30
03, 2021

Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն. նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին (մաս 2-րդ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել aravot.am կայքին և «Առավոտ» օրաթերթին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի 2-րդ մասը.

Արամ Աբրահամյան- Պարոն նախագահ, այսօրվա իրավիճակի մասին խոսակցությունը թույլ տվեք սկսել մի հարցից, որը, չգիտես ինչու, այս ամիսներին քիչ է քննարկվում, բայց, կարծում եմ, մոտակա մեկ-երկու տարում կլինի ամենավճռականը: Ամենախոր և զգայուն ճգնաժամը մեր տնտեսության մեջ է, տնտեսությունը խոր տեղապտույտի մեջ է: Ի՞նչ ելքեր եք տեսնում:

- Համաձայն եմ Ձեզ հետ, որ տնտեսությունը խոր ճգնաժամ է ապրում, սակայն, ցավոք սրտի, դա միակ ճգնաժամը չէ: Եթե անկեղծ լինենք՝ իրականում մենք ապրում ենք բազմավեկտոր, բազմաբաղադրիչ ճգնաժամային իրավիճակում, ունենք ոչ միայն ճգնաժամ, որը հետպատերազմյան է, Արցախի մեծ մասի կորստի, մարդկային կյանքերի կորստի ճգնաժամ: Յուրաքանչյուր մարդու կորուստ արդեն ինքնին ողբերգություն է, իսկ երբ խոսքը հազարավոր երիտասարդների մասին է, ապա իսկապես ազգային ողբերգություն է:

Ճգնաժամ է, որովհետև կորսված երիտասարդների կողքին կան ընտանիքներ, ովքեր կորցրել են իրենց լավագույն զավակներին և ապրում են խոր ճգնաժամի մեջ: Ճգնաժամ է նաև, քանի որ հազարավոր երիտասարդների վիրավորվել են:

Ունենք առողջապահական ճգնաժամ, որովհետև կա կովիդը: Կուզեի դիմել Ձեր ունկնդիրներին և ընթերցողներին՝ ևս մեկ անգամ կոչ անելով ուշադիր լինել: Կովիդը չի վերջացել, հակառակը, կարծում եմ՝ Հայաստանում կովիդի երկրորդ ալիքն է գալիս, և այդ ալիքը նույնքան վտանգավոր է, դժվար ու ողբերգական շատերի համար, որքան առաջինը: Սրան պետք է շատ լուրջ վերաբերվել, ես տեսնում եմ, որ կովիդի թվերը Հայաստանում աճում են, և այս առիթով վերջերս լուրջ զրույց եմ ունեցել մի քանի նախարարների, այդ թվում՝ առողջապահության նախարարի հետ: Բայց, կարծում եմ, էական է, որ մարդիկ ավելի ուշադիր լինեն, որովհետև արդեն իսկ այսօր կովիդից մահացած մարդկանց թիվը մոտավորապես նույնն է, ինչ պատերազմի ժամանակ: Եվ այդ թիվը շարունակում է աճել:

Ունենք սոցիալական ճգնաժամ, որովհետև և՛ պատերազմի հետևանքով, և՛ դրանից առաջ սոցիալական չլուծված բազմաթիվ խնդիրներ ունենք: Դրանց ավելացան նաև Արցախից Հայաստան եկած և Արցախ վերադարձած շատ ընտանիքներ, ովքեր սոցիալական շատ ծանր պայմաններում են:

Ունենք նաև բարոյահոգեբանական ճգնաժամ, որը շատ խորն է: Մենք այդ խորությունը զգում ենք հազարավոր մարդկանց անտարբերության մեջ, անտարբերություն նաև քաղաքական գործընթացների նկատմամբ: Եթե 2018 թվականին փողոցում կարող էինք տեսնել 100, 200-300 հազարավոր քաղաքացիների, մասնավորապես երիտասարդների, ապա այսօր ցավով լսում եմ, որ հազարավոր մարդիկ մտածում են տոմս գնել, տեղափոխվել Ռուսաստան կամ ստանալ ԱՄՆ վիզա։ Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ:

Բարոյահոգեբանական ճգնաժամը կարող է այնքան խորը լինել, որ հասնի այն ճգնաժամին, թե ով ենք մենք, այսինքն, ինքնության ճգնաժամի: Եթե 6-7 ամիս առաջ մենք Եղեռնը վերապրած, արցախյան առաջին պատերազմում հաղթանակած ժողովուրդ էինք, ապա արցախյան երկրորդ պատերազմից հետո շատերը նույն հարցն էին տալիս՝ ո՞վ ենք մենք: Եվ արտագաղթ կոչված խնդրի երկրորդ մասը Սփյուռքի ներսում արտագաղթն է: Այսինքն, մարդիկ, ովքեր հպարտ էին, որ հայ են, իրենց մասնակից էին զգում հայաստանյան խնդիրներին, այսօր ավելի սառն են, խուսափող, զգուշավոր: Սա իր մեջ խոր վտանգներ է պարունակում:

Այս ցանկը բավականին մեծ է: Սկսեցինք տնտեսական ճգնաժամից. այդ ճգնաժամի համար որևէ առանձին լուծում չես կարող առաջարկել: Տնտեսական չնչին ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է, որ պետական ապարատը, պետությունն արդյունավետ աշխատեն, այսինքն, ողջ պետական ծառայություններն արդյունավետ աշխատեն, ինչը, ցավոք սրտի, կարող եմ ասել, որ այսօր չունենք: Կարիք ունենք հստակ կարգապահության՝ և՛ պետական ծառայության մեջ, և՛ գործարարների, և՛ բոլոր տեսակի ծառայությունների մեջ, և՛ գիտակցության, որ կարգապահությունից շատ բան է կախված: Ցավոք սրտի, նույնիսկ պետական ծառայության ոլորտում այդ կարգապահությունը չենք տեսնում:

Պետությունն ունի բազմաթիվ պարտականություններ: Դրանք նաև սոցիալական են: Պարտականություններ ունեն նաև մարդիկ, քաղաքացիները՝ պետության, կառավարության նկատմամբ, որպեսզի նա ապահովի և՛ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու սահմանները, և՛ անվտանգությունն ընդհանրապես: Անվտանգություն ասելով տվյալ դեպքում խոսում ենք ոչ միայն սահմանային, տարածքային, ռազմաքաղաքական անվտանգության մասին, այլև պետք է խոսենք մասնավորապես նաև կիբերանվտանգության մասին: Այսօրվա աշխարհում կիբերանվտանգությունը, տեղեկատվական անվտանգությունը հսկայական դեր ունեն և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո էլ կարող են շատ մեծ ազդեցություն ունենալ՝ ընդհուպ Հայաստան ներդրումներ ներգրավելու իմաստով:

Էական է նաև սննդի անվտանգությունը: Եկեք չմոռանանք, որ Հայաստանը չունի ելք դեպի ծով և շրջափակված է. Թուրքիա, Ադրբեջան, շատ փոքր տարածք Իրանի հետ և Վրաստան: Հայաստանը, ինչպես ցանկացած, նույնիսկ մեծ երկիր, չի կարող ինքնաբավ լինել և՛ գյուղատնտեսության, և՛ սննդի ոլորտում: Հետևաբար, սննդի անվտանգությունն էական խնդիր է: Որպեսզի սննդի անվտանգությամբ զբաղվես, դրանից առաջ պետք է ընդունես և գիտակցես, որ նմանատիպ անվտանգություն կա, և դա էլ տնտեսության կառավարման մաս է կազմում: Սակայն սննդի անվտանգությունն առանց ժամանակակից գյուղատնտեսության դժվար է պատկերացնել, իսկ մենք այսօր նույնիսկ գյուղատնտեսության նախարարություն չունենք: Բնական է, որ սննդի անվտանգությունը ոչ միայն գյուղատնտեսության, մթերքների արտադրության կամ վերարտադրության խնդիր է, այլև՝ հարաբերությունների, միջազգային առևտրային հարաբերությունների խնդիր: Այսինքն, լրջորեն պետք է այս խնդրով զբաղվել:

Այսօր Հայաստանը, գտնվելով դժվարագույն պայմաններում, ամենագրավիչ երկիրը չէ աշխարհում, որտեղ ներդրումներ կարող են գալ: Այստեղ ներդրումներ անելն արդեն իսկ շատ խնդրահարույց է շատերի համար, իսկ պատերազմից հետո՝ առավել ևս: Հետևաբար, մեզնից, յուրաքանչյուրիցս պահանջվելու են և՛ նոր մոտեցումներ, և՛ լուծումներ, որոնք սովորական չեն, և՛, իհարկե, կարգապահ, ամենօրյա ծանր աշխատանք, որպեսզի Հայաստանը կրկին դարձնենք գրավիչ ներդրողների համար: Սա այն դեպքն է, որ և՛ կառավարությունը, և՛ հանրությունը, և՛ Ազգային ժողովը պետք է գտնեն ոչ ստանդարտ լուծումներ՝ սկսած հարկային լուծումներից, որոնք կքաջալերեն ներդրումը: Այն, որ հնարավոր է դա անել, վստահ եմ՝ իմ անձնական փորձից ելնելով: Եվ որ կան երկրներ ու ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն այդ ներդրումներն անել, դրանում էլ եմ վստահ՝ ելնելով իմ անձնական փորձից և բարեկամներից, որոնց հետ շփվում եմ: Սակայն ամեն առանձին վերցրած դեպքում մենք պետք է ամեն ինչ անենք, որ ներդրողը զգա, որ ճիշտ երկիր է եկել: Եթե պայմանավորվում ես ներդրման մասին, օրինակ, արևային էներգետիկայի ոլորտում, և պատրաստակամություն կա ներդրում անել այդ ոլորտում, խոսքը հարյուրավոր միլիոնների մասին է, բայց քննարկումը և թույլտվությունը տալու գործընթացը տևում է, ասենք, երկու տարի, ինչպե՞ս դրան կվերաբերվեիք որպես ներդրող:

Արամ Աբրահամյան- Վատ:

- Եթե դու պատրաստ ես 200-300 մլն դոլարի ներդրում անել, և սա քո առաջին ներդրումն է, պատրաստ ես այդ ներդրումդ հասցնել մինչև 1 մլրդի, բայց երկու տարվա ընթացքում դեռևս չեք հասել այն հանգրվանին, որ կառավարությունն ասի՝ լավ, վաղը խնդրում եմ սկսեք... Թվում է, թե ամեն ինչ պետք է արվեր, որ այս որոշումները շատ արագ լինեն, բայց այդ որոշումները, եթե տևում են երկար ժամանակ, ո ՛չ ներդրողի, ո ՛չ էլ այդ ներդրողի հետ կապված այլ ներդրումների համար Հայաստանն այլևս գրավիչ չէ:

Հետևաբար, ինչպես անել, որ հաղթահարել տնտեսական ճգնաժամը. պատասխանը՝ բոլորի տքնաջան և կարգապահ աշխատանքով:

Եթե ճապոնացիները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրենց կարգապահության, ամենօրյա աշխատանքի շնորհիվ Ճապոնիան դարձրեցին աշխարհի ամենաառաջատար տնտեսական երկրներից մեկը, ինչո՞ւ Հայաստանը չի կարող նույն բանը կրկնել: Դրա համար պետք է հստակ ծրագիր, տեսլական, ամենօրյա տքնաջան, կարգապահ աշխատանք: Ուրիշ լուծում չկա: Հրաշքներ չեն լինում: Եվ այդ ճանապարհով գնալով՝ ևս մեկ անգամ կապացուցես ինքդ քեզ, քո ողջ ժողովրդին և ամբողջ աշխարհին, որ քո հաղթանակներն ապագայում են, և գալու են այդ հաղթանակները:

Արամ Աբրահամյան- Պարոն նախագահ, թույլ տվեք օգտագործել «մերժված» մոդայիկ բառը. կարող է և սխալվում եմ՝ իմ տպավորությամբ՝ Հայաստանը մերժված է իր որոշ բարեկամների և դաշնակիցների կողմից, իսկ ամենակարևորը՝ մեր պետությունը մերժված է մեր քաղաքացիների և Սփյուռքի կողմից: Թե՞ ես չափազանցնու՞մ եմ:

- Կարծում եմ՝ չափազանցնում եք: Եվ դրանում որևէ տարօրինակ բան չեմ տեսնում, որովհետև մեզնից շատերի համար այսօրվա իրավիճակը զգացական իմաստով իսկապես ողբերգական է, ծանր: Շատերն անցնում են շատ խորը դեպրեսիայի միջով, հետևաբար, զգացողությունը, որ մերժված ես...իրավունք ունի: Սակայն չեմ կարծում, որ մենք մերժված ենք:

Մերժված լինելը կամ չլինելը ժամանակավոր է: Պետք է ինքդ քեզ հաղթահարես, ոտքի կանգնես և շարունակես ճանապարհը: Դրա համար պետք է վերլուծես, թե որո՞նք են քո մերժվելու կամ պարտվելու պատճառները, և թե ինչո՞ւ պատերազմում չհաղթեցիր և, ընդհանրապես՝ ինչո՞ւ այս պահին գտնվում ես այստեղ այս վիճակով: Այսինքն՝ գնահատականների կարիք կա: Սակայն եկեք ոչ թե առանձին կոնկրետ գնահատականներ տամ, թե ինչու այս արեցինք կամ ինչու այս զենքը գնեցինք, ինչու այն չգնեցինք, այլ փորձեմ մի քանի ավելի ընդհանրական մտքեր ասել:

Նախ և առաջ, կարծում եմ՝ շատ էական է, որ մեզ նման փոքր պետությունը, որն իրականում համաշխարհային կամ գլոբալ ազգ է, իր կյանքը կազմակերպելուց առաջ ունենա հստակ տեսլական: Սակայն տեսլականը բավարար չէ: Տեսլական բառը իր մեջ մի քիչ հանգստություն ունի, տեսլականն ավելի շատ երազ է հիշեցնում, ձևավորված ցանկություններ: Տեսլականից մինչև իրականություն պետք է լինեն ռազմավարություն, ծրագիր և մնացած բոլոր բաղադրիչները: Կարծում եմ, որ մեր նման ազգերը և, մենք միակը չենք, տեսլականի կարիք ունեն, բայց այդ տեսլականը պետք է նաև ունենա ինչ-որ իմաստով առաքելության իմաստ: Այսինքն՝ նախ և առաջ պետք է հասկանանք, թե մենք ով ենք, որտեղ ենք այսօր գտնվում, ինչ ենք ուզում, ինչպես ենք ուզում և որտեղ ենք ուզում լինել 20, 30, 50 տարի հետո այս ամեն օր փոփոխվող աշխարհում: Եթե տեսլական-առաքելություն չունենք, դժվար է կողմնորոշվել, թե ինչ անել դրանից հետո: Կարծում եմ, որ դա շատ էական է: Եթե ունես այդ տեսլական-առաքելությունը, ապա դրանից հետո հստակ է լինում և կարողանում ես որպես ազգ, որպես պետություն ձևակերպել, թե որտեղ ես այսօր և որտեղ ես ուզում լինել, ու դրա համար ինչ է պետք, ինչպիսի ռազմավարություն: Այդ ռազմավարությունը՝ քաղաքական, ռազմա-քաղաքական, տնտեսական, գլոբալ իմաստով ռազմավարությունը պետք է համապատասխանի քո օրենքներին, քո Սահմանադրությանը: Այդ ռազմավարությանը պետք է համապատասխանեն նաև քո կառույցները, թե ինչպիսի պետություն ես ուզում, ինչպիսի նախարարություն: Եթե դու որպես ազգ կարծում ես, որ քո ամենամեծ արժեքը մարդն է, անհատն է և քո պատմությունը, քո անցած ճանապարհը, քո եկեղեցին, քո մշակույթը, ապա ինչպե՞ս կարող ես քեզ թույլ տալ ապրել մի կյանքում, որտեղ դու մշակույթի նախարարություն չունես: Եթե քո առաքելությունը հստակ է և հստակ է, թե այսօրվանից 30, 40, 50, 100 տարի հետո որտեղ ես ուզում լինել, դրանից հետևելու են և՛ ռազմավարությունը, և՛ քո Սահմանադրության տեսակն ու կառուցվածքը, քո պետական կառույցը, և ընդհանրապես՝ որտեղ են քո առավելությունները և առաջնահերթությունները: Հետևաբար, եթե դու այն ազգն ես, որի համար մշակույթը էական և կարևոր է, քեզ համար որպես ազգ, որպես պետություն ամենակարևոր արժեքը, ամենամեծ հարստությունը հենց մարդն է, ոչ թե՝ նավթը, ոչ թե՝ ոսկին, ոչ թե՝ հանքերը, ոչ թե՝ ծովային առևտուրը, այլ մարդը: Սա իրականություն է, մեր հայկական իրականությունը, ուստի ամեն ինչ պետք է անել, որ այդ մարդը զարգանա: Մի նախարարության մեջ ունենալ և՛ բարձրագույն կրթությունը, և՛ գիտությունը, և՛ դպրոցական կրթությունը, և՛ մշակույթը, և՛ սպորտը՝ անհնար է: Աշխարհի ամենահանճարեղ մարդուն բերես, չի կարողանալու կառավարել նմանատիպ նախարարությունը: Եթե մեզ համար մարդն ամենաէականն է, ուրեմն դպրոցական կրթության վրա պետք է ամենայն ուշադրություն լինի: Բարձրագույն կրթությունը և գիտությունը կարելի է ներառել մեկ նախարարության մեջ, բայց անպայման մշակույթի նախարարության կարիք ունես:

Մեկ ուրիշ դիտարկում. ցավոք սրտի, մեր անկախության տարիների ընթացքում հաճախ իրականությունը և ցանկալին խառնում ենք իրար: Հաճախ լսում ես, որ Հայաստանը գիտության երկիր է: Այո, Հայաստանը գիտության երկիր էր նախկին Խորհրդային Միության տարիներին։ Մենք հիմա անկախ պետություն ենք, շարունակում ենք ասել, որ ունենք շատ լավ գիտություն, այսինքն՝ ցանկալին իրականության տեղ ենք դնում: Ինչ-որ իմաստով գուցե, եթե կոպիտ ասեմ, ձևացնում ենք, որովհետև իրականում նույն Գիտությունների ակադեմիան այս տարիների ընթացքում մի քանի անգամ փոքրացել է, շատ-շատ երիտասարդ տաղանդավոր գիտնականներ Հայաստանից հեռացել են: Ասել, որ այսօր ունենք շատ ժամանակակից գիտություն, դիվանագիտորեն ասած՝ ցանկալին իրականի տեղ դնել է, իրականում կարելի է ձևակերպել, որ սա ձևացնել է: Սակայն ավելի ոչ դիվանագիտական բառեր կարող են լինել, ավելի կոպիտ բառ, որ՝ ստում ենք: Ստում ենք նախ և առաջ ինքներս մեզ: Ստում ենք, երբ ասում ենք, որ Հայաստանում ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, չգիտես ինչու, այնպիսի տպավորություն կա, որ մենք զարգացած երկիր ենք այդ ոլորտում, երբ այդպես չէ: Այսօր ծրագրավորողների քանակը Հայաստանում, որոնք որոշակի որակ ունեն, 5-6-7 հազարից ավել չէ: Գուցե 20-30 հազար մարդ աշխատում է այդ ոլորտում, ներառյալ՝ հեռախոսային ընկերությունները, կապի ոլորտը և այլն... Վերջապես պետք է դադարենք ձևացնել, որ ինչ-որ բաներ ունենք, երբ չունենք, այլ այնքան ազնիվ լինենք, որ ասենք՝ այո՛, այսօր մեր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեծ օգնության կարիք ունի և պետք է ամեն ինչ անենք, հարկային արտոնություններ տանք, համալսարանական և դպրոցական կրթությունը բարելավենք, որպեսզի իսկապես ունենանք, որովհետև առանց դրա, առանց ապագա արհեստական բանականության տեղ չենք հասնելու:

Մեկ ուրիշ դիտարկում՝ երբեմն կամ հաճախ այնպիսի տպավորություն եմ ունենում, որ կա երկու Հայաստան: Մեկն այն Հայաստանն է, որի մասին քիչ առաջ խոսում էինք, որն ունի իր տնտեսական խնդիրները, զանազան ճգնաժամեր, ունի մարդիկ, որոնք գտնվում են աղքատության եզրին, և ունի հսկայական խնդիրներ, որ պետք է լուծի, որի համար հսկայական աշխատանք պետք է արվի: Մյուս կողմից, տեսնում ես այսպես կոչված՝ վիրտուալ, ֆեյսբուքյան Հայաստանը, որն, իհարկե, բուն Հայաստանի հետ ինչ-որ կապ ունի, բայց իրական Հայաստան չէ և «Հայաստան» հեռուստատեսային սերիալի տպավորություն է թողնում: Ամեն օր, անկախ նրանից դու հաջողակ մարդ ես, թե աղքատության եզրին ես, եթե հեռախոս ունես, նայում ես այդ սերիալը, որտեղ ամենաշատը զանազան բամբասանքներ են, լուրեր, որոնք շատ հաճախ իրականության հետ կապ չունեն... Այստեղ որևէ բարոյական, օրինական սահմաններ չկան՝ ոչ բառերի օգտագործման, ոչ բարոյականության, այսպես ասած՝ քաղաքական կամ տնտեսական սահմաններ, որևէ կարմիր գիծ չկա: Հաճախ շատերն իրենց պատկերացումներն իրենց սեփական երկրի մասին կամ թե ինչ է տեղի ունենում երկրում, ստանում են այս երկրորդ՝ ոչ իրական Հայաստանից: Մեզնից յուրաքանչյուրը, կարծում եմ՝ նաև Դուք, հաճախ նաև նմանատիպ հարձակումների թիրախ է դառնում: Սրանք բոլորը մարդկանց շեղելու նպատակ ունեն, շեղում են իրական իրավիճակներից, մեր իրական խնդիրներից: Իմ մասին կարդացել եմ շատ հետաքրքիր որոշ գրառումներ, որ ես աշխարհի նավթի տերն եմ, Բաքվի նավթի տերն եմ, Բրիտանիայից եմ ուղարկված, այլմոլորակային եմ: Մարդկանց այս զանգվածը զբաղված է անընդհատ նմանատիպ դավադրություններով, երբ մենք այսօր ունենք բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

Մեր բոլոր հաղթանակների ու պարտությունների աղբյուրը և միակ մեղավորը մենք ենք, պետք չէ ուրիշ տեղ փնտրել: Ուրիշների մեջ փնտրելով՝ մենք միայն խուսափում ենք պատասխանատվությունից: Սա ինչ-որ իմաստով նաև ծուլության նշան է: Խուսափում ենք վեր կենալ մեր նստած տեղից կամ ծնկաչոք վիճակից, ամեն օր ծանր աշխատանքով այս երկիրը նորից երկիր սարքել: Չգիտես ինչու մենք մեր երկրում անընդհատ փրկիչ ենք փնտրում, այսինքն՝ քաղաքականությունը, տնտեսությունը, անձնավորվում է, միշտ կամ հաճախ կապվում է անձի հետ, ոչ թե՝ գաղափարի, ոչ թե՝ կուսակցության, ոչ թե՝ համակարգի հետ, այլ կապվում է անհատի հետ, և պարբերաբար ունենում ենք փրկիչներ: Իհարկե, եթե փրկիչը մեզ չի փրկում, ապա ինքը քավության նոխազն է, հետո պետք է փնտրենք հաջորդ փրկչին: Փրկիչ փնտրելու փոխարեն պետք է միասին ձեռք ձեռքի տված աշխատենք և իմանանք, թե ուր ենք գնում: Փրկիչ փնտրելը դառնում է արդեն մշակույթ, որը շատ վտանգավոր է:

Արամ Աբրահամյան- Վերջինը հարցը, պարոն նախագահ: Դուք հիշատակեցիք, որ երկար ժամանակ ծառայել եք որպես ՀՀ դիվանագետ: Նորից կուզեի հարցնել մեր և արտաքին աշխարհի հարաբերությունների մասին, որովհետև տարածաշրջանում և աշխարհում ստեղծվել է բոլորովին այլ իրավիճակ նաև այս պարտությունից հետո, և Ռուսաստանի ու մյուսների հետ պետք է նորովի հարաբերություններ հաստատել: Եթե ընդհանուր ասենք, ի՞նչ է պետք անել այս ուղղությամբ:

- Եթե թույլ տաք, ես մի քիչ ավելի կընդլայնեմ: Մենք Ձեզ հետ խոսեցինք այս քաղաքական իրավիճակից դուրս գալու մասին, և դուրս գալու ճանապարհն ընտրություններն են: Կան ընտրություններ՝ ըստ նախագահի, կան՝ ըստ Ազգային ժողովի: Բոլոր դեպքերում եթե կան ընտրություններ, և դրանք չեն ուղղորդվելու հակադրություններով, ընդհարումներով և անսպասելի ռադիկալ քայլերով, ընտրությունն, իհարկե, միշտ նախընտրելի է: Սակայն ընդհանրապես լուծում գտնելու համար, կարծում եմ, պետք է նորից վերադառնանք այն մի քանի հարցին, որի մասին խոսեցինք: Նախ պետք է հետ նայենք և տեսնենք, թե ինչ սխալներ ենք արել այս 30 տարվա ընթացքում: Ոչ թե որպեսզի ինչ-որ մեկին մատնացույց անենք և մեղադրենք, այլ ուղղակի մեր եզրակացությունը անենք, թե մեր ապագա կյանքում ինչ չի կարելի անել, կամ ինչպես է ճիշտ անել:

Երկրորդը. պետք է ունենանք շատ հստակ տեսլական, ռազմավարություն, ծրագիր, որը գրված լինի ամեն տարվա և ամեն օրվա, ամեն անհատի համար՝ ներառյալ Սփյուռքը: Եթե մենք ռազմավարություն ենք մշակում և գնալու ենք առաջ, ապա դրա հիմնաքարը պետք է լինի մեր թերություններն ու մեր առավելությունները գնահատելը: Ցանկացած երկիր նույն ճանապարհով պետք է անցնի: Նույնիսկ մեր թշնամին այդ ճանապարհով է անցել: Առաջին ղարաբաղյան պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո նրանք կարողացան գնահատել իրենց առավելությունները, որոնք են՝ բնական ռեսուրսները՝ նավթ ու գազ, էներգետիկ խաչմերուկ են՝ Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկած նավթի և գազի բնական ճանապարհ են դեպի եվրոպական շուկաներ, և հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս երեք գործոնը որպես առավելություն օգտագործելով՝ եկան հասան 26 տարի հետո մեզ համար շատ ցավալի և ողբերգական իրավիճակի:

Մեզ համար շատ էական է, որ մենք կարողանանք գնահատել՝ որոնք են մեր առավելությունները: Որքան էլ փնտրենք, իրականում մեկն է և շատ մեծ. դա մարդկային գործոնն է: Այդ մասին բոլորս գիտենք, բոլորս խոսում ենք, կենացներ ենք ասում, հավաքներում, ժողովներում, միտինգներում դրա մասին ենք խոսում, բայց իրականում նման ենք մի երկրի, որն ունի հսկայական նավթի պաշարներ, բայց որոշել է չօգտագործել դրանք: Եթե դա երկրի հիմնական պաշարն է, և երկիրը դա չի օգտագործում, դառնում է անապատ: Նավթ ունեցող երկիրն ի վերջո նավթը վաճառելուց հետո ներդնում է գումարն իր մարդկանց մեջ՝ կրթելով, համալսարան բացելով, ուղարկելով քաղաքացիներին այլ երկրներ: Մենք ունենք այսօր այդպիսի տաղանդավոր մարդիկ, և, ցավոք սրտի, որևէ կերպ չենք կարողանում օգտագործել այդ հսկայական հարստությունը: Եվ այս հարստության մեծ մասը գտնվում է արտերկրում՝ Սփյուռքում:

Ուրեմն, հետ նայել, որ սխալները չկրկնենք, հստակ ծրագիր ունենալ և օգտագործել առավելությունները, որ մարդկային ռեսուրսներն են, ներգրավել մեր հայրենակիցներին, արհեստական խոչընդոտներ, պատեր չդնել նրանց ներգրավելու համար: Սա վերաբերում է նաև արտաքին քաղաքականությանը: Արտաքին քաղաքականությունն ավելի արդյունավետ վարելու համար մենք բազմաթիվ բաղադրիչների կարիք ունենք: Նախ՝ տեղեկատվության, որը պետք է ստանանք և՛ սովորական խողովակներով, և՛ մեր հայրենակիցների, և՛ համաշխարհային լրատվության, և՛ հետախուզության միջոցով: Եվ, իհարկե, ունենանք սեփական բարձր որակի վերլուծական կենտրոններ: Պետությունը պետք է աջակցի նմանատիպ կենտրոնների գոյությանը:

Ինչպես կառուցել մեր հարաբերությունները մեր լավագույն բարեկամներից մեկի հետ: Եթե հետ ենք նայում պատմությանը կամ մեր առօրյա կյանքին, Ռուսաստանում հսկայական Սփյուռք ունենք, որի մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են: Ունենք փայլուն պատմություն, մոտ 200 տարի նույն պետության սահմաններում ենք ապրել՝ նախ Ռուսական կայսրության, հետո Խորհրդային Միության, հայ ժողովրդի զավակները հսկայական ներդրում են ունեցել՝ սկսած կայսերական Ռուսաստանից՝ Լորիս-Մելիքովներից, Լազարևներից, Այվազովսկիներից մինչև ԽՄ վերջին տարիներ: Սակայն երկու պետությունների միջև հարաբերությունները մշակելիս մենք պետք է այս զգացականը մի կողմ թողնենք և մեր հարաբերությունների օրակարգը ձևավորենք շատ սառը, պրագմատիկ, համակողմանի վերլուծության և երկխոսության ճանապարհով: Այսինքն, Ռուսաստանի հետ ունենանք մեր հարաբերությունների ճանապարհային քարտեզ, որը հիմնված է երկկողմանի շահերի վրա: Չպետք է մոռանանք, որ խոսքը փոքր Հայաստանի և շատ ավելի մեծ հայ ժողովրդի մասին է, որը գտնվում է Կովկասում շրջափակված վիճակում: Բայց մեր ռազմավարական գործընկերն աշխարհի առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ գերտերություններից մեկն է, միջուկային գերտերություն: Հետևաբար, նախ, մեր հարաբերությունները պետք է ձևավորվեն իրականության գետնի վրա:

Երկրորդը, պետք է հստակ օրակարգ ունենանք, որը պրագմատիկ է: Գիտակցենք, որ այդ օրակարգը, որը հիմնական է, ամեն օր կարող է որոշակի փոփոխություններ ունենալ, որովհետև ամեն օր աշխարհն ու տարածաշրջանն են փոխվում, որովհետև նույնիսկ մենք՝ ներսում, ամեն օր փոփոխություններ ենք տեսնում: Սակայն հիմնական օրակարգը, մնալով նույնը, ևս մեկ կամ երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա: Դրանցից մեկը գործընկերների միջև վստահությունն է, երկրորդը՝ կանխատեսելիությունը: Սա նշանակում է, որ մեր գործընկերը պետք է մեզ համարի վստահելի և կանխատեսելի: Նույն ձևով էլ մենք իրեն համարենք: Անկանխատեսելի գործընկերը գործընկեր չէ: Չպետք է խուսափենք գործընկերությունից, որը ռազմավարական է, երկարաժամկետ, հենց նույն Ռուսաստանի հետ, որովհետև սա բնական է Հայաստանի համար: Եվ չպետք է դրանից քաշվենք, որովհետև շատ մեր գործընկերներ նույն Արևմուտքում սա շատ լավ գիտակցում են: Երբ ԱՄՆ-ում Սենատի անդամների հետ խոսում ես Հայաստանի մասին, շատ ջերմ են, հետաքրքրված, պատրաստ են աջակցության, կապված են ԱՄՆ-ում համայնքի հետ, գիտեն, թե ինչ է Եղեռնը, աջակից են և այլն: Բայց, միաժամանակ, երբ խոսքը պրագմատիկ, իրական քաղաքականության մասին է, նրանք են առաջինը ասում՝ դուք հատուկ հարաբերություններ ունեք Ռուսաստանի հետ՝ ելնելով պատմությունից, անցած ճանապարհից, այսօրվա տարածաշրջանային քաղաքականությունից: Եվ այդտեղ որևէ բացասական բան նրանք չեն տեսնում: Հետևաբար, հատուկ հարաբերություններ ունենալով նույն Ռուսաստանի հետ՝ մենք կարող ենք շատ խոր և ջերմ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Հեռավոր Արևմուտքի՝ Ամերիկաների հետ, և՛ Արևելքի, և՛ նաև հարավի հետ և այլն: Այդտեղ որևէ հակասություն չկա, այնքան ժամանակ, որքան մենք ազնիվ ենք քաղաքականության իմաստով, պրագմատիկ ենք, հավասարակշիռ և տրամաբանական ենք մեր քաղաքականության մեջ: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք վստահելի ենք և կանխատեսելի:

- Շնորհակալություն պարոն նախագահ:

← Վերադառնալ