Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Ինչ-որ առումով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կռվում է նաև հանուն Եվրոպայի. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել պորտուգալական Diário de Notícias հեղինակավոր պարբերականին
Թուրքիան և Ադրբեջանը կվերահսկեն գազատարները, որոնք կասպյան տարածաշրջանից հասնում են դեպի Եվրոպա, հետևաբար, Եվրոպան կախված կլինի Թուրքիայից: Հայաստանի նախագահը Skype-ի միջոցով խոսել է Diário de Notícias-ի հետ և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ հակամարտության համար պատասխանատու է հայտարարել Թուրքիային: Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցն իրականացվել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության աջակցությամբ:
Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև.
Diário de Notícias- Պարոն նախագահ, կարո՞ղ եք պորտուգալացի ընթերցողներին բացատրել հայերի և ադրբեջանցիների միջև այս հակամարտության պատմական ծագումը:
- Հայերը հազարավոր տարիներ ապրել են Հայկական լեռնաշխարհ կոչվող այդ տարածքում, և հազարավոր տարիներ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը եղել է պատմական Հայաստանի մասը:
Լեռնային Ղարաբաղի հայերը, ինչպես իրենց հայրենիքում ապրող բոլոր հայերը, քրիստոնեություն են ընդունել 301 թվականին. Հայաստանը եղել է քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն աշխարհում: Մեր հարևանները՝ Ադրբեջանը և Թուրքիան, այս տարածք եկան դարեր հետո: Այնուհետև Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ենթարկվեց հարձակումների Չինգիզ խանի, Լենկթեմուրի և պարսիկների կողմից: Հայերը եղել են Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության ենթակայության տակ, սակայն մշտապես կարողացել են պահպանել իրենց հայկական ինքնությունը և տարբեր ձևերով լինել Հայաստանի մասը։ Երբ Խորհրդային Միությունը գրավեց այդ տարածքը, խորհրդային ղեկավարությունը, ավելի կոնկրետ՝ Ստալինը, որոշեց այդ տարածքը հանձնել Ադրբեջանին: Ոչ միայն այդ, այլև պատմականորեն հայկական ծագմամբ մեկ այլ տարածք նույնպես տրվեց Ադրբեջանին:
Խորհրդային ղեկավարները պատրանք ունեին, թե իրենք ունեն նոր հարևան, որը Թուրքիան էր և ոչ թե Օսմանյան կայսրությունը, և որ այդ նոր Թուրքիան նոր առաջնորդի՝ Աթաթուրքի գլխավորությամբ կդառնա բոլշևիկների հաջորդ գործընկերը: Այդ պատճառով նրանք մեծ զիջումներ արեցին, և Հայաստանի առաջին հանրապետության մի քանի շրջան տրվեց Թուրքիային, Հայաստանի այս պատմական մասը տրվեց Ադրբեջանին:
Այսպիսով, 70 և միայն 70 տարի է Լեռնային Ղարաբաղը եղել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում: Բայց նույնիսկ Խորհրդային Միության կառավարման տարիներին՝ խորհրդային կառավարության իշխանության ներքո, Ադրբեջանը հանդուրժողականության ոչ մի նշան ցույց չտվեց, պատրաստակամություն չցուցաբերեց ապրել հայերի հետ, և էթնիկ զտումներ իրականացվեցին: 1920-ականներին Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 350,000 էր, որի 95%-ը հայեր էին:
1989-1990 թվականներին, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռ Խորհրդային Միության մաս էր կազմում, խորհրդային Սահմանադրության համաձայն՝ հայտարարեց, որ ցանկանում է ապրել Ադրբեջանի սահմաններից դուրս, ուզում է անկախ լինել, և խորհրդային Սահմանադրությունը դա թույլ էր տալիս: Ադրբեջանական կողմի արձագանքը Բաքվում, Սումգայիթում և Ադրբեջանի այլ տարածքներում հայերի ջարդերի իրականացումն էր՝ ծնունդ տալով ավելի քան մեկ միլիոն հայ փախստականների, որոնց մի մասը եկել էր Հայաստան, մի մասը՝ գնացել Եվրոպա, մի մասը ՝ Ռուսաստան, մի մասը՝ ԱՄՆ և Կանադա: Բայց Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այդ ժամանակ արդեն իսկ նվազել էր՝ դառնալով 250,000: Նույնիսկ խորհրդային կառավարության օրոք Ադրբեջանն արդեն իսկ ցույց էր տվել, որ չի ցանկանում ապրել հայերի հետ և ցանկանում է նրանց վտարել, դուրս քշել:
Այս ջարդերի արդյունքում Ադրբեջանը բանակցելու փոխարեն բանակ ուղարկեց, և 1989-1990 թվականներին սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը, որն ավարտվեց 1994 թվականի մայիսի 12-ին զինադադարով: Առաջին պատերազմի ժամանակ փոքր Լեռնային Ղարաբաղը հաղթեց: Հայերն ավելի շատ տարածքներ ունեցան, զինադադարի մասին համաձայնագիր կնքվեց, և Լեռնային Ղարաբաղի ապագայի համար բանակցությունների հարթակ ստեղծվեց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ամերիկայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ: Այսպիսով, 26 տարի բանակցություններ են եղել, ես կասեի, որ դրանք շատ առումներով բավական հաջող են ընթացել, քանի որ շատ հարցեր են բանակցվել: Բայց այս տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին որոշեց պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ:
Diário de Notícias- Ինչու՞ վերադառնալ պատերազմին հենց այս պահին: Ինչպիսի՞ պատճառներ կան դրա համար:
- Նրանք արդեն մի քանի տարի պատրաստվում էին այս պատերազմին, և դա ցույց է տալիս, որ նրանք չէին ցանկանում առաջ շարժվել խաղաղ բանակցությունների միջոցով: 1994 թվականին զինադադարի մասին համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, ուստի վերջինս ճանաչվել է որպես կողմ: Դա ինչ-որ առումով անկախ Լեռնային Ղարաբաղի գոյության ճանաչում է: Իսկ ի՞նչ պատահեց հետո: Թուրքիայի գործոնի և Թուրքիայի ճնշման պատճառով Ադրբեջանը պատերազմ սկսեց: Ժամանակահատվածը շատ նպատակահարմար է եղել նրանց երկուսի համար էլ, այն հիանալի էր ծրագրված կամ ընտրված, քանի որ ԱՄՆ-ը զբաղված է ընտրություններով, Եվրոպան զբաղված է կորոնավիրուսով, տնտեսական անկայունություններով, «Բրեքսիթ»-ով և այլն: Ռուսաստանը նույնպես շատ զբաղված է, և, ի թիվս շատ այլ հարցերի, կան Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի հարցերը:
Այսպիսով, բոլորը զբաղված են, և սա նոր աշխարհ է, որտեղ չկա մեկ գերտերություն, որը կարող է, ըստ էության, ինչ-որ բան պարտադրել և ճնշել Թուրքիային՝ դադարեցնել: Իհարկե, միջազգային ինստիտուտները, սկսած ՄԱԿ-ից, նույնիսկ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, այսպիսի պայմաններում չունեն այդ ուժը կամ այն չեն գործադրում: Եվ որպես արդյունք՝ պատերազմը շարունակվում է: Եթե չլիներ Թուրքիան, ապա, ամենայն հավանականությամբ, մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում այս պատերազմը կավարտվեր մեկ այլ զինադադարով, ինչպես նախկինում էր տեղի ունեցել, սակայն Թուրքիայի, թուրք սպաների, թուրքական անօդաչու սարքերի, թուրքական օդուժի, մարտական գործողությունները ղեկավարող թուրք գեներալների ներկայությունը... Թուրքիան Սիրիայից և Լիբիայից այդ տարածք է տարել մի քանի հազար ահաբեկիչների:
Diário de Notícias -Ինչպե՞ս է Հայաստանն աջակցում Լեռնային Ղարաբաղին այս հակամարտությունում: Նրանք նույն մարդիկ են, չնայած պաշտոնապես տարբեր երկրներ են, բայց պատերազմում միասին են:
- Դա շատ բնական է: Լեռնային Ղարաբաղում կամ Արցախի Հանրապետությունում պաշտոնական հայկական բանակ չկա, բայց այնքան շատ կամավորներ կան, ովքեր գնում են Արցախ՝ կռվելու: Կան շատ հայեր Սփյուռքից, ովքեր ցանկանում են գալ և կռվել: Հիմնական պատճառներից մեկը ոչ միայն մեր պատմական տարածքի, մեր եղբայրների և քույրերի պաշտպանությունն է և մեր ժառանգության, եկեղեցիների, մեր պատմության պահպանումը, այլ նաև այն, որ այս հարցում թուրքերի ներգրավվածությունն ամեն ինչ ավելի է բարդացնում և ցանկացած հայի՝ լինի նա Արգենտինայում, Պորտուգալիայում, Կալիֆորնիայից մինչև Մոսկվա, Ֆրանսիայից մինչև Բեյրութ, սա հիշեցնում է 105 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, երբ ներկայացվում էին նույն կեղծ պատճառները, հետապնդելով նույն՝ էթնիկ զտում իրականացնելու և հայերին իրենց պատմական տարածքից վտարելու նպատակը:
Diário de Notícias- Ինչպե՞ս եք վերաբերվում երկու կողմից պատերազմական հանցագործությունների մասին հնչեցվող մեղադրանքներին:
- Նախ և առաջ, պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ հրետակոծելով Լեռնային Ղարաբաղը, քաղաքները, որտեղ բնակվում են հասարակ քաղաքացիներ, և այդ հրետակոծության հետևանքով եղել են զոհեր խաղաղ բնակչության մեջ՝ երեխաներ ու տարեցներ: Իսկապես, պատերազմական հանցագործությունները շատ լուրջ են, և վստահ եմ, որ հայկական կողմը միջազգային կառույցներ ու դատարաններ կներկայացնի Ադրբեջանի դեմ գործերը, քանի որ ադրբեջանական կողմն է սկսել պատերազմը: Հայկական կողմը մտադրություն չի ունեցել պատերազմ սկսել: Ամեն անգամ, երբ հրադադարի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվում՝Մոսկվայում, Ժնևում, թե Վաշինգտոնում, ադրբեջանցիներն առաջինն էին, որ անմիջապես, առանց հապաղելու խախտում էին այն: Եվ երկիրը, որն անմիջապես հրապարակայնորեն պատասխանում է այս գործողություններին, Թուրքիան է: Ապշել կարելի է՝ Թուրքիան խոսում է Ադրբեջանի անունից: Սա ցույց է տալիս, որ այդ կողմում խաղաղություն հաստատելու մտադրություն չկա, նրանք որոշել են, որ իրենց միջոցներում որևէ սահմանափակում չեն դնելու, երբ օգտագործում են հատուկ զենքեր, օգտագործում են թուրք սպաներին, զինվորներին, թուրքական զենքերը, ԱԹՍ-ները, հրետանին և այլն: Նրանք սահման չեն ճանաչում:
Ուստի կարծել կամ հուսալ, որ նրանք չեն հրետակոծի քաղաքացիական անձանց, չեն գործի միջազգայնորեն ընդունված հանցանքներ, ցավոք, չենք կարող:
Ինչ վերաբերում է հայկական կողմից Ադրբեջանում որոշ քաղաքներ հրետակոծելուն, ապա այստեղ տարբերություն կա, քանի որ Լեռնային Ղարաբաղում բոլոր ռազմական միավորները տեղակայված են քաղաքացիական բնակավայրերից դուրս: Պատճառը պարզ է՝ մարդիկ այնտեղ են իրենց տունը պաշտպանելու համար: Իսկ երբ պաշտպանում ես տունդ, հրացանը տան մեջ չես դնում, այլ` դուրս ես տանում: Մինչդեռ Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակության վայրերը՝ գյուղերն ու քաղաքները, իմանալով, որ այնտեղ ռազմական միավորներ չկան: Ադրբեջանի դեպքում նրանց ռազմական միավորները՝ հրետանին, հրթիռները, տեղակայված են քաղաքում: Երբ հրետակոծում ես դրանք, ինչպես երբեմն արել է Լեռնային Ղարաբաղի բանակը, երբեմն, դժբախտաբար, թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտները: Ցանկացած կյանքի, հատկապես քաղաքացիական կյանքի կորուստ մեծ ողբերգություն է:
Իմ խոսքերը շատ պարզ են՝ ես կոչ եմ անում ադրբեջանական կողմին կանգնեցնել պատերազմը, սկսել հրադադար ու վերադառնալ բանակցային սեղան: Ես չեմ հավատում, որ որևէ հակամարտություն կարելի է լուծել պատերազմի միոջոցով, ի վերջո ստիպված ես լինում գնալ բանակցային սեղան՝ անկախ նրանից՝ հակամարտությունը մե՞ծ է, թե՞ փոքր:
Diário de Notícias- Որքանո՞վ է կարևոր Ռուսաստանի դերակատարումը՝ հասնելու նոր բանակցությունների ու խաղաղության:
- Կարծում եմ՝ Ռուսաստանն այստեղ ամենակարևոր երկիրն է՝ մի քանի պատճառով: Նախ, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներից է, բացի այդ, Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի ու Հայաստանի հետ: Ռուսաստանն այս տարածքում եղել է դարեր շարունակ, շատ լավ գիտի Հայաստանը, ինչպես նաև Ադրբեջանը: Բացի այդ, Ռուսաստանը, ինչպես ասում են, կախված տվյալ ժամանակահատվածից, սիրել-ատելու հարաբերություններ, բայց ամեն պարագայում, հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: Ուստի, Ռուսաստանի դիրքերն ամենալավն են՝ որպես միջնորդ հանդես գալու համար:
Ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարը՝ պատճառը պարզ է. հակամարտությունն այս պահին միայն Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի միջև չէ, այժմ հակամարտությանը միացել է Թուրքիան: Իսկ Թուրքիան հետաքրքրված չէ պատերազմի ավարտով, քանի որ նա այստեղ ունի իր օրակարգը: Այս պատերազմում թուրքական կողմի հետաքրքրություններն այլ են, նրանք այստեղ են Ադրբեջանի դաս տալու համար, ասելու, թե՝ եթե դու չես կարող լուծել խնդիրը, մենք դա կանենք քո փոխարեն: Նրանք այստեղ են նաև հայերին դաս տալու համար. այն է՝ մի անհանգստացրեք աշխարհին՝ առաջ տանելով Ցեղասպանության ճանաչման օրակարգը: Հայաստանն այս հարցում արդեն հաջողել է, քանի որ Ցեղասպանությունը ճանաչել են տարբեր երկրներում՝ սկսած ԱՄՆ Սենատից մինչև Գերմանիայի խորհրդարան, Ֆրանսիան, Ռուսաստանը, շատ այլ երկրներ: Սա մեկ այլ դաս է:
Իսկ հիմնական դասն ուղղված է ձեզ՝ Եվրոպային, մասնավորապես հարավ, Հարավ-արևելյան Եվրոպային: Իսկ ուղերձը շատ պարզ է՝ Թուրքիան, լինելով Ադրբեջանում, կվերահսկի խողովակաշարերը, որոնք Կասպից ծովից Եվրոպա են գնում, Թուրքիան այդուհետ կլինի ոչ թե այդ նավթ ու գազ սպառողը, այլ՝ վերահսկող: Եվրոպան կախում կունենա Թուրքիայից:
Մյուս խաղաքարտը փախստականներն են՝ շուրջ 4 մլն Եվրոպայի հետ սահմանին, նրանց մեծ մասը Սիրիայից է: Թուրքիան հակամարտություն, խնդիր է ստեղծել Սիրիայում, ուստի նաև փախստականների խնդրի մեղավորն է: Իսկ այժմ Թուրքիան ահաբեկում է Եվրոպային՝ ասելով, թե այդ փախստականները կգան ձեզ մոտ: Մինչդեռ Եվրոպան Թուրքիային ծանր ֆինանսական գին է վճարում՝ 6 միլիարդ, փախստականներին պահելու համար: Փախստականները Թուրքիայի ձեռքում մեկ այլ գործիք են դարձել:
Եվ վերջապես, ահաբեկիչները՝ 7 հազար ահաբեկիչներ, ովքեր պատրաստում են անցել Թուրքիայում, օգտագործվել են Սիրիայում, Լիբիայում, իսկ հիմա՝ Լեռնային Ղարաբաղում: Ի վերջո, նրանք այլ տեղում կհայտնվեն, ինչպես Աֆղանստանի ահաբեկիչները, որոնք հայտնվեցին Եվրոպայում և Նյու Յորքում. հիշո՞ւմ եք սեպտեմբերի 11-ը:
Այսինքն, թուրքական դերակատարումը բացարձակապես բացասական բնույթ ունի: Այս պատճառով էլ ամուր կապ կա թուրքական սպառնալիքի և հայկական սփյուռքի միջև, քանի որ հայկական սփյուռքի մեծ մասը ստեղծվեց հայերի Ցեղասպանությունից հետո: Անգամ 4-5 սերունդ հետո հայերի ամեն սերունդ զգում է Ցեղասպանության ցավն ու երբեք չի մոռանա այն: Հենց այս պատճառով ողջ աշխարհում ամեն հայ սատարում է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, քանի որ նրանք չեն ցանկանում, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա:
Diário de Notícias- Որքանո՞վ է կարևոր հայկական սփյուռքի դերակատարումն այս հակամարտության մասին իրազեկելու հարցում:
- Կարևոր է, որ ողջ աշխարհի հայկական համայնքները տեղ հասցնեն ուղերձը մեր բոլոր ընկերներին, և այդ ուղերձը հետևյալն է՝ մենք պետք է կանգնեցնենք Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղ, պետք է կանգնեցնենք Թուրքիային, որը փորձում է մեկ այլ ցեղասպանություն գործել, պետք է կանգնեցնեք Թուրքիային, որը դառնում է մեծ սպառնալիք Եվրոպայի համար՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով: Ինչ-որ առումով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կռվում է նաև հանուն ձեզ: