում: Հետևաբար, եթե դու փոքր երկիր ես, ունես հաջողակ լինելու մեկ ուղի՝ պետք է խելացի երկիր լինես:

Օրինակ, այդպիսի երկիր են Սինգապուրը, Կատարը, ԱՄԷ-ն, Իսրայելը, Իռլանդիան: Այսինքն, դրանք երկրներ են, որոնք գիտեն, թե ինչ առավելություններ ունեն ու ինչ թերություններ, խնդիրներ, որն է իրենց ներքին էներգիան: Դրանց թվում կան նաև երկրներ, որոնք ունեն մեծ բնական պաշարներ, սակայն միևնույն է, օրինակ, Ծոցի երկրները մեծ թվով ռեսուրսներ են ծախսում՝ զարգացնելու մարդկային ռեսուրսը: Այսինքն, գումարներ են ծախսում կրթության, գիտության, մշակույթի վրա:

Պատկերացրեք, եթե 30 տարի առաջ ինչ-որ մեկն ասեր, որ ԱՄԷ-ն արբանյակ կուղարկի Մարս: Մենք այն ժամանակ միայն կժպտայինք , մինչդեռ հիմա դա իրականություն է: Այսինքն, մեր դեպքում լինել խելացի նշանակում է օգտագործել այն մեծ ռեսուրսը, որն ունենք:

Մենք պետք է լրջորեն հասկանանք ու սկսենք օգտագործել մեր առավելությունը: Այդ առավելության մասին բոլորը գիտեն, այդ մասին անընդհատ խոսում ու քննարկում են: Խոսքը հայկական Սփյուռքի մասին է:

«Россия 24» - Պարոն նախագահ, Հայաստանին շատ հարցերով օգնում է Սփյուռքը: Այդ մարդիկ, ովքեր ակտիվորեն օգնում են իրենց երկրին գումարով, չեն կարող մասնակցություն ունենալ երկրում իշխանության ընտրության հարցում: Հայկական օրենսդրությունն այնպիսին է, որ խորհրդարանական ընտրությունների համար արտերկրում ընտրատեղամասեր նախատեսված չեն: Դա արդա՞ր է:

- Նրանց մասնակցությունն ընտրական գործընթացին, առավել ևս եթե ցանկանում ենք այդ գործընթացը ժողովրդավարական դարձնել, խնդրի երկրորդ մասն է: Մենք փոքր երկիր ենք, բայց՝ համաշխարհային ազգ: Ռուսաստանում երևի բնակվում են նույնքան հայեր, որքան Հայաստանում: Այդ մարդկանց մեծ մասն ունի ՀՀ անձնագիր, նրանցից ոմանք հարկեր են վճարում Հայաստանում: Սակայն սա խնդրի երկրորդ մասն է: Առաջինն այն է, որ մարդիկ ոչ միայն չեն կարող մասնակցել կառավարության կամ այլ մարմինների ընտրություններին, նրանք չեն կարող մասնակցել, չեն կարող իրենց ներդրումն ունենալ երկրի կառավարման գործում:

Հիմա մենք Դիլիջանում ենք, որտեղ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է: Սա արդեն երրորդ գագաթնաժողովն է, հավաքվում են նաև հայեր Հայաստանից, Ռուսաստանից, այլ երկրներից: Ես քննարկում էի ունենում մի հիանալի անձնավորության՝ Նուբար Աֆեյանի հետ: Նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ստեղծել է ԱՄՆ-ում երկրորդ պատվաստանյութը: Նուբարը չի կարող Հայաստանում լինել գիտության նախարար: ՀՀ Սահմանադրությամբ վերջին 4 տարիների ընթացքում նա պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի և այդ ընթացքում բնակվի միայն Հայաստանում: Բայց չէ՞ որ սա մեծ հարստություն է, մարդիկ, ովքեր բնակվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, մեծ ճանապարհ են անցնել, ունեն մեծ փորձառություն: Կամ լորդ Դարզին, ով թիվ մեկ վիրաբույժն է, բժիշկը, քաղաքական գործիչ, ինչո՞ւ նա չի կարող լինել Հայաստանի առողջապահության նախարար: Կարելի է հրավիրել մարդու, ով ամեն բան ավելի լավը կդարձնի, մարդ, ով ունի մեծ կապեր, ով տարբեր երկրներում՝ Ճապոնիայի մինչև ԱՄՆ և Կատար ստեղծել է առողջապահական համակարգեր: Եվ նրանք շատ են:Տիգրան Խուդավերդյանը մեծ ռուսական ընկերության ղեկավարներից մեկն է, որը կոչվում է «Յանդեքս»: Հիանալի, երիտասարդ, տաղանդավոր մարդ է:

Երբ ասում եմ, որ կառավարման որակը պետք է բարձրացնել, նկատի ունեմ նաև դա: Հայաստանն ունի նման մարդկանց ահռելի մեծ ներուժ, սակայն մենք այն չենք օգտագործում: Կառավարումն առանցքն է: Մենք նման ենք Ծոցի երկրներից մեկին, որը նավթային մեծ ռեսուրսներ ունի, սակայն որոշել ենք, որ այդ նավթից չենք օգտվելու:

«Россия 24» - Որքանո՞վ է այսօր հնարավոր Հայաստանում սահմանադրական բարեփոխում իրականացնելը, և ի՞նչ է այն ենթադրում:

- Տարբեր մարդկանց, տարբեր քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների համար դա տարբեր է: Ինձ համար դա ենթադրում է այն, ինչ տեսնում եմ:

Այս Սահմանադրությունը փոխվել է 2015 թվականին: Այն սկսեց աշխատել որպես նախագահ իմ երդմնակալության պահից: Թվում է՝ ամեն բան նորմալ է, կառավարման նախագահական համակարգից անցում կատարեցինք խորհրդարանականի: Ես նման կարծիք չունեմ, որ նախագահականն ավելի լավն է խորհրդարանականից կամ հակառակը: Ըստ էության, երկուսն էլ լավն են, եթե ամեն բան նորմալ է աշխատում, և կան հավասարակշռված իշխանություն ու վերահսկման տարբեր գործիքներ:

Հայաստանում այն հավասարակշռված չէ: Իշխանության գլխին է կուսակցությունը, որն ունի խորհրդարանական մեծամասնություն, նա է ձևավորում կառավարություն: Կառավարությունը, մեծամասնություն ունենալով խորհրդարանում, շատ տարբեր որոշումներ կարող է ընդունել: Նախագահը չի կարող հավասարակշռել, քանի որ ես չեմ կարող օրենքի վրա վետո դնել: Միակ բանը, որ կարող է նախագահն անել, հստակեցնելն է՝ օրենքը Սահմանադրության հետ խնդիր ունի՞, թե՞ ոչ: Եթե նախագահը կարծում է, որ ունի, ապա ուղարկում է օրենքը ՍԴ, այնտեղ որոշում են կայացնում, ինչից հետո նախագահը ստորագրում է կամ չի ստորագրում: Սակայն պարտադիր չէ, որ օրենքն ունենա խնդիրներ սահմանադրականության հետ: Այն պարզապես կարող է վատ օրենք լինել: Օրինակ, կարող է լինել օրենք կրթության, գիտության կամ առողջապահության ոլորտի մասին: Եթե ունեք նախագահ, որը փորձառու է գիտության ոլորտում, գիտնական է եղել, դասավանդել է տարբեր համալսարաններում, հասկանում է այդ ոլորտից, ինչո՞ւ չպետք է հնարավորություն ունենա այդ օրենքն ուղարկել հետ՝ խորհրդարան, և ասել, որ կան խնդիրներ, պետք է այն նորից քննարկել: Կառավարությունը բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում: Նախագահը չի կարող այդ օրենքի ընդունումը կասեցնել: Ստացվում է, որ մարդ այլևս շատ ջանք չի գործադրում, գրում է օրենք, որն ամեն դեպքում ընդունելու են: Իսկ դա վատ է, քանի որ պետք է, որ յուրաքանչյուր օրենք քննարկվի, ծնունդ առնի: Մեզ մոտ այդ օրենքները, օրինակ 9 ամսում ծնվելու փոխարեն, կարող են ի հայտ գալ 1 ամսում: Մեկ ամսում ծնված երեխան լիարժեք երեխա չի կարող լինել:

«Россия 24» - Այս առումով չկա հավասարակշռություն:

- Այո, հավասարակշռություն չկա: Դրա բացակայությունը բացասական գործոն է նախ և առաջ նրանց համար, ովքեր ունեն իշխանություն:

«Россия 24» - Պարոն նախագահ, մենք խոսեցինք կառավարման մասին: Ձեր թույլտվությամբ՝ հիմա խոսենք տնտեսության մասին: Հայաստանն իր հարևանների նման մեծ բնական ռեսուրսներ չունի: Ձեր կարծիքով՝ ինչի՞ հաշվին երկիրը պետք է կարողանա շարունակել հետագա զարգացումը:

- Խորհրդային Հայաստանը ժամանակին ուներ այդ արդյունաբերական ուժը, որը ստեղծվել էր խորհրդային իշխանության ժամանակ, սակայն, ցավոք, հենց կառավարման պատճառով մենք այդ ամենը կորցրեցինք: Հայաստանում էլեկտրոնիկայի, ավոտարտադրության, քիմիայի, կենսաքիմիայի ոլորտներում կար մեծ արդյունաբերություն, բայց, ցավոք, այդ անցումային ժամանակահատվածում մենք այդքան էլ ճիշտ չկարողացանք այն օգտագործել: Այդ գործարանները, որում Խորհրդային Միությունը մեծ գումարներ էր ներդրել, փակվել են, մինչդեռ պետք էր պահել: Կարծում եմ, որ այդ գործարանները պետք էր պահպանել և կառավարման հանձնել մարդկանց, ովքեր հասկանում են այդ ոլորտներից: Այդ բոլոր ինստիտուտները, գործարանները կապված էին մեծ շուկայի հետ. դրանք Խորհրդային Միության անդամ երկրների շուկաներն էին, որոնց մեծ մասը Ռուսաստանն էր զբաղեցնում: Կորցնելով այդ գործարանները՝ կորցրեցինք նաև հասանելիությունն այդ շուկաներին: Սա պատմություն է: Իսկ այսօր բոլորովին այլ պատկեր է, և առաջ շարժվելու, ճիշտ ուղի ընտրելու համար պետք է նայել դեպի ապագա: Պետք է հասկանալ, թե 10, 20, 30 տարի հետո որտեղ է լինելու ոչ միայն Հայաստանը, այլ նաև՝ աշխարհը: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե աշխարհն ինչպիսին կլինի 10 տարի հետո: Նաև այդ պատճառով և դա հասկանալու համար ենք այստեղ արդեն երրորդ անգամ կազմակերպում «Մտքերի հայկական գագաթնաժողովը»: Պետք է հասկանալ, թե միջազգային հանրությունը ինչ ուղղությամբ է առաջ շարժվում, ուր են գնում տնտեսությունը, քաղաքականությունը: Դրանից հետո արդեն պետք է հասկանալ, թե այդ պատկերում որտեղ է մեր տեղը:

Ես աշխարհը բնորոշում եմ քվանտային եզրույթով, այսինքն՝ այն դասական չէ: Աշխարհը շատ արագ, սրընթաց է զարգանում և պետք է հստակ ձևակերպել, թե ուր է գնում այն: Դա շատ դժվար է անել, բայց հասկանալ, թե ուր է գնում, հնարավոր է: Վերադառնալով հարցին, թե Հայաստանն ինչպիսի միջոցներ ունի, կարող եմ նշել, որ դա մարդկային ռեսուրսն է: Հայաստանը փոքր երկիր է, սակայն՝ համաշխարհային ազգ: Մեզ համար շատ հեշտ է գտնել որոշակի տեղեկատվություն, գոյություն ունի որոշակի ցանց՝ անձնական կապերի ցանցը: Ցանկացած վայրում՝ Սիլիկոնյան հովտից մինչև Մոսկվայի պետական համալսարան, կան մարդիկ, որոնք իրենց գեներով հայեր են, սիրում են Հայաստանը և ցանկանում են աջակցել: Այսինքն՝ դա բնական ռեսուրս է, որը գոյություն ունի, որը մենք այդքան էլ լավ չենք օգտագործում:

Մենք պետք է կենտրոնանաք նոր տեխնոլոգիաների վրա՝ լինեն դրանք կենսատեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, թե ՏՏ տարբեր ոլորտներ: Մենք պետք է նայենք առաջ, պետք է օգտագործենք մարդկային ռեսուրսը, որպեսզի այս փոքր երկրում արտադրենք բարձր տեխնոլոգիաներ: Հայաստանը ցանկացած բան՝ էլեկտրոնիկայից, արհեստական բանականությունից, կենսատեխնոլոգիաներից մինչև գյուղատնտեսություն, արտադրում է փոքր քանակությամբ, քանի որ փոքր երկիր է և մեծ ռեսուրսներ չունի: Այսինքն՝ այն, ինչ մենք անում ենք, պետք է ամենաբարձր մակարդակով լինի, այն կարող է լինել քիչ, բայց ամենալավը: Այդ իսկ պատճառով պետք է նոր կառավարում:

«Россия 24» - Պարոն, նախագահ, ելույթ ունենալով նոր խորհրդարանում՝ Դուք ասել եք, որ Հայաստանը կարող է շատ խորը հարաբերություններ ունենալ աշխարհի տարբեր երկրների հետ, սակայն Ռուսաստանի հետ կապերը առանձնահատուկ են: Ի՞նչ նկատի ունեիք:

- Դա պատմական, իրական համագործակցությունն է: Պատմականը հասկանալի է: Պատմականորեն, վերջին հարյուրամյակների ընթացքում, Հայաստանը բաժանված էր երկու՝ Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև: Տեսեք՝ ինչ եղավ հայերի հետ, որոնք ապրում էին Օսմանյան կայսրությունում՝ եղավ 1915 թվականի ցեղասպանությունը: Ինչ եղավ հայերի հետ, որոնք ապրում էին Ռուսական կայսրությունում՝ նայեք հայերին, որոնք այսօր ապրում են Մոսկվայում կամ ՌԴ այլ շրջաններում: Հայերն այնտեղ ապրում են լավ կյանքով:

«Россия 24» - Դա պատմությունն է: Իսկ այսօր ի՞նչ է տալիս Ռուսաստանի հետ գործընկերությունը նրանց, ովքեր ապրում են Հայաստանում:

- Հայ-ռուսական հարաբերություններն այնքան խորն են, որ նույնիսկ անիմաստ է քննարկել: Ես մշտապես նայում եմ դեպի ապագա:

Վերջին պատերազմի ժամանակ ի՞նչ կլիներ, ինչպիսի՞ն կլիներ մեր ապագան, ինչպիսի՞ն կլիներ այս պետության ապագան, եթե չլիներ Ռուսաստանը: Այդ պատերազմը ինչպե՞ս և ե՞րբ կավարտվեր, եթե չլիներ Ռուսաստանը: Ես ցանկանում եմ նայել դեպի ապագա: Ապագայում ես կցանկանայի տեսնել Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլորովին այլ հարաբերություններ: Դրա համար մենք Հայաստանում պետք է փոխենք մեր վերաբերմունքն ինքներս մեր հանդեպ: Դա նշանակում է կառուցել խելացի պետություն, որն ունի շատ մեծ և ուժեղ բարեկամ՝ ի դեմս Ռուսաստանի և դառնալ Ռուսաստանի Դաշնության փոքր, բայց ուժեղ բարեկամը: Կցանկանայի լինել իրապես ուժեղ երկրի նախագահ, որն ունի մեծ, երկարամյա, պատմական բարեկամ, որի հետ կարող է գնալ դեպի ապագա: Այդ ամենի համար կան բոլոր հնարավորությունները, քանի որ եթե հայերը կարողանան նոր տեխնոլոգիաներ բերել Հայաստան ամբողջ աշխարհի երկրներից, մենք շատ հանգիստ կկարողանանք զարգանալ:

Ռուսաստանի Դաշնությունում հայերի ներկայությունը շատ մեծ է բոլոր շրջաններում: Ես հպարտ եմ, որ հայերը, որոնք ապրում են Ռուսաստանում, լավ քաղաքացիներ են: Դա շատ կարևոր է: Այդ մարդկանց պետք է ավելի սերտ կապել Ռուսաստանի հետ, ստեղծել որոշակի ծրագիր: Լավագույն բարեկամությունն այն է, երբ ապրում ես այդ բարեկամությամբ, նոր ծրագրեր ես իրականացնում, այդ թվում՝ նոր տեխնոլոգիաների, տնտեսության, գիտության ոլորտներում, որոնք ուղղված են դեպի ապագա:

Համոզված եմ, որ շատ հնարավորություններ կան Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ ավելի հանգամանալից և խորը համագործակցության համար: Այս բոլոր դժվարություններից, ծանր կորուստներից հետո, ես կցանկանայի, որ մենք կառուցենք խելացի երկիր, որը, փոքր լինելով հանդերձ, կլինի խելացի և ուժեղ: Փոքր, բայց ուժեղ երկիր, որը պատմականորեն ունի մեծ բարեկամ՝ Ռուսաստանի Դաշնությունը:

«Россия 24» - Շնորհակալություն, պարոն նախագահ:

 

← Վերադառնալ