Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
Թուրքիան կարող է հրդեհել ողջ Կովկասը. The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը
The National հեղինակավոր պարբերականը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը, որը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.
Սեպտեմբերի 30-ին աշխարհի մի շարք առաջնորդներին հղած հատուկ իմ նամակում նկարագրում էի Կովկասի վիճելի հատվածում՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, որտեղ մեծամասամբ բնակվում են էթնիկ հայեր և որն ագրեսիվ հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից՝ ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը: Այն ժամանակ ես միայն մոտավոր կարող էի կանխատեսել այդ ագրեսիայի ծավալը և նրանց զինված ուժերի վարքագծի անմարդկայնությունը: Իսկ այժմ կարող եմ ասել, որ իրականությունը, որին բախվում են իմ հայրենակիցները տեղում, ավելի քան տագնապալի է և վտանգում է բորբոքել լարվածության հետագա աճ ու ստեղծել անվտանգային խնդիրներ տարածաշրջանում և նույնիսկ անդին:
Սեպտեմբերի 27-ին սանձազերծած Ադրբեջանի ռազմական ագրեսիայից ամիսներ և նույնիսկ տարիներ առաջ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես օգտագործել է շատ կոշտ, ռազմատենչ հռետորաբանություն և կառավարության ամենաբարձր մակարդակներում բացահայտորեն հայտարարում էր իր մտադրությունների մասին՝ լուծել հակամարտությունը լայնածավալ պատերազմով: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո 1994-ի զինադադարի հաստատումից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն արդեն ավելի քան 25 տարի դիմագրավում են Ադրբեջանի նմանատիպ փորձերը: Այդ ժամանակվանից մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը և հռետորաբանությունն այդպես էլ չփոխվեցին:
Լեռնային Ղարաբաղը կամ, ինչպես մենք ենք Հայաստանում անվանում, Արցախը մշտապես բնակեցվել է եղել մեծամասամբ հայերով և երբեք կամովին մաս չի կազմել անկախ Ադրբեջանի: 1921-ին Իոսիֆ Ստալինի օրոք Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ռուսաստանի կողմից որպես նվեր տրվել է Խորհրդային Ադրբեջանին, որն էլ իր հերթին ոչ թե անկախ պետություն էր, այլ մաս էր կազմում Խորհրդային Միության:
Տասնամյակներ շարունակվող խտրականությունից հետո՝ 1987 և 1988 թվականներին Լեռնային Ղարաբաղի հայերը սկսեցին բարձրաձայնել Հայաստանին վերամիավորվելու իրենց ցանկության մասին՝ անցկացնելով խաղաղ ցույցեր և ստորագրելով դիմում-պահանջներ: Միևնույն ժամանակ Խորհրդային Ադրբեջանում սկիզբ դրվեցին հայերի նկատմամբ էթնիկ դրդապատճառներով հետապնդումների, և Ադրբեջանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան ջարդեր և էթնիկ զտումների գործողություններ:
Խորհրդային Միության փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենց անկախությունը հռչակեցին ավելի շուտ, քան Ադրբեջանը: Ըստ էության, Խորհրդային Միությունից Ադրբեջանի անկախացումը տեղի ունեցավ որպես առանձին մի գործընթաց, որը չէր ներառում Լեռնային Ղարաբաղը: Չնայած այս և այլ փաստերի, որոնք միջազգային իրավունքի համատեքստում ի դերև են հանում Ադրբեջանի պահանջները, Բաքվի իշխանությունը շուրջ 30 տարի ձգտում է ռազմական միջոցներով ճնշել Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի Հանրապետության) հայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը: Ադրբեջանը վարում է հողերի բռնի զավթման, դրանք տեղացի բնակիչներից և նրանց ժառանգությունից մաքրելու, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքներն արհամարհելու քաղաքականություն:
Երեսուն տարի խաղաղ լուծման ցանկացած փորձ մերժելուց հետո և այժմ Թուրքիայից ռազմական և քաղաքական աջակցություն ստացած Ադրբեջանը կրկին հարձակվում է Հայաստանի նվիրական հայրենիքի վրա: Ադրբեջանի դիրքորոշումը ինչ-որ իմաստով շարունակությունն է այն քաղաքականության, որին բախվել են հայերն այն ժամանակվանից ի վեր, երբ մոտ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունը փորձեց իրականացնել հայերի ցեղասպանություն: Այդ ժամանակ շուրջ 1,5 միլիոն էթնիկ հայեր զոհվեցին կամ աքսորվեցին և հետապնդվեցին:
Այսօր Ադրբեջանի կողմից գործում են ոչ միայն թուրք գեներալներ, սպաներ և ռազմական փորձագետներ, այլև ներգրավված են թուրքական F-16 կործանիչները ու տխրահռչակ «Bayraktar» անօդաչու թռչող սարքերը: Ամեն օր այս մահացու մեքենաները ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղը և նույնիսկ Հայաստանի տարածքը: Մահացու և նույնիսկ արգելված այնպիսի զենքեր, ինչպիսիք են կասետային զինատեսակները, ավելի քան երեք շաբաթ է, որ ահռելի ծավալով օգտագործվում են հայ խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ հիվանդանոցների, բնակելի տների և նույնիսկ մանկապարտեզների դեմ:
Եթե սրան ավելացնեք նաև սիրիացի վարձկանների, ջիհադիստների և արմատական մոլեռանդների ներգրավումը, ովքեր այժմ հայկական հողի վրա սպանում են իմ ժողովրդին, ամբողջական պատկերը պարզ կդառնա: Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների՝ մասնավորապես «Jabhat Al Nusra», «Firqat Hamza» և «Sultan Murad Division» վարձկաններն ակտիվորեն ներգրավված են պատերազմում: Ըստ էության, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը գործ ունեն միջազգային ահաբեկչության հետ:
Հետևաբար, Հայաստանում մենք շատ մտահոգված և տագնապած ենք գետնի վրա տեղի ունեցող այս զարգացումներով: Մենք նաև մտահոգ ենք միջազգային հանրության տարտամ դիրքավորման մասով, որը պետք է անմիջապես արձագանքեր: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրն իր զենքերով, վարձկաններով ու ցինիզմով դուրս գա մեր տարածաշրջանից: Այն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ հարգելու հոկտեմբերի 10-ի և 17-ի հրադադարները: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իմ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմը սպառնում է Կովկասում ստեղծել մեկ այլ Սիրիա, որը կարող է ավելի մեծ բռնկում առաջացնել ողջ տարածաշրջանում ու դրանից դուրս:
Թուրքիան չի երկմտում Ադրբեջան արտահանել իսլամիստ զինյալներին և այլ ահաբեկիչներին, սակայն ինչպես միշտ փորձում է արդարացնել իր այդ քայլերը: Արդարացումներից մեկն այն է, որ ադրբեջանցիներն իրենց էթնիկ ազգակիցներն են: Մինչդեռ իրականությունն այն է, որ նման մտածելակերպը չի կարող տեղ ունենալ ժամանակակից աշխարհում, քանի որ եթե հետևենք այդ տրամաբանությանը, ապա Թուրքիայի էթնիկ ազգակցությունը ձգվում է մինչև Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա, հյուսիսային Չինաստան և այլուր: Այսինքն ստացվում է, որ Անկարան պատրաստվում է միջամտե՞լ ցանկացած խնդրի դեպքում, որին իր էթնիկ եղբայրները կարող են առերեսվել այդ երկրներում:
Եթե պատասխանն է՝ այո՛, ապա պետք չէ զարմանալ, որ ժամանակակից Թուրքիան խնդրահարույց հարաբերություններ ունի ամեն ուղղությամբ՝ 360 աստիճանով: Այն խնդիրներ է ունեցել Եգիպտոսի հետ: Ներկայում ներգրավված է Լիբիայում: Թուրքիան խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն միևնույն ժամանակ հատում է Իրաքի հետ սահմանը, խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան փորձում է իր ներկայությունն ապահովել Լիբանանում և Ծոցի երկրներում: Այն լուրջ խնդիրներ ունի նաև Միջերկրական ծովի արևելյան ափերին: Եվ հիմա էլ արդեն Կովկասում է: Այս ամենն ուղղակի անընդունելի է:
Քաղաքակիրթ ազգերի առաջնորդները, անկախ կրոնական կամ էթնիկ ինքնությունից, պետք է գործեն աներկբա և կանգնեցնեն ագրեսորներին և օգնեն հաստատել երկարատև խաղաղություն: Մենք կարիք ունենք խաղաղության, ինչին հնարավոր է հասնել միայն բանակցությունների և երկխոսելու միջոցով: Սակայն հենց սա է, որ ադրբեջանական կողմը մերժում է ամեն անգամ այնպիսի պատճառաբանություններով, որոնք սարսափելի են մեզ բոլորիս համար: Նրանք պնդում են, որ օրինական իրավունք ունեն կիրառելու ուժ՝ բիրտ ռազմական ուժ, ընդդեմ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի:
Պետք է հասկանանք, որ այս և ես կասեի՝ ցանկացած հակամարտություն չի կարող ունենալ ռազմական կարգավորում: Հայերը մշտապես հավատացած են եղել, որ խնդրին լուծում պետք է տրվի խաղաղ բանակցությունների միջոցով և այնպես, որ իրավիճակն է՛լ ավելի չի բարդանա: Սա է պատճառը, որ մենք զերծ ենք մնացել Արցախի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչելուց, որպեսզի թույլ տանք բանակցությունները տեղի ունենան և հասնենք խաղաղ կարգավորման: Սակայն Թուրքիան և Ադրբեջանը թվում է, այլ կերպ են տեսնում խնդրի լուծումը, նրանք առաջ են տանում միայն ռազմական, ագրեսիվ և, իմ համոզմամբ, ցեղասպան օրակարգ:
Մահմեդական և արաբ առաջնորդներին ուղղված իմ կոչը նպատակ ունի խնդրելու, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ազդեցությունն ու միջազգային հարթակներում բարձր հեղինակությունը՝ անմիջապես կանգնեցնելու արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
Միասին մենք կարող ենք կանգնեցնել այս ագրեսիան, քանի որ մենք խաղաղության կողմնակիցներ ենք, ովքեր մերժում են պատերազմը, բռնությունն ու ահաբեկչությունը: