Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Ինչպե՞ս կարող է Իսրայելը, Հոլոքոստի վերքերը դեռ չսպիացած, աջակցել մեզ ոչնչացնելուն. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն իսրայելական Yedioth Ahronoth պարբերականին
Իսրայելական հեղինակավոր Yedioth Ahronoth պարբերականն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանն ու Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն` հրապարակելով հատվածներ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Նշենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել մինչև զինադադարի մասին եռակողմ պայմանագրի ստորագրումը:
«Ինչպե՞ս կարող է Իսրայելը, Հոլոքոստի վերքերը դեռ չսպիացած, աջակցել Թուրքիային, որն աշխատում է մեզ ոչնչացնելու ուղղությամբ: Մենք դա չենք հասկանում»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը Yedioth Ahronoth-ին տված հարցազրույցում:
«Դադարեցրե՛ք զենքի մատակարարումը նրանց: Դրանք մարդկային կյանքեր են խլում»,- նախագահ Սարգսյանի խոսքերն է մեջբերում իսրայելցի լրագրողը՝ ավելացնելով, որ Հայաստանի նախագահը զայրանալու շատ պատճառներ ունի՝ անտարբեր աշխարհը, պատերազմի հրձիգ Էրդողանը և, հատկապես, այն երկիրը, որը կործանարար ԱԹՍ-ներով զինել է հակառակորդին:
Լրագրողը գրում է, որ Հայաստանի նախագահը, զսպելով ցավն ու զայրույթը, ասում է. «Ես փորձում եմ հնարավորինս տուրք չտալ զգացմունքներիս, որպեսզի կարողանամ արդյունավետ աշխատել, աշխատել հանուն խաղաղության:
Բայց մենք չենք կարող դա միայնակ անել: Եթե իսրայելական կողմը դադարեցներ զենքի մատակարարումներն Ադրբեջանին, դա ևս մեկ միջոց կլիներ նրանց ասելու՝ «դադար տվեք»: Ներկա պահին, դուք՝ իսրայելցիներդ, չեք օգնում մեզ՝ հասնել խաղաղության»:
Լրագրողն արձանագրում է, որ Իսրայելի ներգրավվածությունը հարուցում է Հայաստանի տարակուսանքը, և մեջբերում է նախագահ Սարգսյանի խոսքերը. «Մենք գիտեինք, որ տարիներ շարունակ Իսրայելը զենք է մատակարարել Ադրբեջանին: Բայց, մեր պատկերացմամբ, դրանք հետախուզական, ոչ թե հարվածող ԱԹՍ-ներ պետք է լինեին: Իրականում, պատերազմի առաջին իսկ օրերից Ադրբեջանն իսրայելական ԱԹՍ-ները օգտագործել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա գրոհելու նպատակով: Մենք հասկանում ենք, որ դուք Ադրբեջանի հետ սպառազինությունների մատակարարման պայմանագիր ունեիք, բայց գոնե պատերազմի ժամանակ Իսրայելը պետք է դադարեցներ այդ մատակարարումները: Ես խոսել եմ նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ և խնդրել պարզաբանում տալ: Ի պատասխան՝ նա ինձ դիվանագիտական նամակ է ուղարկել՝ չպատասխանելով այն հարցին, թե ինչու է Իսրայելը շարունակում արյունալի այս պատերազմի ընթացքում զենք մատակարարել Ադրբեջանին»:
Լրագրողը համեմատական է անցկացնում ղարաբաղյան և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունների միջև՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը նույնքան հին է, որքան իսայելա-պաղեստինյանը, բայց՝ ավելի արյունալի: «Հին հակամարտություն՝ նոր զենքերով»,-գրում է լրագրողը: