22
05, 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը՝ Աննա Իսրայելյանի «Երկրի հարցը» հաղորդաշարին

-Պարոն նախագահ, շնորհակալ եմ, որ հրավերն ընդունել եք և պատասխանելու եք մեր հարցերին:

Մարտի 16-ին, երբ հայտարարվեց արտակարգ դրության մասին, Դուք ողջունեցինք կառավարության որոշումն արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ՝ նշելով, որ այդ մարտահրավերը միայն մերը չէ, այլ համաշխարհային է, և հռչակեցիք որոշ սկզբունքներ: Առաջինը, որ կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրը, պետությունը պետք է ունենան հստակ ռազմավարություն, թե ինչպես է պայքարելու վիրուսի դեմ, պետական կառույցները, գործարարները, հասարակական կազմակերպություններն իրենց ծրագիրը պետք է ունենան: Այժմ՝ երկու ամիս անց, կարո՞ղ ենք ասել, որ այս ծրագիրն այս ձևով ընթացավ, և մենք այդ քննությունը ( չեմ ասի, որ հաղթահարել ենք, որովհետև դեռ ընթացքում ենք) ինչպե՞ս ենք հանձնում: Ձեր գնահատականը:

-Շատ լավ: Ես էլ եմ շատ ուրախ, Աննա: Եթե թույլ տաք, ես երկու մասով պատասխանեմ Ձեր հարցին: Նախ և առաջ, ուզում եմ օգտագործել այս առիթը և, անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքականություն են որդեգրել այս հարցում կառավարությունը և պարետատունը, դիմել քաղաքացիներին, որ, կատարելով բոլոր պարտականությունները, լինեն կարգապահ, բայց, միաժամանակ, ունենան նաև սեփական ծրագիրը: Ոչ միայն պետությունը, գործարարները, առանձին կառույցները, այլև յուրաքանչյուր անհատ պետք է իր ծրագիրն ունենա, որովհետև, անկախ ամեն ինչից, մենք պետք է օգտագործենք մեր բանականությունը: Հաճախ ինձ ասում են, որ ես շատ եմ խոսում արհեստական բանականության մասին: Իհարկե, ապագայում արհեստական բանականությունը մեկ դեր է ունենալու՝ աջակցել մեր բնական բանականությանը: Ես կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին, որ օգտագործեն իրենց բնական բանականությունը, լինեն զգույշ: Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ: Կոչ եմ անում մտածել պատասխանատվության մասին, հարազատների, ծնողների, նրանց մասին, ովքեր հիվանդ են կամ թույլ առողջություն ունեն: Օգտագործեք ձեր բնական բանականությունը:

-Դուք այս մասին խոսել էինք նաև տեսակապի միջոցով, երբ հնդկական պարբերականին հարցազրույց էիք տվել: Ասել էիք, որ այս կորը պետք է բարձրացնել և իջեցնել առանց կրիտիկական կետին հասնելու, առանց բժշկական կարողությունների, որպեսզի հնարավոր լինի օգնել մարդկանց: Կարո՞ղ ենք ասել, որ մենք դեռևս չենք հասել այդ կրիտիկական կետին, որովհետև տեսնում ենք՝ օրեցօր դեպքերն ավելանում են: Երեկ իմացանք, որ քիչ ախտանշաններ ունեցողներին ընդհանրապես հիվանդանոցներ չեն ընդունելու, ուղարկելու են տուն:

-Իհարկե, եթե վիճակագրությանը նայենք և նորից օգտագործենք մեր բնական բանականությունը, կորն ամենայն հավանականության այսպիսին է՝ բարձրանում է վերև և իջնում: Կարող եք այն Գաուսյան տիպի ասել, կարող եք դրա մոդելավորումն անել: Ընդ որում, երբ ուսանողների հետ հեռավար դաս էի անցկացնում, շատերը վիրուսի տարածման մաթեմատիկական մոդելի հետաքրքիր տարբերակներ առաջարկեցին: Մենք կարծես դեռ բարձրանում ենք վերև, հաճախ դա պլատո են անվանում, սակայն դա պլատո չէ: Իրականում դա առավելագույնն է, որից հետո կամաց-կամաց պետք է սկսենք իջնել: Հետևաբար, եթե հեռու ենք, ապա պետք է շատ զգույշ լինենք, և իմ կոչը հենց այդ նպատակն ուներ՝ ոչ միայն զգույշ լինենք, այլ մեզանից յուրաքանչյուրը մտածի, թե ինչ կարող է անել:

Գնահատել, թե աշխարհն ինչպես արեց, և մեր կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրը ինչպես արեց, միշտ էլ կհասցնենք: Բայց, կարծում եմ, շատ էական է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը նաև այսօր մտածի, թե ինչպես կարող է օգտակար լինել: Եվ այդ իմաստով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր փոքր ներդրումը փորձում է բերել այս գործին: Խնդրեմ, եթե ուզում եք մանրամասները: Նախ և առաջ, առաջին օրվանից սկսած ես պարբերաբար, համարյա ամեն օր կապի մեջ եմ տարբեր և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ նախագահների, և՛ առողջապահության նախարարների կամ գիտական կենտրոնների հետ, որոնք զբաղվում են այս հարցերով: Մի քանի նպատակով. նախ և առաջ, հասկանալու այս վիրուսի տեսակը, և ինչպես են տարբեր երկրներ պայքարում դրա դեմ, սովորել, թե որտեղ են սխալներ արվել: Մասնավորապես, իմ առաջին շփումներից մեկն Իտալիայի նախագահի հետ էր, որովհետև շատ հստակ էր, որ ի սկզբանե իտալացիները չկարողացան պաշտպանել իրենց հիվանդանոցները: Դրանք փոխանակ դառնային առողջության բաստիոններ, վերածվեցին վիրուսի տարածման մեծ աղբյուրի, և արդեն վիճակն անկառավարելի էր դարձել: Այս բոլոր տեղեկությունները փոխանցում էի մեր համապատասխան մարմիններին՝ առողջապահության նախարարին, տալով իմ խորհուրդները և այն, ինչ սովորել եմ:

Միաժամանակ, խոսելով տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչ-որ ձևով իրենց աջակցությունն էի խնդրում, որովհետև մենք, մանավանդ առաջին ամիսներին, մեծ կարիք ունեինք պաշտպանական գործիքների՝ սկսած դիմակներից, ձեռնոցներից: Ուրախությամբ պետք է ասեմ, որ առանձին մի քանի դեպքում, երբ դիմեցի, միանգամից արձագանք ստացանք: Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարն ուղղակի մեկ օդանավ ուղարկեց, որտեղ, օրինակ, միայն բազմակի օգտագործման ձեռնոցները 500 հազար էին և այլն: Կամ Չինաստանից ՀՀ կառավարությունը գնել էր որոշակի քանակությամբ դեղորայք, միաժամանակ, Չինաստանի նախագահը մեր շփման արդյունքում մեծ քանակությամբ նվեր ուղարկեց, և հիմա նվերի մի մասը՝ սկսած մի քանի տասնյակ հազար դիմակներից, գտնվում է նախագահականում: Նախագահականի աշխատակազմը դա պետք է բաժանի, օրինակ, ծերանոցներին, կամ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա: Ես ամեն օր հետևում եմ նաև բուժման հնարավոր լուծումներին, մանավանդ, մեր հայրենակիցների հետ կապ ունեցողներին:

-Հիշեցնեմ, որ Դուք օրերս հեռավար զրույց ունեցաք բարերար Նուբար Աֆեյանի հետ, որի ընկերությունն ակտիվ աշխատանքեր է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ և կարծես թե, հաջողությունների է հասել:

-Ճիշտ է: Իհարկե, ես շատերի հետ եմ խոսում: Երեկ խոսել եմ Նուբարի հետ, նա ընկեր է, որի հետ մենք պարբերաբար խոսում ենք, սա պաշտոնական զրույց չէ: Ինձ համար շատ հետաքրքիր է, ես ուզում եմ իրեն հաջողություն մաղթել` և՛ աշխարհի համար, և՛ մեզ համար: Ուրախ կլինեմ, եթե ինքը հաջողության հասնի, բայց իմ խոսակցության կամ հետաքրքրված լինելու նպատակը զուտ ակադեմիական չէ: Օրինակ՝ ես երեկ խոսել եմ նաև Օքսֆորդի համալսարանի հետ, իրենք արդեն հայտարարել էին, որ նոր պատվաստանյութը հայտնաբերվել է, և նույնիսկ AstraZeneca-ն պայմանագիր է կնքել իրենց հետ: Ես ուզում եմ, որ եթե նոր դեղորայք կա, ապա փորձենք այնպես անել, որ այդ դեղորայքն առաջիններից մեկը Հայաստանում հայտնվի: Օրինակ, այսօր առողջապահության նախարարի հետ էի խոսում, և ուրախ եմ, որ Միացյալ Նահանգներում հայտնի Gilead Sciences ընկերությունը դեղորայք է հայտնաբերել, որը որոշակի իրական ազդեցություն է թողնում: Մոտավորապես 6000 հիվանդների բուժել են, և ամերիկյան FDA-ն իրենց լիցենզիա է տվել, որ այդ դեղերն օգտագործվեն: Իհարկե, այդ դեղերը շատ թանկ դեղեր են, բայց հնդկական մեկ այլ ընկերություն ստացել է իրավունք՝ դրանք շատ ավելի էժան տարբերակով թողարկելու: Այսօր այդ հնդկական ընկերությունը խոսում է մեր առողջապահության նախարարության հետ, և մենք հնարավորություն կունենանք էժան գնով ձեռք բերել շատ արժեքավոր դեղ: Նպատակը նաև հետևյալն է, որ եթե աշխարհում ինչ-որ տեղ կա հետաքրքիր գաղափար կամ նոր դեղ, որը օգտագործվելու է որևէ երկրում, փորձենք նաև այդ դեղերը շատ արագ բերել Հայաստան, որովհետև եթե այդ դեղն իսկապես լինի հաջողված, հերթը շատ մեծ է լինելու:

-Պարոն նախագահ, Դուք Ձեր հրապարակային ելույթներում շատ եք խոսում այն մասին, թե ինչպես ենք առաջ ընթանալու: Թվում է՝ բոլորն ավելի կարևորում են այն, թե համավարակի հետ կապված այսօրվա խնդիրն ինչպես է լուծվելու, բայց Դուք առաջ շարժվելու մասին եք խոսում, թե վերականգնումից հետո բնության, բիզնես մոտեցումների, առողջապահական կամ այլ ոլորտներում ինչպես է լինելու: Վաղաժա՞մ չեն այդ խոսակցությունները:

-Չեմ կարծում: Կարծում եմ՝ մենք շատ ենք ուշացել: Նախ և առաջ փորձեմ ներկայացնել նույն խնդիրն այլ տեսակետից: Ես կարծում եմ, որ կորոնավիրուսն այսօրվա դժվարությունների, խնդիրների պատճառը չէ, այլ հետևանք է: Ինչու՞, որովհետև իրական պատճառը փոփոխվող աշխարհն է: Աշխարհը վաղուց, երկար տարիներ փոխվում է: Երբ ժամանակին Ֆուկույաման խոսում էր, որ քաղաքակրթության ավարտն է եկել, իրականում մի քաղաքակրթության ավարտը եկել է, մյուսը՝ սկսվել: Այդ նոր քաղաքակրթությունը 21-րդ դարի քաղաքակրթությունն է, որը շատ արագ տարածվող, արագ հաղորդակցվող, բազմաթիվ պարամետրեր ունի, և մանավանդ մի պարամետր, որը կապված է ռիսկերի հետ: ես համարում եմ, որ 21-րդ դարում այդ գլոբալ ռիսկերը քվանտային բնույթ ունեն, այսինքն՝ դասական չեն:

Հիմա՝ կորոնովիրուսն ինչո՞վ է տարբերվում մնացած համաճարակներից: Իրականում, եթե խորանանք, շատ բանով չի տարբերվում: Տարբերությունն այն է, որ աշխարհը տարբեր է, և եթե Չինաստանում ինչ-որ տեղ վիրուս է առաջանում, հիվանդությունը սկսում է տարածվել: Այն չի սկսում դանդաղ Չինաստանից գալ Մոնղոլիա, ապա՝ Կենտրոնական Ասիա, իսկ 20 տարում կամ մեկ դարում հասնում Եվրոպա, այլ՝ երկրորդ դեպքը կարող է Իտալիայում լինել, իսկ երրրորդը՝ Արգենտինայում: Եվ այս պայմաններում, երբ հսկայական թվով մարդիկ ճանապարհորդում են նույն օդանավի մեջ, որտեղ օդը 5-10 ժամ չի փոփոխվում, ուղղակի ստեղծված նոր միջավայր է, որ այդ վիրուսը տարածվի: Մեծ քաղաքներում է, որտեղ կորոնավիրուսը տարածվում է, լինի դա Նյու Յորքը, Մոսկվան, Լոնդոնը, ոչ թե արվարձաններում: Սա նորից 21-րդ դարի երևույթ է, այդ երևույթը և՛ համաշխարհային է, և՛ Հայաստանին է վերաբերում:

Հայաստանն էլ է փոխված: Ունենք երկիր, որտեղ բնակչության կեսն ապրում է մի քաղաքում: Եթե հետ գնանք 30-40 տարի, Խորհրդային Միության մաս կազմող Հայաստանն ուներ որոշակի մոդել, և դրա հաջողության բանաձևը հետևյալն էր. Հայաստանը, ենթադրվում էր, պետք է լինի փոքր, բայց արդյունաբերական երկիր, հետևաբար, այդ երկրում ստեղծվում էին «Մարս»-ի նման գործարան, «Նաիրիտ», ստեղծվում էին էլեկտրասարքաշինական մեծ գործարաններ, դրանք աշխատացնելու համար պետք էր բնակչություն: Եվ եթե քաղաքը մեկ միլիոնից ավելի բնակչություն ուներ, ուրեմն այնտեղ կառուցվում էր մետրո: Քանի որ հայերը տաղանդավոր ժողովուրդ են, Խորհրդային Միությունը դա գիտակցելով, մեզ մոտ զարգացնում էր նաև գիտությունը՝ Ֆիզիկայի ինստիտուտ, հազարավոր գիտական աշխատանքային տեղեր: Հետևաբար, տեղի էր ունենում կենտրոնացում մի քաղաքում, որը կոչվում էր Երևան, դատարկվում էին գյուղերը:

Եկեք կորոնավիրուսի հետ կապված խնդիրների մասին միասին մտածենք: Նախ՝ առողջապահություն: Եթե խոսում ենք այս ոլորտի մասին, ապա հասկանում ենք, որ կենտրոնացված առողջապահությունն այս փոքրիկ Հայաստանի համար լուծում չէ: Եթե մենք կարողանանք լավագույն կենտրոնները բաշխել ամբողջ հանրապետության տարածքով, ապա հաջողության կհասնենք: Առողջապահությունը պետք է լինի ժամանակակից՝ տարածության մեջ փռված: Ձեզ պարզ օրինակ բերեմ: Գորիսում այսօր կա կենտրոն, որը ստեղծել են Մարսելի քաղաքապետարանը՝ հայկական համայնքի հետ: Դա սրտաբանական կենտրոն է: Եթե մարդն ունի սրտի հետ կապված հիվանդություն, ապա նա կարող է Սյունիքից տեղափոխելիս մահանալ: Բայց պարզվում է՝ այդ փոքր, գեղեցիկ, մաքուր կենտրոնը, որտեղ ստենտ են դնում, փրկում է հարյուրավոր, հազարավոր մարդկանց: Այսօրվա պայմաններում, օգտագործելով էլեկտրոնային սարքավորումները, հանրապետության լավագույն բժիշկները կարող են կարծիք հայտնել Սյունիքի հիվանդների մասին: Մեր եզրակացությունը պետք է լինի հետևյալը. ունենալով լավագույն կենտրոններ Երևանում, Գյումրիում կամ Վանաձորում, գյուղական տարածքներում ստեղծել առողջապահական համակարգեր, որոնք ունեն տարածքային լոկալ լուծումներ: Կորոնավիրուսից հետո մենք պետք է գիտակցենք, որ առողջապահությունը և առողջությունը համաշխարհային մասշտաբով և նաև Հայաստանում դառնում են առաջնահերթ: Այսուհետ անհնարին է լինելու, որ պետությունները փող չծախսեն կենսաբանության կամ առողջապահական համակարգերի վրա: Հայաստանն իր դերը պետք է ունենա, և խոսելով գործընկերների հետ, կարողանանք որոշակի Know-how-ներ տեղափոխել մեր երկիր, ընդ որում, մենք այստեղ ունենք վարպետներ: Ես շատ լավ տեղյակ եմ, որ վերջերս մոտ 30 օդափոխիչ գործիքներ վերականգնվել են մեր վարպետների կողմից, նույնիսկ նրանցից մեկին անձամբ ճանաչում եմ: Մենք ունենք այդ հնարավորությունը՝ և՛ գիտական, և՛ տեխնոլոգիական: Մենք շարունակում ենք քննարկումները Գերմանիայի հետ՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի համատեղ արտադրություն ստեղծելու ուղղությամբ: Երկու ընկերություն կա՝ Siemens-ը և Bosch-ը, որոնց հետ աշխատում ենք:

Եթե խոսենք այլ ոլորտների մասին, ապա կառավարումը պետք է փոխվի. էլեկտրոնային կառավարումն անհրաժեշտություն է: Օրինակ՝ Սինգապուրի նման փոքր երկրում 20 հազար պետական ծառայող մինչև կորոնավիրուսը աշխատում էին տնից, և բնական է, որ կորոնավիրուսի ժամանակ այդ մարդիկ խնդիր չունեին տնից աշխատել: Էլեկտրոնային կառավարումն անհրաժեշտ է և՛ պետական ծառայությունում, և՛ կրթական համակարգում: Եթե մենք ուզում ենք բարձրորակ կրթություն տալ այն երեխաներին, որոնք գտնվում են սահմանամերձ գյուղերում, ապա էլեկտրոնային կրթությունը լավագույն ճանապարհն է, որպեսզի այդ երեխան Հայաստանի լավագույն մաթեմատիկայի ուսուցիչների դասախոսությունը լսի և տնային աշխատանքները կատարի:

-Դուք հայտարարել էիք, որ Հայաստանի նման երկիրը կարիք կունենա ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հայաստանում ներդրումների խթանումը: Կառավարությունն ինչ-որ կերպ արձագանքե՞ց, այս ուղղությամբ ինչ-որ բան արվե՞լ է, թե՞ սա պարզապես օդում կախված գաղափար է:

-Սա գաղափար է, սակայն օդում կախված չէ: Արդեն մոտ մեկ տարի է նախագահականն աշխատում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի հետ: Ստեղծվել է այսպես կոչված, Ավագների համաժողով, որտեղ տարբեր երկրների նախագահներ և վարչապետներ են, որոնք պետք է առաջարկեն, թե նշված կազմակերպությունն ինչպես պետք է փոխվի ապագայում: Ինձ խնդրեցին լինել այդ համաժողովի նախագահը, ես էլ, քանի որ համաձայնեցի, խնդրեցի անվճար հետազոտություն անել Հայաստանի համար օտարերկրյա ներդրումների հետ կապված ծրագիր մշակելու ուղղությամբ: Այդ ծրագիրը մշակվեց և ներկայացվեց Հայաստանի կառավարությանը: Քանի որ կորոնավիրուսը եկավ ապացուցելու այն, ինչ մենք գիտեինք՝ որ աշխարհը փոխվում է, ես կրկին դիմեցի իրենց և առաջարկեցի, որ նախագահի աշխատակազմն աշխատի իրենց հետ և համատեղ վերանայի կամ լրացում կատարի, թե կորոնավիրուսից հետո ինչպիսի առաջարկներ կլինեն: Առաջարկներից մեկն է` արագացնել էլեկտրոնային կառավարման համակարգերը, որոնք կապված են և՛ առողջապահության, և՛ այլ ոլորտների հետ, որովհետև սա անհրաժեշտություն է:

Մյուսը շատ էական խնդիր է և վերաբերում է այն թեզին, որ Դուք առաջ քաշեցիք, որ կոնորավիրուսը փորձություն էր: Մեզանից յուրաքանչյուրը, աշխարհը որպես ամբողջություն, առանձին պետություններն անցնում են այդ փորձությունը: Այդ թեստի եզրակացություններից մեկն այն էր, որ Հայաստանն ունի խնդիր, և դրան պետք է լուծում տա: Այդ խնդիրը պարենի անվտանգությունն է: Եթե մենք այսօր ունենք առողջապահական ոլորտի հետ կապված խնդիր, որն առաջնային է, քանի որ մեր հայրենակիցներն իրենց կյանքն են կորցնում, եթե մենք անհանգստացած ենք այսօրվա և վաղվա տնտեսական խնդիրներով, դրանք միայն մեր խնդիրները չեն, դրանք համաշխարհային խնդիրներ են, և մեր խնդիրներն ավելի են խորանալու, քանի որ ողջ աշխարհն է անցնում հսկայական խնդիրների միջով: Խորհրդային Միության ժամանակ պարենային անվտանգությունը լուծվում էր շատ պարզ ձևով՝ կային պահեստներ, որտեղ, օրինակ, հնդկաձավար կամ այլ մթերք էին պահում վատ օրվա համար, եթե պատերազմ լինի: Պարենային անվտանգությունն այսօր բոլորովին այլ է, և լուծումներն էլ պետք է լինեն այլ: Պարենային անվտանգություն ասելով՝ մենք նախ պետք է հիշենք, որ մենք ունենք երկու դարպաս, մեկը դեպի հարավ՝ Իրան, մյուսը՝ դեպի Վրաստան, և պետք է լավ հիշենք, որ իրականում մենք ունենք շատ մեծ գյուղատնտեսական պոտենցիալ, որը չենք օգտագործում:

Սա շատ պարզ տրամաբանական ձևով կարող է կապվել մեկ այլ խնդրի հետ, որը ժողովրդագրականն է: Երևան քաղաքն արդեն չի կարող բավարարել բոլորիս: Եթե ապրում ես բազմահարկ շենքի ինչ-որ հարկում, առողջապահական իմաստով ընտանիքով այդտեղ մեկուսանալը շատ ավելի դժվար է, քան եթե ապրեիր Երևանից դուրս՝ առանձնատանը կամ փոքրիկ տանը, որն ուներ իր փոքրիկ այգին, քո երեխաները կարող էին դուրս գալ, և դու ավելի անվտանգ պայմաններում կարող էիր անցկացնլ կորոնավիրուսի ժամանակը: Երկրորդը. եթե նայենք, օրինակ, Հայաստանին, Երևանից մինչև Բյուրական 25 րոպեում կարելի է մեքենայով հասնել, մինչև Ծաղկաձոր, Հրազդան՝ մինչև 40 րոպեում, սակայն աշխարհի մեծ քաղաքներում մարդիկ մեկ, երկու, երեք ժամ են կորցնում աշխատանքի գնալու և վերադառնալու համար: Այսինքն՝ Հայաստանը երկիր է, որի բնակիչները, չգիտես ինչու, ուզում են ապրել դրա կենտրոնում:

Եթե Խորհրդային Միության ժամանակաշրջանում մենք ունեինք արդյունաբերական երկիր դառնալու նպատակ, ապա 21-րդ դարում մենք պետք է ունենանք ժամանակակից երկիր դառնալու նպատակ: Ձեր հեռուստաընկերության անվանումը «Երկիր» է, և, եթե ես չեմ սխալվում, տարիներ առաջ ՀՅԴ-ն այսպիսի կոչ ուներ՝ «Դեպի երկիր»: Իհարկե, շատերը վերադարձան երկիր, սակայն շատերի համար «Դեպի երկիր»-ը դարձավ դեպի Երևան: Իմ նախագահության առաջին օրվանից ես խոսում եմ դրա մասին՝ հիշեցնելով, որ եթե ամեն տարի 20 հազար հայ՝ երևանցի, սփյուռքահայ է այցելում Արցախ, ուրեմն մենք խնդիր ունենք: Եթե ամեն տարի 30 հազար մարդ էր այցելում Գյումրի, ուրեմն մենք հսկայական խնդիր ունենք: Որախ եմ, որ անցյալ տարի այդ թիվը կրկնապատկվեց, եռապատկվեց, և սա արդյունք էր խոսելու, քաջալերելու մարդկանց: Իսկ եթե մենք կարողանանք ենթակառուցվածքային խնդիրներ լուծել, եթե Երևանից Գյումրի ճանապարհը կառուցենք և որքան հնարավոր է արագ՝ օգտագործելով նաև այն մարդկանց ներուժը, որոնք այս ժամանակ պետք է Ռուսաստանում լինեին, նախ, աշխատատեղեր կստեղծեինք, երկրորդ՝ կնպաստեինք մեր ընտանիքների կայունությանը: Այսինքն՝ իմ պատկերացրած ապագա Հայաստանում Երևանը պետք է ավելի քիչ բնակչություն ունենա, Գյումրին՝ գոնե կրկնակի, Վանաձորը՝ գոնե կրկնակի, և մենք սովորենք ապրել ավելի բնական պայմաններում:

-Ես հիշում եմ վարչապետի հավաստիացումը, որ Հայաստանը չունի պարենային անվտանգության խնդիր: Նա, կարծեմ, ԱԱԾ տնօրենից էլ մեջբերում արեց, որ եթե նույնիսկ ոչ մի ներմուծում էլ չլինի, խնդիր չի լինի:

-Մենք խոսում ենք երկու տարբեր բաների մասին: Մեկը՝ մեկ կամ երկու ամսվա պարենային պահուստ ունենալու մասին է, մյուսը՝ ռազմավարության, որ Հայաստանը ունենա, և համարվի, որ պարենային անվտանգության քայլեր է կատարել, շատ հարցեր լուծել: Խոսքն այն մասին չէ, թե մենք ինչքան ունենք, խոսքն այն մասին է, թե մենք ինչքան ենք արտադրում: Նախ և առաջ, որքան պարենային մթերք է մեր երկրով անցնում: Օրինակ՝ եթե չվերցնենք Արարատյան դաշտը, ապա լեռնային մասերում չենք կարող ասել, որ ինտենսիվ գյուղատնտեսություն ունենք: Հետևաբար, պոտենցիալը շատ ավելին է, քան մենք արտադրում ենք: Մեկ ուրիշ օրինակ բերեմ: Ես վերջերս հանդիպել էի Արցախի նորընտիր նախագահի հետ, խոսում էինք Արցախում ոչխարաբուծության մասին: Ես վստահ եմ, որ մեծ եղջերավոր անասունների մասին խոսելն անիմաստ է, քանի որ մենք այդ երկիրը չենք, սակայն ոչխարաբուծությունն՝ այո: Եթե այսօր Արցախում 65-70 հազար գլուխ ոչխար կա, Արցախը համապատասխան ներդրումների, քաջալերման ճանապարհով՝ և՛ հարկային, և՛ ֆինանսական, և՛ բանկային, կարող է սկզբունքորեն մի քանի տարվա ընթացքում այդ արտադրությունը հասցնել մինչև կես միլիոնի կամ 600 հազարի: Իսկ սա նշանակում է, որ Արցախը կարող է արտահանել Հայաստան, և Հայաստանն ինքնին կարող է արտահանել հարևան երկրներ, և՝ ոչ միայն:

Ես տեսնում եմ պարենի անվտանգության հարցում մեր հարաբերությունների խորացումը Ռուսաստանի հետ, նաև՝ Վրաստանի հետ, որովհետև կան ապրանքներ, որոնք կարող ենք Վրանստանում վաճառել և, իհարկե, դեպի հարավ, դեպի Պարսից ծոց: Հետևաբար, եթե Հայաստանը որևէ ապրանքի 100 միավորի կարիք ունի, բայց Հայաստանի տարածքով անցնում է, որպես առևտրական գործարք 500 միավոր, այդ դեպքում Հայաստանը շատ ավելի ապահով է, որովհետև ունենալով սեփական հարյուրը, նաև երբ իր տարածքում անցնում է 500, և դժվար օրերին 500-ը եթե իջնի 300-ի կամ 200-ի, միևնույն է, հարյուրը բավարարված կլինի: Սա մեկ: Իսկ ինչ վերաբերում է արտադրությանը, գյուղատնտեսությանը, սա ինքնանպատակ չէ: Եկեք թվային խոսենք, ոչ թե՝ ծրագրային: Իմ ասածը կարող է ընդունեք որպես աբստրակցիա, սակայն դրա մեջ իմաստ կա: Այսօր Արցախի Հանրապետության բնակչությունը մոտավորապես 150 հազար է: Ես վիճակագրության մասին չեմ խոսում, ես վերցնում եմ ինչ-որ թիվ: Պատկերացրեք, որ եթե պատերազմից հետո մենք որդեգրեինք հստակ ծրագիր և աջակցեինք մարդկանց, որպեսզի իրենց տուն- տեղը դնեին Արցախում: Իհարկե, կար այդ ծրագիրը, բայց այն ծավալները չուներ, որը կարող էր ունենալ, որը կարող էինք մենք երազել:

Եթե բնակչությունը 200 հազար կամ 400 հազար լիներ... Եվ այդ 400 հազարը, մտածենք, թե ինչ հսկայական ներդրում կարող էր ունենալ Արցախի տնտեսության մեջ, Հայաստանի տնտեսության մեջ, և, միաժամանակ, պարենային անվտանգության մեջ:

Եվ հետո արցախցիներն արդարացիորեն ասում են, որ Արցախը պաշտպանող բանակը բոլորն են, որովհետև ցանկացած արցախցի մարտիկ է:

- Ես զգուշանում եմ, որ մենք շատ մեծ թեմաների ենք անդրադառնում, որոնցից յուրաքանչյուրը կարող էր առանձին հարցազրույցի թեմա լիներ։ Վախենամ, որ իմ հաջորդ հարցն էլ է նման վտանգով հղի, դրա համար պետք է խնդրեմ, որ միայն ասեք թեզերը։ Իտալական հեռարձակող ընկերության հետ Ձեր զրույցից իմ ուշադրությանն արժանացավ այն հատվածը, երբ ասացիք, թե առաջին բանը, որ պետք է անել՝ կրթական համակարգը փոխելն է, որ դրանք են համավարակից դասերը։ Շատ կարճ եթե ասեք՝ ի՞նչն եք անհրաժեշտ տեսնում փոխել մեր կրթական համակարգում՝ հաշվի առնելով այն, որ տեսնում եք՝ փորձում են առավելագույնս ինտեգրվել Բոլոնյան կրթական համակարգին և այլն։

- Նախ և առաջ իմ պատասխանը միայն Հայաստանի Հանրապետությանը չէր վերաբերում, այլ, ընդհանրապես, ամբողջ աշխարհին։ Աշխարհը փոխվել է, և կրթական մեթոդները ևս պետք է փոխվեն՝ սկսած էլեկտրոնային մեթոդներից, մարդկանց ուղղակի ներգրավվելով պրակտիկ աշխատանքի մեջ: Եթե ուզում ենք փոխել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հասարակական կարգը՝ պետք է նախ և առաջ մտածենք, թե որտեղից սկսենք։ Սկսել պետք է կրթական համակարգից։ Եթե ես երազում եմ, որ N տարի հետո Հայաստանի Հանրապետությունը դառնա աշխարհի առաջադեմ երկրներից մեկն արհեստական բանականության ոլորտում, ապա ես ունեմ մի քանի խնդիր։ Ես չեմ կարող Հայաստանում պարզ ստարտափներ զարգացնել, եթե չունեմ համապատասխան միջավայր, աջակցություն։ Հայաստանում ստարտափերն ունեն աջակցություն, սակայն դա բավարար չէ: Որպեսզի ստարտափները դառնան ընկերություններ, ապա անպայման պետք է վենչուրային ֆինանսավորում լինի և միջավայր, այսինքն՝ մեծ ընկերությունների ներկայություն, որը Հայաստանում չկա։ ATOM ծրագիրը, որը նախագահական նախաձեռնություն է…

- Հաջորդ հարցս հենց այդ մասին է լինելու։ Դուք վերջերս խոսել էիք «Ստարտափերը կորոնավիրուսից հետո» թեմայով և նշել, որ Microsoft-ի, Apple-ի, Siemens-ի, IBM-ի հետ նախնական պայմանավորվածություններ կան ստեղծելու այնպիսի միջավայր, ինչպիսին Սիլիկոնյան հովտում է։

- Ճիշտն ասած Սիլիկոնյան հովտի հետ համեմատությունը, կարծում եմ, սխալ է։ Տվյալ դեպքում պարզ խնդիր է դրված, որ Հայաստանում ստեղծվեն համատեղ ձեռնարկություններ, որոնց չափը կարող է լինել 10, 100 կամ 1000 հոգանոց՝ կախված ընկերությունից։ Նպատակն է՝ աշխարհի մեծագույն ընկերություններին, համալսարաններին բերել Հայաստան և ստեղծել մի միջավայր, որտեղ մենք ոչ թե անիվը նորից ենք հայտնաբերում, այլ աշխատում ենք մեծագույնների հետ, սովորում նրանից։ Ընկերությունների թիվը մոտավորապես 18 է, և դրան դեռևս ավելացված չեն մի քանի ուրիշ երկրների՝ նաև Ռուսաստանի Դաշնության համալսարանները և կենտրոնները, որոնց հետ նախնական խոսել եմ և, հույս ունեմ, որ իրենց և մի քանի ուրիշ երկրների հետ կպայմանավորվենք։

Ցանկանում ենք ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ կամ ՏՏ ոլորտի բարձրագույն որակի զարգացմամբ, որովհետև մենք մեջտեղում չենք կարող լինել։ Մենք փոքր ենք և վերևում լինելու ունակություն ունենք։ Դրա համար պետք է լավագույնների հետ շփվենք։ Որոշների հետ պայմանագիր ենք ստորագրել, որոշների հետ պայմանավորվածություն կա, մյուսների հետ զրուցում ենք։ Այդ բոլոր ընկերություններին առաջին հերթին հետաքրքիր չէ, թե որտեղ է դա լինելու, այսինքն՝ եթե լավ տեղ, լավ ճարտարապետություն լինի, ուրախ կլինեն, բայց առաջին խնդիրը, որ իրենց հետաքրքրում է՝ կրթական համակարգն է։ Եթե ես Հայաստանում ուզում եմ կառուցել բարձր որակի ՏՏ ոլորտ կամ արհեստական բանականության, կենսաբանության, որևէ ցանկացած ոլորտ, ապա պետք է երկու ձեռքով աջակցեմ, որ մեր կրթական համակարգն ունենա համապատասխան մակարդակ և յուրաքանչյուր տարի ստեղծի այն մասնագետներին, որոնք ունեն բարձր որակ և պատրաստ են աշխատանքի անցենլու։ Հակառակ դեպքում ամեն մի ընկերություն ուսանողին երկրորդ կուրսից կվերցնի իր մոտ, կսկսի ինքը կրթել և ինչ-որ պահից կհասնի ինչ-որ սահմանի, որից հետո չի կարողանա աճել։ Ձեր ասած Սիլիկոնյան հովիտ անցյալ տարի իմ այցելության ժամանակ, երբ խոսում էի հայկական հայտնի ընկերությունների մասին, ամերիկյան ընկերությունների հետ, որոնք Հայաստանում մեծ ներկայություն ունեն, նրանք բոլորը մտածում են, որ եթե ես այս երկրում չեմ կարողանալու անհրաժեշտ քանակությամբ երիտասարդ մասնագետներ ձեռք բերել, որոնք կլինեն ընկերության ապագան, ուրեմն այս ոլորոտում ես չեմ կարողանալու առաջ գնալ, ուրեմն կրթական համակարգը ոչ միայն ՏՏ ոլորտում, այլ բոլոր ոլորտներում թիվ մեկ խնդիրն է մեզ համար։

- Պարոն նախագահ, համավարակի հետ ուղղակի կամ անուղղակի առնչվող Ձեր նախաձեռնություններից անցնենք մեկ ուրիշի: Խոսքը «Հայ պարկ» ստեղծելու գաղափարի մասին է, որ Ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ ստեղծվի այսպես ասած մի հիշողության այգի՝ «Հայ պարկ», որը կմիավորի ամբողջ աշխարհի հայերին։ Բացի դրա բազմաթիվ այլ խորհուրդներից, նպատակներից, ինձ ավելի շատ հետաքրքրեց, ներողություն եմ խնդրում, բնապահպանական իմաստը, որովհետև մեր քաղաքը թոքերի, շնչելու կարիք ունի։ Վարչապետն էլ ուներ 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնություն, Դուք՝ 1,5 միլիոնի մասին եք նշել։

- Հարցը ծառերի քանակը չէ։ Տվյալ դեպքում ծառերի քանակը սիմվոլիկ է, որովհետև 1,5 միլիոն զոհ ենք տվել: Այդ այգում եթե նույնիսկ 1,5 միլիոն ծառ լինի, մենք կարող ենք այդ փաստը շատ ճիշտ, գեղեցիկ ներկայացնել, ասելով՝ 1,5 միլիոն զոհ՝ 1,5 միլիոն ծառ։ Իրականում մի քանի նպատակ ունի։ Նախ և առաջ ունենք հուշահամալիր, որը շատ ազդեցիկ է, բլրի գագաթին, այնտեղից Արարատն է երևում, բայց ինչ-որ տեղ ավարտվում է։ Դեպի ցած նայող հատվածում այգի չէ, մացառուտներ, անտառ է, որտեղ ժամանակին ծառեր են տնկել, բայց այդպես էլ այգի չի դարձել։ Այգին կառուցված է լինելու մի քանի շերտից, որոնցից մեկը Արևմտյան Հայաստանի մեր տարածքներն են, մյուսը՝ մեր աշխարհասփյուռ կենտրոնները, ասենք՝ Մոսկվա, Նոր Նախիջևան, Մարսել, Լոս Անջելես, Բեյրութ և այլն, իսկ երրորդը՝ մենք, ովքեր այստեղ ենք ապրում, Երևանի պետական համալսարան, Գյումրի, Արցախ։ Արցախցիները, գյումրեցիները, համալսարանի ուսանողները կգան իրենց ծառերին տիրություն անեն։ Խոսքը միասնական գործ անելու մասին է. մի բան, որ այսօր շատ էական է։ Դա կարևոր է բոլորի, նաև՝ մեր հասարակության համար։ Խոսքը նաև հանդուրժողականության մասին է, խոսելու և լսելու ունակության մասին։

- Ենթադրում եմ, որ այդ նախաձեռնությունը կմիավորի բոլորին, անկախ՝ քաղաքական դաշտի ո՞ր հատվածում ես։

- Տվյալ դեպքում, երբ խոսում ենք Եղեռնի, ազգային այգու մասին, թե դու ինչ քաղաքական մտքեր, գաղափարներ ունես կամ, նույնիսկ, ինչ հոգևոր արժեքներ ունես, դառնում են երկրորդական, որովհետև մեզ բոլորիս պետք է միավորի այն գաղափարը, որ միասին ստեղծում ենք մի բան, որն ուղղված է ոչ միայն պատմությանը, հիշատակին, ոչ միայն պահանջատիրական է, տեղի ունեցածի մասին բարձրաձայնելու մասին է, այլ նաև՝ ուղղված է դեպի ապագան։

Եղեռնից 105 տարի հետո ժամանակն է, որ նշենք, որ մեր ազգին ոչնչացնելու ծրագիր կար, որը չհաջողվեց: Կային մարդիկ, որոնք պայքարեցին, կենդանի մնացած մեր հայրենակիցներն անցան դժոխքի միջով՝ առանց հայրենիք, առանց անձնագիր, առանց դրամ, կորցրած իրենց ընտանիքի անդամներին, բայց գոյատևեցին աշխարհի տարբեր երկրներում՝ Սիրիայից մինչև Միացյալ Նահանգներ և Ռուսաստան։ Սա ինչ-որ իմաստով հայկական հոգու և ոգու հաղթանակ է։ Իհարկե, բնապահպանական հարցը շատ էական է։ Նախ և առաջ, մենք այգու անհրաժեշտություն ունենք։ Կորոնավիրուսն ապացուցեց, որ այգիներ, որտեղ մենք կարող ենք զբոսնել, Երևանում համարյա չկան կամ շատ քիչ են։ Մեծ այգու կարիք ունենք, բայց եղած անտառին, մացառուտին պետք է շատ ուշադիր վերաբերվենք։ Ծրագրով ես դեռևս 2012 թվականին եմ զբաղվել, վարձել եմ Եվրոպայի ամենահայտնի այգիների դիզայներներից մեկին՝ լորդ Ռենդլ Սիդլիին (Randle Siddeley)։ Գաղափարը հետևյալն է. յուրաքանչյուր ծառ և թուփ պետք է գրանցվի։ Վեհափառի հետ մենք ճիշտ նույն ձևով վարվեցինք Մայր Աթոռի հարևանությամբ գտնվող Էջմիածնի քաղաքային այգու հետ։ Վեհարանը վերցրեց այդ այգին, և ես անձամբ պարտավորվեցի ֆինանսավորել, որ այդ այգին վերակառուցվի։ Գիտե՞ք, առաջինը ինչ արեցինք։ Ստեղծեցինք այգու քարտեզ, և յուրաքանչյու թուփ, ծառ գրանցված է, նշված է ծառի անվանումը, թե քանի տարեկան է, ինչպիսի առողջական վիճակ ունի։ Ծառերը և թփերը չպետք է կտրվեն, այսինքն, նոր այգին պետք է կառուցվի վերականգնելով, ուժեղացնելով հինը։ Ճիշտ նույն սկզբունքով պետք է վերաբերվենք նաև «Հայ պարկին» և եղած ծառերից ու թփերից ոչ մեկին չպետք է ձեռք տալ։

- Ճշտում ուղղակի։ Ձեր աշխատակազմը Ձեր անունից հայտարարություն էր տարածել, որ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է քաղաքացիական հասարակության հետ մասնակցել Դալմայի այգիներում կանաչ գոտի ստեղծելու նախագծի մշակմանը։ Սա զուգահե՞ռ ինչ-որ գործընթաց է, թե...

- Սա շատ պարզ պատասխան ունի։ Բնապահպանների մի առանձին խումբ ինձ նամակ էր գրել, որը հարյուրավոր նամակների շարքից է, որովհետև «Հայ պարկի» առիթով ես նման նամակներ ստացել եմ տարբեր կազմակերպություններից, երկրներից՝ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, եկեղեցուց, անհատներից: Նամակներ եմ ստացել նաև մեր բնապահպաններից, որոնք, քաջալերելով «Հայ պարկի» գաղափարը, ասում են՝ ի՞նչ կլինի Դալմայի այգիների հետ։ Ես իրենց ասացի, որ, իմ պատկերացմամբ, մեկը մյուսի հետ առնչություն չունեն, և, միաժամանակ, եթե մեկի փոխարեն երկու մեծ այգի ունենանք, շատ ավելի լավ կլինի։ Դալմայի այգիների տարածքում կառուցել «Հայ պարկը», որը կապված է Եղեռնի կամ ազգային միասնության հետ, չեմ կարծում, որ ճիշտ տեղն է։ Ճիշտ տեղը հենց այն վայրն է, որտեղ համալիրն է։ Դալմայի այգիները, եթե ինձ հարցնեին, ես կասեի, որ գուցե լինի այգի, որն ուղղված լինի ապագային, երիտասարդությանը, լինի այգի, որտեղ ապագայի թանգարան կամ գիտությունների թանգարան կկառուցվի, բայց լինի այգի:

- Ձեր նախաձեռնություններից ևս մեկին կցանկանայի անդրադառնալ, այն գյումրեցի մեծ մտածող, փիլիսոփա Գյուրջիևի տունը նորովի կառուցելու կամ վերակառուցելու մասին է։ Անկեղծորեն, չեմ պատկերացնում, թե համավարակի այս պայմաններում հնարավոր է։ Ճիշտ է, շինարարությունը թույլատրված գործունեության մեջ է։ Ինչ-որ բան արվո՞ւմ է այդ առնչությամբ։

- Նախ և առաջ, խոսքը Գյուրջիևի տունը վերականգնելու և տուն-թանգարան սարքելու մասին չէ։ Մենք Հանրապետության վարչապետին և կառավարությանը առաջարկ ենք ուղարկել՝ որպես նախագահական նախաձեռնություն, ըստ որի՝ Հաղթանակի այգու շրջակայքում կա որոշակի տարածք, որտեղ ժամանակին զինվորական զորամաս է եղել, որը հիմա չկա։ Առաջարկությունը հետևյալն է՝ այդտեղ կա երկու հին շենք և մեծ տարածք... Գյուրջիևի անվան հետ կապված այգի ստեղծել, այլ ոչ թե տուն-թանգարան։ Ծրագրով առաջարկվում է նաև այդտեղ կառուցել համերգասրահ, գրադարան և հյուրընկալել ոչ միայն Գյուրջիևի հետ կապված անհատներին, այլ նաև հյուրընկալել ցանկացած այլ մշակույթային միջոցառում։ Սա առաջարկ է։ Եթե այն ընդունվի, ապա, ինչպես «Հայ պարկի» դեպքում, համապատասխան հիմնադրամ կստեղծվի, և ես իմ ներդրումը կանեմ և՛ նյութական, և՛ ժամանակի իմաստով, պատրաստ կլինեմ ուրիշների հետ միասին այդ երկու ծրագրերն իրականացնել։

Ինչու՞ Գյուրջիև։ Գյուրջիևը համաշխարհային ճանաչում ունի։ Ես նրա կենսական փիլիսոփայության հետևորդներից չեմ, բայց տեսել եմ, թե ինչ հսկա լսարան ունի, հիմնականում՝ մտավորականններ տարբեր երկրներից, հարյուրավոր, հազարավոր մարդիկ Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում։ Նրանք Գյուրջիևին վերաբերվում են շատ զգացական, և եթե հնարավոր լինի նրանց գրավել դեպի Գյումրի, նախ և առաջ, քաղաքական, տնտեսական կապերի, տուրիզմի առումով...Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, որոնք կգնան Գյումրի միայն նրա համար, որ այդ քաղաքն իրենց սիրելի Գյուրջիևի ծննդավայրն է։ Ինչ- որ իմաստով այդ քաղաքը պահում է Գյուրջիևի փիլիսոփայության էլեմենտները, որովհետև Գյուրջիևը վերցրել է աշխարհի, տարածաշրջանի տարբեր մշակույթներից, երգերից, պարերից, փիլիսոփայությունից և ստեղծել այսպես կոչված կյանքի փիլիսոփայության խառնարան, որի մեջ կան նաև երգեր, եթե ուշադիր լսեք, դրանց մի մասը նաև հայկական են։ Գյումրու հոտն ու համը հազարավոր մարդկանց կբերի։

- Պարոն նախագահ, պայմանավորվածությունն այնպիսին էր, որ մենք այս զրույցի ընթացքում չենք անդրադառնալու որևէ ներքաղաքական, խիստ ներքաղաքական հնչեղություն ունեցող հարցերի, թեև շատ հարցեր կան և՛ հանդուրժողականության մթնոլորտի, և՛ ատելության խոսքի վերաբերյալ: Բայց վերջում չեմ կարող, այնուամենայնիվ, մի հարց չտալ, որը վերաբերում է Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիային։ Եղան քննադատություններ, որ այդ կոնվենցիային չեն նախորդել հանրային քննարկումներ։ Հետաքրքիր է, թե ո՞րն է լինելու Ձեր գործողությունը՝ ստորագրելու՞ եք արդյոք այն, ի՞նչ եք անելու։

-Երբ որևէ օրենք ստորագրեմ կամ չստորագրեմ, Դուք դրա մասին կիմանաք։ Սա զգայուն հարց է, որովհետև վերաբերում է երեխաներին, նրանց պաշտպանությանը, կրթությանը։ Ունի որոշակի նրբություններ։

Կոնվենցիան 47 երկիր ստորագրել է, 45-ը վարերացրել է՝ սկսած Ռուսաստանից մինչև եվրոպական երկրներ: Մեր հարևան երկները ևս վավերացրել են։ Ադրբեջանը վավերացնելով որոշակի հայտարարություն է արել երեք կետով, որը, կարծում եմ, կլինի մեր արտգործնախարարության ուշադրության կենտրոնում:

Մի քանի շեշտադրում. նախ և առաջ, սա կոնվենցիա է, այլ ոչ օրենք: Որպես անհատ, որպես նախագահ ես էլ կուզենայի, որ կոնվենցիան, որ իմ առջև դրված է, լիներ ինչ-որ փաստաթուղթ, որը կտար որոշակի պատկերացումներ, ուղեցույց, թե մենք կոնվենցիայի սահմաններում ինչպիսի գործողություններ ենք անելու, ունե՞նք արդյոք հայեցակարգ։ Տարբեր երկրներ այդ կոնվենցիան ընդունելուց հետո տարբեր ձևով են վարվում։ Կան երկրներ, որոնք զբաղվում են կրթությամբ 7-րդ դասարանից սկսած, կան երկրներ՝ 4 տարեկանից, կան երկրներ, որ ասել են՝ մենք հինգ կամ տասը դպրոցում փորձնական կանենք։ Կան երկրներ, որոնք ասում են՝ քանի որ կոնվենցիան հստակ ասում է, որ կրթական մասը պետք է ընդունելի լինի ծնողների համաձայնությամբ, ապա եկեք կրթական մասը հանձնենք ծնողներին կամ նրանց մասնակցությամբ իրականացնենք։ Ուրեմն, հնարավորությունները տարբեր են։ Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե մենք ինչ ճանապարհով ենք գնալով։ Սա ինձ համար կարևոր անհանգստություն է։

Ինչ վերաբերում է այս կոնվենցիայի իրավական մասին, ուրեմն, ցանկացած օրենք, որ դրվում է Հանրապետության նախագահի սեղանին, ունի երկու լուծում՝ նախագահը կարող է այն 21 օրվա ընթացքում ուղարկել Սահմանադրական դատարան, իսկ մյուսը՝ ստորագրել։ Սահմանադրական դատարանն իր կարծիքն արդեն ասել է, որ սահմանադրական հակասություններ չի տեսնում, հետևաբար, նախագահին մնում է ընդամենը մեկ ընտրություն՝ ստորագրել։ Եթե նույնիսկ նախագահը չի ստորագրում, միևնույն է, Ազգային ժողովի նախագահը կարող է այն ստորագրել, և օրենքը մտնում է ուժի մեջ։ Հետևաբար, իմ ստորագրելը կամ չտորագրելը որոշող նշանակություն չունի։ Հույս ունեմ, որ կոնվենցիայի մասին այս քննարկումները կդառնան հանրային քննարկման ոչ թե ավարտը, այլ՝ սկիզբը։ Սա շատ կարևոր է, որովհետև խոսքը վերաբերում է մեր երեխաներին և, իհարկե, մենք մեր մշակույթով շատ ենք տարբերվում այն մնացած 46 երկրներից, որոնք ստորագրել են կոնվենցիան։ Նրանցից յուրաքանչյուրը ընդունելու, ստեղծելու է այն լուծումները, որոնք համապատասխանում են իրենց պետությանը, պետականությանը, մշակույթին և իրենց պատկերացումներին ապագայի և իրենց երեխաների մասին։

- Շնորհակալ եմ, պարոն նախագահ, մեր հրավերն ընդունելու համար։ 

← Վերադառնալ